Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև բանաստեղծ է


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Պեկին, 2-ը փետրվարի, 2015թ․
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Պեկին, 2-ը փետրվարի, 2015թ․

Պոետ Լավրովը ռուսական քաղաքական շրջանակներում «մրցակիցներ» էլ ունի:

Դիվանագետը նաև պոետ է. "Русский пионер" ամսագիրը տպագրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեք բանաստեղծությունները՝ պանդխտության, արտերկրում բախտ փնտրող հայրենակիցների մասին:

«Կադրային դիվանագետը արտասահմանի մասին կարող է երկար պատմել՝ չբացահայտելով անգամ «դիվանագիտական խոհանոցի» գաղտնիքները: Բայց դա կդառնա դիվանագիտական առօրյայի մասին պատմող արձակ ստեղծագործություն», - նախաբանում կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարը և որոշել չափածոյի օգնությանը դիմել՝ ցույց տալու համար, թե քաղաքացիական դիրքորոշման ձևավորման տարբեր փուլերում արտերկրի թեման ինչպես է ընկալել իր սերունդը:

Ամսագրում զետեղված առաջին բանաստեղծությունը Լավրովը գրել է 1995 թվականին, երբ, ինչպես բարձրաստիճան դիվանագետն է նշել, «թվում էր, թե ամբողջ երկիրն արտասահման է հոսում»:

Այս աշխարհում ոչինչ էլ նոր չէ,
Միայն Հայրենիքի կանչն է քաղցրացել:
Էմիգրանտ՝ ռուսերեն բառ չէ,
Բայց արդեն հարազատ է դարձել:
Վերջին կես դարում, ալիքներ երկու
Օտար ափերին մոտեցան:
Հայրենիքը նրանց մտրակեց,
Որ օտար աստվածներ չփնտրեն:
Քանի-քանի ճակատագիր
Շրջապտույտում խեղդվեց, փրկվեց:
Բայց ռուսական տանջահար հողից
Երրորդն է հիմա բարձրանում:
Սուրբ ջրհորները չորացան,
Եվ մոգերն են շրջանցում,
Իսկ Ռուսաստանը կրկին անհանգիստ՝
Բարձրացնում է ալիքն ալիքի հետևից:
Եվ ճակատագիրն ինչպես չարքը ժպտում է,
Եվ չի զգում կորուստը:
Իսկ եթե վերջի՞նը դառնա
Այս երրորդ սարսափելի ալիքը:
Ափսեին սուրճի մրուրի շիթեր,
Գուշակիր, ո՞ւր են այրված կամուրջները,
Որտե՞ղ են կամուջները դարձի
Վերջին ալիքի էմիգրանտների:

Տպագրված մյուս երկուս բանաստեղծությունները, Լավրովի խոսքով, նվիրված են 80-ականների վերջին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում աշխատանքի անցած, ապա 90-ականների կեսին առաքելությունն ավարտած ու Ռուսաստան վերադարձած ընկերոջը:

Պոեզիայով Սերգեյ Լավրովը վաղուց է տարված, իր հայրենի բուհի՝ Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտի հիմնի տեքստը նույնպես նա է հեղինակել:

Պոետ Լավրովը ռուսական քաղաքական շրջանակներում «մրցակիցներ» ունի․ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանաստեղծություններ է գրում նաև Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ով 2012-ին անգամ բանաստեղծությունների ժողովածու է հրատարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG