Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ. Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտմամբ


Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժությունները՝ զինված ուժերի բոլոր զորատեսակների ներգրավմամբ, Ադրբեջանը անցկացնում է Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտմամբ, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, փետրվարի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել, որոնց մասնակցում է 20 հազար զինծառայող, 300 զրահամեքենա, 200 հրթիռային կայանք և այլ հրետանի, մինչև 20 մարտական ինքնաթիռ: Նախարարությունը որևէ տեղեկատվություն չի հաղորդել այն մասին, թե զորավարժությունները երբ կավարտվեն:

«Նախ՝ Ադրբեջանը խախտում է դրույթները, որովհետև ժամկետներ չի նշել, իսկ պարտավոր էին ծանուցագրով տեղեկացնել պլանավորված զորավարժության մասին», - ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունից ավելի վաղ «Ռազմինֆո»-ին փոխանցել են, որ ադրբեջանական կողմը պարտավոր էր նաև ծանուցագրերով տեղեկացնել զորավարժություններին մասնակցող անձանց, ներգրավված զինտեխնիկայի, ծանր հրետանային տեխնիկայի, համազարկային կրակի հրետանային համակարգերի քանակի մասին, ինչի շեմերը սահմանված են Վիեննայի փաստաթղթով:

«Ազատության» հարցին, թե ինչպես է արձագանքելու հայկական կողմն այս խախտումներին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. - «Հատուկ մեխանիզմ կա, և այդ մեխանիզմի դրսևորումն էլ այն է, որ մենք բարձրաձայնում են։ Այլ քայլեր չկան, որովհետև մենք այդ իրավասությունը չունենք՝ այլ քայլեր ձեռնարկելու»։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG