Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյանը պահանջում է հրապարակել ՌԴ դատախազին ուղղված նամակի տեքստը


Ռուսական կողմից, ըստ Փոստանջյանի, դատախազը պետք է հստակ պահանջեր Պերմյակովին փոխանցել հայկական կողմին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջում է գլխավոր դատախազից հրապարակել ռուս գործընկերոջն ուղղված դիմումի տեքստն ամբողջությամբ՝ ընդգծելով, որ հրապարակված տեղեկատվությունից պարզ չի դառնում, արդյոք Կոստանյանը ռուսական կողմի առջև դրել է Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջ:

Գևորգ Կոստանյանը՝ Գյումրիում իր խոստումից 20 օր անց ի վերջո երեկ դիմեց Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ պահանջը Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու մասին է:

Զարուհի Փոստանջյանն ասում է՝ սպանության փաստով Հայաստանի իրավապահները արդեն իսկ գործ հարուցել են: Ռուսական կողմից,ըստ Փոստանջյանի, դատախազը պետք է հստակ պահանջեր Պերմյակովին փոխանցել հայկական կողմին:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց․ եթե գործի վարույթը ռուսական կողմի մոտ է, ապա ի՞նչ գործ են քննում Հայաստանի իրավապահները:

«Ի՞նչ վարույթը փոխանցելու մասին է խոսքը, երբ Հայաստանի քննչական կոմիտեն բազմիցս ասել է, որ ինքն է վարում սպանության գործը, գործ է հարուցել սպանության դեպքի առիթով, նույնիսկ տուժողների իրավահաջորդներ են ներգրավվել գործում, և անընդհատ խոսում են նախաքննությունը շարունակելու մասին: Այսինքն, եթե վարույթը Ռուսաստանում է, բա Հայաստանի քննչական կոմիտեն ի՞նչ գործ էքննում: Եվ ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը պատրաստվո՞ւմ է պաշտոնապես պահանջել, որ ապօրինությունը վերացվի և Պերմյակովը փոխանցվի Հայաստանի իրավապահ մարմիններին», - ասաց Փաշինյանը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, թե Գևորգ Կոստանյանը հարցրին անդրադարձել է խորհրդարանական լսումների ժամանակ և ինքը հավելյալ մեկնաբանություններ չի անի:

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ հարցը իրավական, այլ ոչ թե քաղաքական հարթությունում է․ առաջին քայլը գլխավոր դատախազը կատարել է, այժմ պետք է զինվել համբերությամբ և սպասել:

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասում է՝ իրենք ժամանակին հայտնել են իրենց տեսակետը՝ ամբողջովին համաձայն են հանրության պահանջի հետ, թե դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանի իրավական տիրույթում։ Պատգամավորը զարմանում է, թե ինչու այսքան ուշացավ դատախազի դիմումը ու նաև հարց է բարձրացնում, թե ի՞նչ կլինի,եթե ռուսական կողմը մերժի այն:

«Մերժման պարագայում հասարակական դժգոհությունը շատ ավելի մեծ կդառնա: Ես չեմ կարող մտնել զուտ իրավական նրբությունների մեջ, բայց նման նախադեպեր են եղել և ես կարծում եմ , որ այդ անձը պետք է դատապարտվեր Հայաստանի իրավական տիրույթում», - ասաց Վարդանյանը:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չմեկնաբանեց գլխավոր Դատախազի դիմումն՝ ասելով, թե ծանոթ չէ բովանդակությանը:

Արդյոք «Բարգավաճ Հայաստանը» բավարա՞ր է գնահատում դատախազի այս դիմումը՝ գործի վարույթը փոխանցելու վերաբերյալ: Խմբակցության անդամ Վահե էնֆիաջյանն ասում է, որ այժմ կարևոր է գործընթացի հրապարակայնությունն ապահովելը:

«Ես հիմա ամենաառաջին հերթին մեր պահանջը պետք է լինի հրապարակային գործընթացը», - ընդգծեց Էնֆիաջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG