Մատչելիության հղումներ

Ռուս անջատականների ղեկավարը հանդես է եկել անպարկեշտ հայտարարությամբ


Բնակիչները լքում են Դեբալցևո ավանը, որը ռուս անջատականները փորձում են գրավել, 3-ը փետրվարի, 2015թ.

Բնակիչները լքում են Դեբալցևո ավանը, որը ռուս անջատականները փորձում են գրավել, 3-ը փետրվարի, 2015թ.

Դոնեցկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ երեկ հեռարձակված մամլո ասուլիսում վիրավորական արտահայտություն է արել հրեաների հասցեին, ինչը, ըստ մեկնաբանների, կարող է վկայել անջատականների առաջնորդի ծայրաստիճան լարված և ոչ ադեկվատ հոգեվիճակի մասին։

Նա ասել է, թե Կիևի վարչակարգը ղեկավարում են «հրեա ժողովրդի խղճուկ ներկայացուցիչները»։ Միջազգային քաղաքականության տեսակետից այդ բացարձակ անպարկեշտ հայտարարությամբ Զախարչենկոն հանդես է եկել «Վեստի-24»-ի հեռարձակած ասուլիսի ավարտական մասում։

Մինչ այդ նա հեգնանքով ասել է, թե «Ուկրաինայի կառավարությունում ոչ ոք երբևէ ձեռքում սուր չի պահել»։ Զախարչենկոն հիշել է նաև «Ինչպես էր հրեական կոզակությունն ապստամբում» բացահայտ հակասեմիտական երգը, որում հրեաները ներկայացվում են իբրև վախկոոտ և ծախված մարդիկ, և այդ ամենից հետո արել իր արդեն հիշատակված տգեղ արտահայտությունը Պետրո Պորոշենկոյի ղեկավարած կառավարության մասին։

Նա ասել է, թե «Տարաս Շևչենկոն և Տարաս Բուլբան հիմա գերեզմանում շուռ են գալիս, տեսնելով, թե ով է ղեկավարում Ուկրաինան»։

Կարելի է ենթադրել, որ Մոսկվան կնախատի Զախարչենկոյին այդ մեկնաբանությունների համար, քանի որ դրանք ակնհայտ վնաս են հասցնում «ռուսաց աշխարհի» վարկին։

Իսկ պատերազմը շարունակվում է։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն այսօր հաղորդել է, որ ըստ ամենաթարմ տվյալների, Ուկրաինայում անցյալ տարվա ապրիլից սկսված բախումներում զոհվել է առվազն 5358 մարդ։ Հանձնակատարն ասել է, թե այս պատերազմը կարող է վերածվել աղետի, որն անհրաժեշտ է անհապաղ կանխել։

Մինչդեռ Վաշինգտոնում արդեն լրջորեն քննարկում են Ուկրաինային մարտական աջակցության հարցը։ Մինչև օրս Բարաք Օբամայի վարչակազմը գերադասել է Կիևին փոխանցել ոչ մարտական նշանակության օգնություն` սաղավարտներ, դեղորայք, կապի միջոցներ, գիշերային տեսանելիության ակնոցներ և արդիական այլ սարքավորումներ։ Սակայն հիմա Օբամայի շրջապատը խոսում է մարտական օգնության անհրաժեշտության մասին։

Այդ կարծիքն են հայտնում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլովը, պաշտպանության նախարար Չաք Հեյգլը, պետքարտուղար Ջոն Քերրին, միավորված շտաբերի պետ Մարթին Դեփսին։

Ըստ Վաշինգտոնից ստացվող հաղորդագրությունների, մարտական օգնության գաղափարին սկսել է հավանություն տալ նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, ով նախկինում այն ռիսկային է համարել։

Պետքարտուղարի նախկին տեղակալ Դեյվիդ Քրեմերը The Wall Street Journal հանդեսում երեկ հրապարակած վերլուծական հոդվածում առաջարկում է Կրեմլի ագրեսիան զսպելու համար ուկրաինացիներին տրամադրել մարտական զենք, պատժամիջոցներ սահմանել «Գազպրոմ»-ի նկատմամբ և Ռուսաստանի բանկային սեկտորն անջատել SWIFT համակարգից, ինչը կարող է պարզապես կաթվածահար անել ռուսական ֆինանսական-տնտեսական դաշտը։

Սակայն Քրեմերի խոսքերով, Սպիտակ տունը գոնե այս ժամանակաշրջանում գուցեև կգերադասի զերծ մնալ նման կտրուկ քայլից։

«Մենք առաջնահերթությունը տալիս ենք հարցի դիվանագիտական կարգավորմանը», - ասել է Պետական դեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին։

Բրյուսելից ստացված հաղորդագրության համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը Մյունխենում փետրվարի 6-ին գումարվելիք անվտանգության միջազգային խորհրդաժողովի օրերին հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG