Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հավանություն տվեց շրջանառության հարկի օրենքի վիճահարույց դրույթի հետաձգմանը


Խորհրդարանում արդեն 3-րդ օրը քննարկվող «Շրջանառության հարկի մասին» օրենքը քվեարկության դնելուց առաջ ոչ իշխանական եռյակը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու:

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ հուսով են, թե շուտով համաձայնություն ձեռք կբերվի և խորհրդարանում կհայտնվի մի օրենք, որում բոլոր խնդիրները լուծված կլինեն։

«Մենք կողմ չենք քվեարկի ժամանակ ձգելուն և բնականաբար դեմ էլ չենք քվեարկի, որովհետև դեմի դեպքում կմնա այս վատ տարբերակը, ուստի «Բարգավաճ Հայաստան»-ը այս առաջարկին այս պահին կքվեարկի ձեռնպահ», - հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հիշեցրեց, որ այս հարցով արտահերթ նիստ անցկացնելուց հրաժարվեցին, հիմա էլ ձեռնպահ են քվեարկում, քանի որ կառավարությունը նոր օրինագիծ է խոստացել: Կոնկրետ ժամանակ նշեց, թե ինչքան են սպասելու, և եթե կառավարությունը խոստումը չկատարի՝ քայլերի կդիմեն։

«Որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, նկատի ունենալով մոտեցումների ընդհանրությունները, մենք միասնական միատեղված նախագծով կներկայանանք», - ասաց Ռուբեն Հակոբյանը:

ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ ստեղծված վիճակում լավագույն լուծումը հետաձգումն է, բայց իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ չեն ուզում պատասխանատվություն ստանձնել կառավարության սխալների համար:

«Մենք ընդհանրապես պատասխանատվություն չենք ցանկանում կրել, դրա համար մենք քվեարկելու ենք ձեռնպահ», - հայտարարեց Զուրաբյանը:

Ոչ իշխանականներին միացավ նաև ՕԵԿ-ը։ Ընդդիմադիրներից միայն Դաշնակցությունը կողմ քվեարկեց կառավարության առաջարկին՝ պատճառաբանելով, թե հակառակ դեպքում ուժի մեջ կմնա օրենքի ավելի վատ տարբերակը։ Հանրապետականի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ փաստեց՝ իրենց քվեարկությամբ փրկում են իրավիճակը՝ նշելով, որ առաջարկում են, որ օրենքը մինչև հուլիսի 1-ը հետաձգվի:

Օրինագիծը քվեարկության արդյունքում ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այն կընդունվի վաղը:

ՎՊ հաշվետվությունը՝ բուռն քննարկումների պատճառ ԱԺ-ում

Խորհրդարանում այսօր բուռն քննարկումների պատճառ դարձավ նաև Վերահսկիչ պալատի նախորդ տարվա հաշվետվությունը: Պատգամավորները պալատի նախագահ Իշխան Զաքարյանին էին փնտրում, ով ըստ կանոնակարգի պետք է հաշվետվությունը ներկայացներ, սակայն նրա փոխարեն եկել էր պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։ Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը պաշտոնյային առաջարկեց հեռանալ դահլիճից, քանի որ զեկույցը ներկայացնելու գործառույթ չունի։

«Գլխավոր հարցն է՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Խնդրում եմ իր կողմից պատասխանը հնչի այս դահլիճում», - հայտարարեց Զուրաբյանը:

Պատգամավորները եզրակացնում էին, որ նախկինում մեծ աղմուկ հանած զեկույցից հետո թերևս Իշխան Զաքարյանը խուսափում է գալ ԱԺ։ Նիկոլ Փաշինյանի հիշեցմանը, թե օրենք են խախտում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, որ ինքն էլ է կողմ, որ զեկույցը ներկայացնի Իշխան Զաքարյանը, բայց տեղակալների միջոցով ելույթ ունենալու մշակույթը դեռ 90-ականներից է ձևավորվել: Փաշինյանին սա դուր չեկավ։

«Ես քննարկմանը չեմ մասնակցելու և ուղղակի հեռանալու եմ դահլիճից», - հայտարարեց նա:

«Ժառանգությունից» Թևան Պողոսյանն էլ կոչ արեց այդ մշակույթը խախտել ու օրենքը առաջին հերթին խորհրդարանում պահպանել՝ կոչ անելով դադարեցնել քննարկումը:

Քննարկման արդյունքում պարզվեց, որ Իշխան Զաքարյանը արձակուրդում է: Գալուստ Սահակյանը շարունակեց հարցի քննարկումը, ի պատասխան ոչ իշխանական պատգամավորների մեծամասնությունը լքեց դահլիճը։

Երեկոյան Ազգային ժողովի չորս՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրեսը, «Օրինաց երկիր» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խորհրդարանի լիագումար նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացվել է օրենքի խախտումներով։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «2015 թվականի փետրվարի 2-5-ի Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովի փետրվարի 4-ի լիագումար նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է պալատի խորհրդի անդամը, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի օրենքի 101-րդ և «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի օրենքի 9-րդ հոդվածների կոպիտ խախտում է»:

Հիմք ընդունելով օրենքի խախտման փաստը, չորս խմբակցությունները հրաժարվել են հարցի բովանդակային քննարկմանը մասնակցելուց և հայտարարում են, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը չի կարող համարվել ներկայացված և քննարկված:

«Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք՝ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով քննարկել Ազգային ժողովի առաջիկա նիստում։ Հայտարարության պահանջին միացել է նաև ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG