Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ պատգամավորների խումբը փաստահավաք առաքելությամբ կմեկնի Ղարաբաղ


Բերձորի միջադեպի կապակցությամբ Ազգային ժողովը երկու օրից փաստահավաք առաքելություն է ուղարկելու Լեռնային Ղարաբաղ: Հստակ չէ, սակայն, թե ինչ է հետևելու պատվիրակության վերադարձին:

Պատվիրակության կազմում երկուական պատգամավորներ ունեն բոլոր խմբակցությունները՝ բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի:

Հանրապետականից մեկնելու են Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մեկնում են հասկանալու, թե ի՞նչ է տեղին ունեցել իրականում․ - «Պարզել որոշակի հանգամանքներ, մեր գործընկերների հետ քննարկել իրավիճակը, և դրա հիմա վրա արդեն կարծիքը ձևավորել»:

Հարցին, թե ինչ է անելու Ազգային ժողովը, արդյոք դիմելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իրավապահներին՝ գործը քննելու կոչով, երբ պատվիրակությունը վերադառանա ու ներկայացնի արդյունքները, Նահապետյանն արձագանքեց․ - «Դեռ վաղ է նման բան ասել: Գնահատականը դեռ վաղ է տալ․․․Այցի ավարտից հետո, նոր արդեն գնահատականներ կտրվեն»:

Չնայած բազմաթիվ մարդիկ մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել, ջարդուփշուր են արվել տասնյակից ավելի ավտոմեքենաներ, հրապարակվել են այդ ամենը պատկերող լուսանկարներ ու տեսանյութ, երթի մասնակիցները հայտարարում են, որ իրենց մոտից տեսախցիկներ, բջջայիններ և գումար են գողացել, սակայն միջադեպից 5 օր անց էլ որևէ տեղեկություն չկա քրեական գործ հարուցելու մասին:

Այն, ինչ հայտնի է այս պահին, Լեռնային Ղարաբաղի նախագահի՝ միջադեպից 4 օր անց բարձրաձայնած ափսոսանքն է ու ծառայողական քննություն անցկացնելու հրահանգը և դրանից առաջ այդ հրապարակված Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հայտարարությունը, թե «հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների»:

Եթե չհաշվենք խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը, Հայաստանի իշխանությունները, իրավապահ մարմինները լռությամբ արձագանքեցին տեղի ունեցածին:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց խմբակցությունից մեկնելու են Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը:

«Ես այս պահին ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց: Մինչև մեր պատգամավորները կվերադառնան և կտրամադրեն օբյեկտիվ տեղեկություն, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է սադրել, ինչն է եղել պատճառը և ինչ խնդիր կար, որ առաջացրել է նման անհամաչափ հակազդեցություն», - հավելեց Զոհրաբյանը՝ եզրափակելով․ - «Պատվիրակության վերադարձից հետո խորհրդարանը կորոշի՝ իր վերաբերմունքը ինչ կերպ և ինչ ձև արտահայտել»:

Թե ինչ կարող է անել Ազգային ժողովը պատվիրակության վերադարձից հետո, «Ազատության» հետ զրույցում թվեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, ով Ռուբիկ Հակոբյանի հետ միասին նույնպես մեկնելու է Ստեփանակերտ․ - «Վստահաբար կլինեն և հաշվետվության նման խնդիրներ․ թե գնացինք ինչ տեսանք, ինչ իմացանք: Վստահաբար երևի կմտածենք, թե ինչ գործողություններ, ինչ բացեր ունենք անելու: Բնականաբար, նաև պետք է հասկանանք ինչպես անենք, որ նմանատիպ դեպքերի ժամանակ մեղավորները ստանան իրենց համապատասխան պատիժները: Եվ դա ոչ միայն հայտարարության մակարդակի խնդիր պետք է լինի, այլ նաև գործողությունների»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ մերժել են Ստեփանակերտ ներկայացուցիչներ ուղարկելու առաջարկը՝ փաստարկելով․ - «Այդ գազանության համար, որը տեղի է ունեցել Բերձորում, պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի իշխանության իրավապահ մարմինները: Իրականում ընդհակառակը, պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություները և պատգամավորները մտահոգված լինեին իրավիճակը փոխելու ցանկությամբ: Այսինքն՝ նրանք պետք է ունենային այդ ցանկությունը, նրանք պետք է գային մեր հետ հանդիպման, և մենք քննարկեինք: Բացատրություններ տրվեին, թե ինչու են այդպես գործել իրավապահ մարմինները: Ինչո՞ւ չէ՝ ներողություն խնդրեին կատարվածի համար»:

XS
SM
MD
LG