Մատչելիության հղումներ

logo-print

Զինծառայության ընթացքում քաղցկեղ ձեռք բերած երիտասարդը չի կարողանում վճարել բուժման համար


Բանակային երկու ամսվա ընթացքում ծանր հիվանդություններ ձեռք բերած 19-ամյա Մայիս Գեղամյանն ու ծնողները հույս ունեն, որ քիմիական թերապիայի համար անհրաժեշտ 2 միլիոն դրամը հրաշքով կհայթայթեն, և բուժումը չի ընդհատվի։

Անհրաժեշտ գումարը թույլ կտա երկարացնել Մայիսի կյանքը, հնարավորության դեպքում կհասցնեն արտասահման:

«Հավաքում ենք, հարազատ-բարեկամից նորից հավաքում եմ, իմ գյուղից, գյուղն է առաջինը կանգնել իմ կողքին», - «Ազատության» հետ զրույցում ասում է հայրը՝ Պետրոս Գեղամյանը։

Աշտարակի շրջանի Արուճ գյուղից առողջ բանակ զորակոչված, բայց զինվորի կյանքով ընդամենը երկու ամիս ապրած երիտասարդը տուն է վերադարձել մեկ ոտքով։ Չարորակ հիվանդության պատճառով աջ ոտքը հեռացրել են, սակայն քաղցկեղը ախտահարել է նաև թոքերը։ Նա այժմ քիմիաթերապիա է ստանում։

«Մի քիմիան՝ մենակ դեղորայքը, որ գնում ենք այլ վայրից, 480 հազար արժե, քիմիայից հետո պետք է վերականգնողական կուրս ացնի, որը քիմիայից ավելի թանկ է նստում»,- ասում է հայրը։

Որևէ մեկին չմեղադրելով՝ Մայիսն ու ծնողները շեշտում են՝ եթե բանակում ժամանակին անհրաժեշտ միջոցները ձեռնարկեին, հիվանդությունը չէր խորանա։ Զորամասում վազելիս նա սայթաքել է, վնասել աջ ոտքը։ Ասում է՝ բուժկետում որևէ հետազոտություն ու բուժում չեն ձեռնարկել։ Ասել են՝ կանցնի։ Բայց ոտքն այտուցվել է ու պարզվել, որ երիտասարդը քաղցկեղ ունի։

«Ինձ չեն հավատացել, մտածել են՝ ես էլ եմ սուտ ասում, ուղղակի սաչոկը ասածը հենց իրենք են»,- ասում է Մայիսը։

«Եթե սկզբնական շրջանում վնասված ոտքը թեկուզ մի շաբաթով անշարժացներին, էդ ուռուցքը չէր առաջանա։ Ուշադրություն չեն դարձրել»,- ասում է օնկոլոգների հետ զրուցած հայրը։

Նախորդ բուժման համար բազմանդամ ընտանիքին օգնել են համագյուղացիները, Պաշտպանության նախարարությունն է մի քանի անգամ գումար հատկացնել՝ ավելի քան 1 միլիոն դրամ, ինչպես նաև հարազատներն ու ծանոթները։ Հայրը ևս հաշմանդամ է, քույրը ուսանող, տանը ոչ ոք չի աշխատում՝ բավարարվում են 100 հազար դրամ թոշակով։ Եվ եթե նախկինում նաև հողը մշակելուց էին եկամուտ ստանում, ապա որդու հիվանդությունից հետո դա էլ չկա։ Գեղամյանները վաճառել են հողամասերը, այգիները, անասուններին քիմիաթերապիայի վեց կուրսերի համար։ Մի քանի օրից՝ փետրվարի 10-ին հաջորդ կուրսը պետք է ստանա, բայց անհրաժեշտ գումար դեռ չի հավաքվել։

«Ոնց որ թե ամեն մարդ ինքն իր համար է պայքարում»,- նկատում է մայրը՝ Գոհարը։

Զինվորների իրավունքներով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում ասում են, որ Կառավարությունը չպետք է սպասի հիվանդ երիտասարդի ընտանիքի դիմումներին. Մայիսի դեպքում կառավարությունը պետք է վճարի բոլոր ծախսերը, քանի որ նրա հիվանդությունն ի հայտ է եկել բանակում։

Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հնարավոր օգնության վերաբերյալ տեղեկություններ կտան ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG