Մատչելիության հղումներ

ԼՂ փոխվարչապետը դատապարտում է Բերձորի բռնությունների տեսանյութի տարածումը


Արթուր Աղաբեկյանը Արցախի հանրային հեռուստաընկերության տաղավարում

Արթուր Աղաբեկյանը Արցախի հանրային հեռուստաընկերության տաղավարում

Բերձորի միջադեպի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցությունից ժամեր անց Ղարաբաղի միակ տեղական հեռուստաընկերությունը զրույցի է հրավիրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին։

Արցախի հանրային հեռուստաընկերությունը, ներկա գտնվելով Բերձորի միջադեպին, նույն օրը եթեր է հեռարձակել մի տեսանյութ, որն ավարտվել է այնտեղ, որտեղ սկսվել է բուն իրադարձությունը։

Ծեծկռտուքի մասին բառ չասելով ու որևէ կադր չցուցադրելով՝ ռեպորտաժի հեղինակը հայտարարում է՝ տեղի ունեցածը տհաճ էր, նաև անցանկալի: Նույն բառերը, որոնք երեկ հնչեցրել էր նախագահ Սահակյանը՝ խորհրդակցության ընթացքում։

Դաշնակցական Արթուր Աղաբեկյանը, ով ամիսներ առաջ հայտարարել էր, թե ցանկություն ունի իր թեկնածությունն առաջադրել Ղարաբաղի հաջորդ նախագահական ընտրություններում, չի թաքցրել, որ ամբողջ իշխանական վերնախավը ներգրավված է եղել Ժիրայր Սեֆիլյանի երթը կասեցնելու գործում։ Հեռախոսային բանակցություններ, հանդիպումներ, համոզելու փորձեր, բայց անօգուտ էր, Սեֆիլյանը որոշեց գալ։

«Մեր ներկայությամբ բառացի նախագահը ասել է՝ «Ժիրո, չեմ կարող թույլ տալ, որ այդ ակցիան տեղի ունենա, այդ ճոխությունը չի կարող տեղի ունենալ, արցախցին չի կարող այդպիսի տհաճ գործողությունների մասնակից լինել, մենք չենք կարող Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին մասնակից լինել»»,- փոխանցել է Աղաբեկյանը։

Միևնույն ժամանակ Աղաբեկյանը չի հստակեցրել, թե ինչ տեղի կունենար, եթե ավտոերթը Ղարաբաղ մտներ։ Իսկ հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէր խուսափել տեղի ունեցած միջադեպից, Աղաբեկյանը հրաժարվել է պատասխանել՝ պնդելով, թե չի ուզում իրավական գնահատականներ տալ։

ԼՂ փոխվարչապետը կարծում է, որ տեղի ունեցած ծեծկռտուքը սադրանք էր, և այն ինչ-որ մեկը հրահրել էր: Թ ով էր այդ սադրիչը, նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ոստիկանապետին պարզել։

«Նախագահը հանձնարարական է տվել ոստիկանապետին, որպեսզի ծառայողական քննություն անցկացնի ու փորձի պատժել այն մեղավորներին, որոնք սադրանք են հրահրել»,- ասել է Աղաբեկյանը։

Ղարաբաղի իրավապահների գործողությունները չքննադատելով՝ բարձրաստիճան պաշտոնյան դատապարտում է նրանց, ովքեր տարածել են բռնությունները պատկերող տեսանյութերը. դա, ըստ նրա, սադրանքի շարունակությունն էր։

«Ինչե՜ր կանեի, որ դա չհայտնվեր համացանցում, չեք պատկերացնում, և ոչ միայն ես, շատ շատերը...»,- ասում է Աղաբեկյանը։

Արցախի հանրայինի լրագրողը հարցնում է.- «Հայրենիքի ցավով ապրող մարդը, հայրենիքի համար ցավ զգող մարդը, մանավանդ այն հայրենիքի համար, որտեղ նաև պատերազմական գործողությունների է մասնակցել, կարո՞ղ է իրեն թույլ տալ նման տեսաերիզ տարածել, որը խիստ դատապարտելի է բոլորի կողմից, և պառակտում մտցնել ազգի մեջ»։

«Դատավորի կերպարի մեջ չեմ ուզում մտնել, Աստված կպատժի դա անողներին։ Ոչ էլ ուզում եմ տեսնել, թե ով տարածեց այս տեսանյութը, ով հասցրեց մոնտաժել»,- պատասխանում է ԼՂ փոխվարչապետը։

ԼՂ փոխվարչապետը խոստովանում է՝ ցավը մեծ է։ «Այն բուժելու համար հանդուրժողականության կոչ եմ անում»,- ասում է Ղարաբաղի իշխանությունը, որին այս օրերին քննադատում են հենց այլակարծությունը մերժելու համար:

Միջազգային ճանաչման ձգտող Ղարաբաղի իշխանությունները չեն հստակեցնում՝ ինչ օրենք են խախտել Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած ավտոերթի մասնակիցները և ինչու են իրավապահները դիմել մահակների օգնությանը անգամ այն պահին, երբ ավտոերթը շրջվել և վերադառնում էր։ Ղարաբաղի իշխանությունները վստահեցնում են՝ ոստիկանությունը կքննի ոստիկանության գործողությունները։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG