Մատչելիության հղումներ

logo-print

Պատգամավորները դժգոհ են «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ կառավարության աշխատանքից


Հրանտ Բագրատյան առաջարկում է վերացնել փոքր ու միջին հասկացությունը և կիրառել պրոգրեսիվ հարկի մոտեցումը:

Խորհրդարանը այսօր քննարկում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործարկումը մինչև հուլիս հետաձգելու՝ կառավարության առաջարկը։ Ձեռներեցների բողոքի պատճառ դարձած օրենքը արդեն երկրորդ անգամ է բերվում խորհրդարան՝ հետաձգման:

Պատգամավորները դժգոհում էին կառավարության աշխատանքից։ «Ժառանգությունից Թևան Պողոսյանի խոսքով գործադիրը պետք է նախորդ դեպքից դասեր քաղեր և նոր օրենք բերեր խորհրդարան։

«Հիմա մենք դառնում ենք մի ինստիտուտ պետական համակարգի մեջ, որը տնտեսական բոլոր օրենքները 3-4 ամիսը մեկ կամ կասեցնում է, կամ հետաձգում է, կամ փոխում է», - հայտարարեց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ այս քայլով կառավարությունը փորձում է ժամանակավորապես հանդարտեցնել կրքերը, այն դեպքում, երբ պետք է հարցին վերջնական լուծում տալ։ Նրա խոսքով, կառավարության գործունեությունը մտահոգում է նաև Հայաստանը լքած ձեռներեցներին, ովքեր պարբերաբար իրենց հրավիրում են քննարկումների։

«Իշխանության կերակրատաշտին կցված առավել ակտիվ տզրուկներ և սկաուտներ խիստ անհանգստացած են, թե ինչու են սփյուռքի մեր համայնքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներին, որպեսզի մենք էնտեղ լսենք իրենց մտահոգությունները: Ի դեպ, հրավիրում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ուղղակիորեն այս կամ այն ճանապարհն ընտրելով փախել են սեփական երկրից», - ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Զոհրաբյանի խոսքով, կառավարությունը պետք է իմանա, թե ովքեր են խոշորները և առաջին հերթին նրանց վերահսկի, որ ազնիվ աշխատեն։ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցչի այս խոսքին հանրապետական Գալուստ Սահակյանը արձագանքեց․ - «Խոշորներ երբ ասում եք, բոլորին է վերաբերում: Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, և մենք տեղյակ ենք», - ասաց Սահակյանը:

Հանրապետական Վարդան Այվազյանը բարեփոխմանը կողմ էր արտահայտվում, նրա խոսքով պետք է գտնել գործարկելու մեխանիզմը։

«Պարոն Բագրատյան, ես ձեզ խնդրում եմ․․․ Դու ինձ մի հիշացրու, դու ինձ փաստաթուղթն էլ կարաս ցույց տաս: Ոգևորվել ես, չգիտեմ ինչից ա, պարոն Բագրատյան», - ասաց Այվազյանը:

Ամբողջ նիստի ընթացքում ակտիվ Հրանտ Բագրատյանն էլ առաջարկեց վերացնել փոքր ու միջին հասկացությունը և կիրառել պրոգրեսիվ հարկի մոտեցումը:

«Ուրեմն, պետք է մտածենք շեմ, փոքրից մի քիչ քիչ ուզենք, էդ շեմից ներքև, էդ շեմից ավել շատ ուզենք՝ նկատի ունենալով, որ ոչ թե անարդար ենք դնում, այլ էդ մասշտաբը խոշորից հետ ենք խլում: Էս էր ձեզնից պահանջվում: Դրա համար է առաջանում շեմի հասկացությունը, ըստ որում նույն խոշորի էդ 58 միլիոն է, թե 158 միլիոն է, չգիտեմ, առաջին 58 միլիոնը պետք է հարկվի նույն ձևի, ոնց որ փոքրն է հարկվում՝ պարզ հասարակ, գեղեցիկ, սիրուն: Ընկերներ, ֆուտբոլային կոմբինացիա պետք չի, պենալ է, պետք է պենալը խփեք, գնաք, կառավարություն», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորների քննադատության թիրախը հարկային և մաքսային մարմիններն էին, որոնց առաջարկում էին մանր ու միջին ձեռնարկատերերին գործիք չդարձնել խոշորի դեմ պայքարում։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ընդմիջմանն ասաց, որ որոշ խնդիրներ արդեն կարգավորվել են, նորմալ համարեց նաև ձեռներեցների դժգոհությունը, թե չեն ցանկանում առնչվել հարկային և մաքսայինի ներկայացուցիչների հետ։

«Իսկ դուք գիտեք որևէ երկիր, որը հարկային մարմինների հետ հաճույքով է աշխատում, չկա նման երկիր», - ասաց Միրումյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք նորմալ է, որ մեկ տարվա ընթացքում կառավարությունն արդեն երկրորդ անգամ է հետաձգում իր իսկ առաջարկած բարեփոխումը, փոխնախարարը արձագանքեց․ - «Սա բնականաբար, մեկ օրվա հարց չէ, սա անգամ, բավականին խորն է, քան կարող է լինել յուրաքանչյուր պահի ներկայացված յուրաքանչյուր առաջարկություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG