Մատչելիության հղումներ

Եռյակը դժգոհ է կառավարության աշխատանքից, բայց վարչապետի հրաժարականը չի պահանջի


Պետական պարտատոմսերի վարկանիշի անկում, միջազգային պահուստների 33 տոկոս կրճատում, կանխատեսված տնտեսական աճի ու հարկահավաքման թերակատարում։ Անցած տարվա այս ցուցանիշները քննադատելով հանդերձ՝ ոչ իշխանական եռյակը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարց չի քննարկում։

Աբրահամյանի հետ խնամիական կապեր ունեցող Ծառուկյանի գլխավորած կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ընդգծում է՝ 2014թ բյուջեն թերակատարվել է ավելի քան 8.5 միլիարդ դրամով։ Եթե դրան էլ գումարվի կանխատեսված տնտեսական աճի շեմն ու գնաճը, ապա բյուջեն հսկայական գումարներ է կորցրել։

«2014 թվականի համար 5.2 տոկոս էր նախատեսվել տնտեսական աճը։ Հիմա պարզ է, որ 3 տոկոս լավագույն դեպքում կարող է լինել։ Այդ 2.2 տոկոսը մոտ 35 միլիարդ դրամ է»,- «Ազատությանը» ասաց պատգամավորը։

Թվարկելով Հովիկ Աբրահամյանի կառավարության ձախողումները՝ ԲՀԿ պատգամավորը միաժամանակ վարչապետի մեղավորություն այդտեղ չի տեսնում։

«Չէ, դե տենց անձով չենք ասում, ընդհանուր առմամբ կառավարության քաղաքականությունն է»,- ասում է Մելքումյանը։

Ստվերի դեմ պայքար ու մարդակենտրոն կառավարություն խոստացած Հովիկ Աբրահամյանը եղել է, կա և կմնա ձախողումների հիմնական դերակատարներից մեկը, վստահեցնում է եռյակի անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։Ըստ պատգամավորի՝ Կոնգրեսն ամեն առիթով խոսել ու խոսելում է այդ մասին, սակայն ՀԱԿ-ը ևսկառավարության կամ Հովիկ Աբրահամյանի հրաժարական չի պահանջում, քանի որ գործադիրին ու վարչապետին առանձին մարմին չեն դասում։

«Հովիկ Աբրահամյանը ընդամենը այս կեղեքիչ իշխանության կառավարություններից մեկն է։ Ոչ Հովիկ Աբրահամյանից առաջ է լավ եղել, ոչ Հովիկ Աբրահամյանի ժամանակ լավ կլինի, ոչ էլ Հովիկ Աբրահամյանից հետո, եթե Սերժ Սարգսյանը կամ հանրապետական իշխանությունը շարունակում է մնալ»,- ասում է Զուրաբյանը։

Կառավարությանը քննադատող, բայց Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չպահանջող կուսակցություններից է նաև «Ժառանգությունը»։ Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տեղյակ չէ՝ արդյոք եռյակը հանդիպումներ ունեցել է Հովիկ Աբրահամյանի հետ և կուլիսային որևէ համաձայնության եկե՞լ է վերջինիս հետ։ Գործընկեր պատգամավորների նման Հակոբյանը նույնպես երկար թվարկում է տնտեսության մեջ առկա բացասական երևույթներն ու դրանից բխող հետևանքները։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է եռյակը խուսափում առճակատման գնալ վարչապետի հետ և պահանջել նրա հրաժարականը, «Ժառանգության» ղեկավարը մաթեմատիկայի լեզվով պատասխանեց։

«Գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում։ Եթե նույնիսկ լավագույն մասնագետը հիմա նշանակվի վարչապետ, միևնույն է ոչինչ չի փոխվի։ Ձեզ թվում է՝ այդ կառավարությունում խելացի մարդիկ չկա՞ն։ Կա՛ն։ Բայց համակարգը այնպիսի է, որ նրանք չեն կարող արժանապատվորեն իրենց աշխատանքը իրականացնել»,- ասում է Հակոբյանը։

Եռյակի և վարչապետի միջև հարաբերությունների համատեքստում ուշագրավ էր շաբաթվա սկզբին վարչապետի խորհրդարան գալը։ Շրջանառության հարկի շուրջ բողոքի ցույցերից հետո եռյակը հետևողականորեն պահանջում էր Հովիկ Աբրահամյանին խորհրդարան հրավիրել, հանրապետական Գալուստ Սահակյանը, սակայն մերժում էր։ Չնայած դրան՝ եռյակի մատնանշած ժամին վարչապետն, այդուամենայնիվ, Ազգային ժողով եկավ, եռյակն էլ համաձայնեց փոխզիջման գնալ ու առայժմ արտահերթ նիստ չհրավիրել վիճահարույց օրենքը քննարկելու համար։

XS
SM
MD
LG