Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի դեսպանը վերահաստատում է Օլանդի մասնակցությունը ապրիլքսանչորսյան միջոցառումներին


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մամուլի ասուլիսում: Երևան, 4-ը փետրվարի, 2015 թ․
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մամուլի ասուլիսում: Երևան, 4-ը փետրվարի, 2015 թ․

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողների հետ հանդիպմանն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կայանալիք միջոցառումներին։

Դեսպանը հրաժարվեց մեկնաբանել այդ նույն օրերին Գալիպոլի ճակատամարտի միջոցառումներ անցկացնելու Թուրքիայի որոշումը՝ նշելով, որ դա պետության ներքին խնդիրն է․ - «Յուրաքանչյուր երկիր որոշում է, թե ինչ ամսաթվի հիշատակման արարողություն պետք է կազմակերպի։ Սա ես չեմ մեկնաբանի։ Նույնը կասեմ նաև հրավիրված անձանց ցանկի վերաբերյալ։ Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ում հրավիրել իր կազմակերպած միջոցառմանը։ Միակ բանը, որ կարող եմ ձեզ ասել և պարզից էլ պարզ է, այն է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը լինելու է Հայաստանում։ Հունվարի 28-ին Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց իր մասնակցությունը, և այդ օրը շատ հստակ ներկայացվեցին ֆրանսիական կողմի պատկերացումներն ու մոտեցումները»։

«Ազատության» հարցին, թե արդյոք Թուրքիայում կազմակերպվելիք միջոցառումներին Ֆրանսիան պաշտոնական ներկայացուցիչ ունենալու է, դեսպանը պատասխանեց, որ դեռևս հստակ որոշում չկա, թե ով պետք է մասնակցի։

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձավ նաև երկկողմ տնտեսական կապերին: Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը 50 միլիոն եվրո է կազմում, որը, ըստ Շարպանտիեի, շատ համեստ թիվ է։ Դեսպանը չհամաձայնեց լրագրողների դիտարկմանը, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո այդ թիվը կնվազի:

«Կան այնպիսի ճյուղեր, օրինակ, էներգետիկան, որը լիովին ԵՏՄ-ի առաջ ստանձնած պարտավորությունների ցանկում է։ Երևի այստեղ էներգետիկայի ոլորտում հնարավորությունները համագործակցելու այդքան շատ չլինեն։ Ամեն դեպքում կան ճյուղեր, որտեղ հնարավորություն կլինի համագործակցությունը շարունակել։ Դա էլ կլինի Ռիգայի գագաթնաժողովի քննարկելիք թեմաներից մեկը։ Մենք կփորձենք հստակ պատկերացում ունենալ, թե որոնք կլինեն այն ոլորտները, որտեղ Եվրամիություն - Հայաստան համագործակցությունը կարելի կլինի շարունակել։ Մեկ թվային օրինակ․ Հայաստանի արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների 29 տոկոսը բաժին է հասնում Եվրամիությունը։ Այսինքն արտաքին առևտրի 1/3-ը Եվրամիության հետ է, 2/3-ը Ռուսաստանի։ Այս 1/3-ն էլ անտեսելի ցուցանիշ չէ»։

Դեսպանը նշեց, որ տնտեսական հարաբերությունները խորացնելու նպատակով բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում՝ «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան. - «Մարտի սկզբին Հայաստանում չեն հապաղի բացել առաջին «Կարֆուր» հանրախանութը: Իսկ ինչ վերաբերում է ապրանքատեսականուն, «Կարֆուր»-ի մոտեցումը հետևյալն է՝ այն ավելի շատ հակված է աշխատելու տեղացի արտադրողների հետ»:

XS
SM
MD
LG