Մատչելիության հղումներ

Հունաստանի նոր կառավարությունը «չի պատրաստվում դիմել որևէ կտրուկ գործողության»


Բելգիա - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ, 4-ը փետրվարի, 2015թ․

Բելգիա - Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ, 4-ը փետրվարի, 2015թ․

«Մեր նպատակը գործող շրջանակի որոշակի շտկումն է, այլ ոչ թե դրա ամբողջական խաթարումը», - Բրյուսելում հայտարարել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Հունաստանի նոր ձախակողմյան կառավարության անդամները փորձում են վստահեցնել իրենց եվրոպացի գործընկերներին` պաշտոնական Աթենքը չի պատրաստվում դիմել որևէ կտրուկ գործողության, ասենք՝ միակողմանիորեն լքել եվրոյի գոտին կամ հրաժարվել տարիների ընթացքում կուտակած բազմամիլիարդ պարտքի սպասարկումից:

Այս մասին չորեքշաբթի օրը Բրյուսելում` Եվրոպական խորհրդարանում հայտարարեց Հունաստանի նորանշանակ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, նշելով, որ իր ղեկավարած կառավարության հիմնական նպատակը Հունաստանի և առաջատար եվրոպական պարտատերի շահերի միջև ոսկե միջին գտնելն է:

«Մենք մեր նպատակներն ունենք: Նախ և առաջ, մենք պետք է հարգենք Հունաստանի քաղաքացիների ինքնիշխան իրավունքները և վստահության այն մանդատը, որ մեզ է տվել հույն ընտրողը: Դրա հետ մեկտեղ, մենք հարգում ենք Եվրամիության ներսում գործող կանոնները: Մեր նպատակը գործող շրջանակի որոշակի շտկումն է, այլ ոչ թե դրա ամբողջական խաթարումը: Ես վստահ եմ, որ այդ շրջանակներում մենք ի վիճակի կլինենք կենսունակ լուծումներ գտնել», - հայտարարում էր Ցիպրասը:

Աթենքում, ի դեպ, կենսունակ լուծում ասելով նկատի ունեն Հունաստանի ավելի քան 200 միլիարդ եվրո կազմող պետական պարտքի մոտ մեկ երրորդի զրոյացումը: Նման առաջարկով այս շաբաթ Լոնդոն կատարած այցի ընթացքում հանդես եկավ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը: Հույն նախարարը բրիտանական ITN հեռուստաընկերության եթերում նշում էր․ - «Մենք գործ ունենք տարբեր եվրոպական կառավարությունների հետ, որոնց նպատակը, սակայն, մեկն է` փոխշահավետ այնպիսի համաձայնության գալ, որի շնորհիվ հնարավոր կլինի նվազեցնել ճգնաժամի բացասական հետևանքները միջին վիճակագրական եվրոպացու, այլ ոչ թե միայն հույնի կամ միայն գերմանացու համար»:

Ի դեպ, Ցիպրասի կառավարությունը փորձում է փոխզիջումային առաջարկներով հանդես գալ ոչ միայն եվրոպական, այլև թուրքական ուղղությամբ: Վարչապետի պաշտոնում առաջին այցը Ալեքսիս Ցիպրասը կատարեց Կիպրոս: Նիկոսիայում նա բոլորի համար անսպասելիորեն հանդիպել է ոչ միայն կղզու հունական հատվածի ղեկավարների, այլև թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության տարածքում գործող քաղաքացիական շարժումներից մեկի` «Ֆամագուստայի նախաձեռնության» անդամներին Ցիպրասը ընդունել է Նիկոսիայում գտնվող այն հյուրանոցում, որտեղ իջևանել էր հունական պատվիրակությունը:

«Այս հանդիպումը, իհարկե, առավելապես խորհրդանշական բնույթ ուներ: Բայց պետք չէ մոռանալ, որ այն առաջինն էր երկկողմ հարաբերությունների պատմության ողջ ընթացքում», - Sabah-ի թղթակցին ասել է հանդիպման թուրք մասնակիցներից մեկը` Օքան Դաղլըն: «Ամեն դեպքում, սա դրական նշան էր: Նախկինում Կիպրոս ժամանած Հունաստանի վարչապետերից և ոչ մեկը չէր ընդառաջել հանդիպման մեր առաջարկներին», - նշում է կիպրոսցի թուրք ակտիվիստը:

XS
SM
MD
LG