Մատչելիության հղումներ

logo-print

Չնայած գործազուրկների վերապատրաստմանը, նրանց թիվը չի պակասում


Տնտեսագետի կարծիքով, գործազրկության նպաստի վերացումը արդարացված չէր:

Արդեն մեկ տարի է, ինչ գործազուրկները չեն ստանում 18 հազար դրամ նպաստը։ Դրա փոխարեն ուսուցման ծրագրեր, աշխատանքի տեղավորման աջակցություն և աշխատանքային տոնավաճառներ են կազմակերպվում։ Կառավարության առաջարկած նոր ծրագրերից մեկով էլ միանվագ գումար է տրամադրվում, որպեսզի գործատուն անհրաժեշտ մասնագետներ պատրաստի։

Ըստ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանի, իրենք լուծում են հիմնական խնդիրը՝ դիմողներին ապահովում են աշխատանքային փորձով։

«Մենք երեք ամսով աշխատանքային պրակտիկա ենք կազմակերպում աշխատանք փնտրողների համար վճարում ենք նրանց սոցիալական վճարները, նաև որոշ փոխհատուցում ենք տալիս իրեն աշխատանքի ընդունողին, այսինքն՝ գործատուին կամ պրակտիկայի ղեկավարին։ Այսինքն՝ թեկուզ երեք ամիս հետո..․ Հիմնականում այդ մարդկանց, բնականաբար, ոչ բոլորին, լավերին վերցնում են աշխատանքի», - ասաց Արտակ Մանգասարյանը։

Չնայած գործակալության մեկ տասնյակ ծրագրերին, աշխատանք փնտրողների թիվը չի պակասում։ Պաշտոնական վիճակագրությամբ, վերջին երեք ամիսներին գործազուրկների թիվն ավելացել է մոտ մեկտոկոսով։ Աշխատուժը վաճառողների հավաքատեղիում, կամ այսպես կոչված, «Ֆայլաբազարում» մարդիկ նշում էին, որ 18 հազար դրամ նպաստը իրենց ընտանիքներին ինչ-որ չափով օգնում էր, իսկ հիմա դա էլ չկա։

«Վերացրեցին, ասում ա, էդ նպաստները ձեզ չի հասնում։ Ես դաժը ընդեղ ասել եմ, ինչ աշխատանքներ կա, որ կարելի ա անել էլի, որովհետև ժամանակի ընթացքում աշխատել ենք զավոդներում, վարորդ ենք աշխատել, հիմա ամեն ինչից զրկել են մեզ», - ասաց աշխատանք փնտրող մի քաղաքացի։

Տարիքս չի համապատասխանում իրանք ասում են, կամ էլ նենց գործ են տալիս, գնում, ասում ես, ասում ա՝ էդ տեղը զանիտ ա: Գիտեմ ստից ա լինելու, դրա համար չեմ գնում», - ասաց մեկ ուրիշ քաղաքացի:

Տնտեսագետ Արա Գալոյանը կարծում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե այդ 18 հազարական դրամները թիրախին չեն հասնում և գումարն անիմաստ փոշիանում է, արդարացված չէր։ Ստացվում է, որ համակարգը վատ էր աշխատում, սակայն, հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հանեցին:

«Երբ որ դու բարձր աշխատավարձ ստացող չինովնիկ ես, կարող ես նման վերլուծություններ քեզ թույլ տալ, որ 18 հազար դրամը էդ էն գումարը չի, որ կարելի է ավելի լավ համակարգ մշակել։ Ցավոք սրտի մեկ երրորդից ավել աղքատություն ունեցող երկրում դա ձմռանը ջեռուցման վարձ է», - ասաց Գալոյանը։

Տնտեսագետը նաև նշում է, որ գործատուն իրեն փոխանցված միանվագ 200 հազար դրամով դժվար թե կարողանա մասնագետ պատրաստել, այն դեպքում, երբ բուհերում պատրաստված մասնագետներն են անգործ մնացել։

«Այսինքն էդ գումարը ինքնին լուրջ գումար չի, վերապատրաստելու համար մարդուն, մյուս կողմից մենք ծանր ժառանգություն ունենք, ախր աշխատանքի շուկայում բարձրացրեցինք մինչև 63 տարեկան շեմը, այսինքն՝ մինչև 63 տարեկան մարդիկ իրավունք ունեն իրենց գործազուրկ հայտարարելու։ 50-ը անց մարդուն վերապատրաստել ինչ որ ոլորտի համար ռեալ չեմ նայում, զրկել էդ 18 հազարից էդ էլ ռեալ չեմ նայում», - ընդգծեց տնտեսագետը։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում զբաղվածության նոր մոդելին ի սկզբանե դեմ են եղել։

Այդ 18 հազարն անհրաժեշտ էր նվազագույն ծախսերը հոգալու համար․ նախ՝ պետք է ապրես, հետո միայն աշխատանք փնտրես, ասում է արհմիությունների կոնֆեդերացիայի տնօրենի տեղակալ Բորիս Խառատյանը:

«Գործազրկության նպաստի իմաստը կայանում է նրանում, որպեսզի որոշակի ժամկետով, ժամանակավորապես կարողանան բավարարել աշխատողի և նրա ընտանիքի անդամների կորցրած եկամուտը, իհարկե ոչ ամբողջությամբ, բայց որոշ մասով, մինչև որ նա կարողանա ձեռք բերել նոր աշխատատեղ և ունենալ եկամտի աղբյուր։ Այսինքն՝ նպաստի վերացումը որոշ չափով նաև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը սոցիալական պետություն է Սահմանադրությամբ հռչակված։ Նաև այստեղ, կարելի է ասել, որոշ չափով կա անհամապատասխանություն», - ասաց Բորիս Խառատյանը:

Կոնֆեդերացիան իր առաջարկները ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Զբաղվածության մասին» օրենքում նոր փոփոխություններ են նախատեսվում։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել և վերականգնել գործազուրկների մի մասի դրամական օգնության կամ գործազրկության նպաստի իրավունքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG