Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված գյուղացուն վաղը կվիրահատեն


Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված Մովսես գյուղի բնակիչ Լևոն Անդրեասյանին վաղը կվիրահատեն, «Ազատության»-ը փոխանցեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ Արտաշես Խաչատրյանը։

«Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, վիճակն այս պահին կայուն է, վաղը կկատարենք ծնկան հոդի՝ ազդրի վիրահատություն։ Բարդ վիրահատություն է, կտևի մոտ երկու ժամ, որովհետև բազմաբեկոր, ջնջխված կոտրվածք է», - ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե հիվանդի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, նա պատասխանեց, որ որպես վնասվածք՝ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հավելեց. - «Բայց հաշվի առնելով վնասվածքի բնույթը, տարիքը՝ դե, բնականաբար, իրադրությունն արդեն ռիսկ է։ Տարիքային ֆակտորը, ընդհանուր ավշային անոթների փոփոխությունները՝ տարիքի հետ կապված, այդ պահով, իհարկե, վտանգ կա»։

Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Անդրեասյանը Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է երեկ, երբ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Նա Բերդի հոսպիտալում առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվեց Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Այսօր երեկոյան Հայաստանի քննչական կոմիտեից փոխանցեցին, որ միջադեպի կապակցությամբ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ ««ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG