Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի 2016-ի բյուջեի նախագծով առաջարկվել է կրճատել Հայաստանի և Ադրբեջանի ֆինանսական օգնությունը


ԱՄՆ-ի 2016 թվականի բյուջեի նախագիծը

ԱՄՆ-ի 2016 թվականի բյուջեի նախագիծը

Ամերիկայի հայ դատի գրասենյակի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահի վարչախմբի ներկայացրած 2016 թվականի բյուջեի նախագծում առաջարկվում է կրճատել թե Հայաստանին, թե Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը:

Բարաք Օբաման առաջարկել է 2016-ին Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար դոլար:

«Եթե Կոնգրեսը հաստատի այդ առաջարկը, այն կդառնա Հայաստանի անկախությունից ի վեր ամենացածր հատկացումը»,- տարածած հաղորդագրությունում նկատել է Հայ դատի հանձնախումը.- «Այն 2 միլիոնով պակաս է 2014-ի ֆինանսական հատկացումներից և ավելի քան կրկնակի նվազ այն գումարից, որն անցած տարի պահանջել էին հայամետ կոնգրեսականներն ու Ամերիկայի հայ դատի գրասենյակ»։

Ադրբեջանն այս առաջարկով 2016-ին ավելի քան երկու անգամ ավելի քիչ գումար կստանա՝ մոտ 8 միլիոն: Այդուհանդերձ, ԱՄՆ-ի բյուջեի նախագծում Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանված է ռազմական օգնության հավասարակշռությունը։ Նախագիծը հաստատվելու դեպքում ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին ծրագրում է տրամադրել 1միլիոն 700 հազար, ռազմական ուսուցման ծրագրերի համար՝ 600 հազարական դոլար:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության օրենսդրությունը կարգավորելու համար էլ Հայաստանին Ադրբեջանից ավելի քան երկու անգամ շատ միջոցներ կտրամադրվեն՝ 1 միլիոն 700 հազար:

Վարչախմբի ներկայացրած բյուջեն չի նախատեսում օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին, այդուհանդերձ, անցած մի քանի տարիներին ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալությունն այդ նպատակով տարեկան հատկացրել է 2 միլիոն դոլար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորելու է Կոնգրեսին միջազգային օգնության մասին օրենքը մշակելիս ավելացնել Հայաստանին և Արցախին ցուցաբերվող օգնությունը, ամբողջությամբ վերացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը։

«Առաջիկա ամիսներին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այդ հարցերի շուրջ կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հայամետ կոնգրեսականների հետ»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

2016 թվականի բյուջեի նախագիծը Բարաք Օբաման Կոնգրես է ուղարկել երկուշաբթի օրը: ԱՄՆ-ի հաջորդ տարվա ծախսերը 4 տրիլիոն դոլար կկազմեն, եկամուտները՝ մոտ 3.5 տրիլիոն:

XS
SM
MD
LG