Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենը չի միջամտել ավտոերթի խափանմանը


Ոստիկանները հարվածում են ավտոերթի մասնակիցներին, 31-ը հունվարի, 2015թ.

Ոստիկանները հարվածում են ավտոերթի մասնակիցներին, 31-ը հունվարի, 2015թ.

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ աշխատում է իրավապահ մարմինների հետ և վաղ է համարում գնահատականներ տալը:

Թեև հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածից շաբաթներ առաջ Ստեփանակերտում, ըստ մամուլի հրապարակումների, ամեն գնով փորձեր են եղել խափանել «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթը, ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Յուրա Հայրապետյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե պաշտպանի գրասենյակը տեղեկացված չի եղել, որ նման ավտոերթ է նախատեսվում:

«Եթե զգուշացված լինեինք, գուցե այլ որոշում կայացնեինք»,- ասաց Յուրա Հայրապետյանը:

Նրա պարզաբանմամբ, հենց այս պատճառով էլ պաշտպանի գրասենյակից որևէ ներկայացուցիչ չի եղել դեպքի վայրում:

Ստեփանակերտում խաղաղ երթն ամեն գնով կասեցնելու փորձերին շաբաթներ շարունակ պաշտպանը չի միջամտել, որովհետև նրա մեկնաբանությամբ՝ դա «քաղաքական հարց է»:

«Մարդիկ վրդովված էին, հասարակական կազմակերպությունները, մանավանդ՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունները վրդովված էին… Ոչ մի միջոց ես չեմ ձեռնարկել, որովհետև դա մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ չի մտնում: Սա քաղաքականություն է… Մարդիկ իշխանափոխություն և նման տեսակի բաներ են պահանջում, իսկ պաշտպանի ինստիտուտը ապաքաղաքականացված է: Այլ բան է՝ եթե մարդիկ ինձ դիմեին՝ ասելով, որ իրենք ինչ-որ մտավախություն ունեին, որ իրենց կխանգարեն, այդ դեպքում ես պարտավոր կլինեի գնալ և հետևել և հսկել, որ էդ մարդկանց իրավունքները պահպանվեին»,- ասաց Հայրապետյանը։

Թեև արդեն 4 օր շարունակ քաղաքական-հասարակական շերտերում քննարկվում է հունվարի 31-ին տեղի ունեցածն ու հնչում են գնահատականներ և պնդումներ, որ այդ օրը ԼՂ իշխանությունները խախտել են Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը մինչ օրս որևէ պաշտոնական հաղորդագրությամբ չի տեղեկացրել հունվարի 31-ի դեպքերի կապակցությամբ վարույթ հարուցելու մասին:

Յուրա Հայրապետյանն ասաց՝ վարույթ հարուցելը հենց դա է, ինչով իրենք են «զբաղվում».- «Այդ ուսումնասիրությունները իրականացվում են հարուցված վարույթի շրջանակներում: Մենք նաև այս հարցով աշխատում ենք և ոստիկանության հետ, և դատախազության և այլ իրավապահ մարմինների հետ»։

Արդյոք ԼՂ մարդու իրավունքների պաշտպանին հետաքրքրո՞ւմ են Բերձորի դեպքերի ժամանակ ոստիկանական ջոկատներ ներգրավելու, ուժ կիրառելու որոշման առկայության, հիմնավորվածության և առհասարակ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցերը: Եվ արդյո՞ ք պաշտպանն իր լիազորությունների շրջանակում համապատասխան հարցումներ ու գրություններ է ուղարկել ոստիկանապետին: «Եզրակացություններիս մեջ կլինեն և դա, և այլ հարցեր։ Մենք բազմակողմանի ենք մոտենում այս հարցին»։

Իսկ որևէ կերպ կարո՞ղ էր արդարացված լինել երթի գնացող մարդկանց ոստիկանական խմբերով ծեծելը, նրանց բազմաթիվ վնասվածքներ պատճառելը, նրանց գույքը վնասելը, հատկապես այն դեպքում, երբ այդ հարձակումները տեղի են ունեցել Շուշիի գումարտակի ղեկավարի և ԼՂ սահմանների պաշտպանությանը մասնակցած մյուս քաղաքացիների, լրագրողի, կանանց ու երեխաների վրա: Այս հարցին ի պատասխան Հայրապետյանն ասաց.- «Լավ կլինի, որ այդ հարցը ուղղեք քաղաքական, հասարակական գործչի: Որովհետև ես պարտավոր եմ եզրահանգում անել և գնահատական տալ միայն ու միայն փաստերի հիման վրա: Այն, ինչ տեղադրված է, բան չունեմ ասելու՝ ես փորձագետ չեմ, ես փորձաքննության չեմ ենթարկել [տեսանյութերը], ես չեմ կարող պնդել հակառակը: Դա մոնտաժված է, թե մոնտաժված չի, իմ խնդիրը չի»։

ԼՂ օմբուդսմենի պաշտոնական կայքում գրված է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության հռչակումից հետո «հանրապետության իշխանությունները հետևողականորեն վարում են կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված քաղաքականություն, որն իր հերթին նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության և պահպանության առավել արդյունավետ մեխանիզմների ու միջոցների ձևավորմանն ու զարգացմանը»: Բերձորի միջադեպը որքանո՞վ է համապատասխանում ԼՂ ստանձնած պարտավորություններին՝ ժողովրդավարության ապահովման հարցում և, մասնավորապես, ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում նշված մեջբերմանը:

«Հարցը պարզ է, սակայն դա էլ է կապված եզրահանգումներ անելու հետ: Խախտվե՞լ է այդ մարդկանց իրավունքները, թե՞ այդ մարդիկ են խախտել այլոց իրավունքները, խախտել են այս հանրապետությունում գործող օրենքները: Ես նման գնահատական ոչ այս կողմին՝ այսինքն՝ ոստիկանությանը, ոչ էլ երթի մասնակիցներին չեմ տալիս, քանի որ ես համարում եմ դա շատ վաղ»,- ասաց Հայրապետյանը։

Հայրապետյանը նաև ասաց, թե իր եզրակացությունը հայտնի կդառնա մի քանի շաբաթից:

XS
SM
MD
LG