Մատչելիության հղումներ

Հարկերի հավաքագրման աճը 2013-ի համեմատ նվազել է


Ստվերի դեմ պայքար հայտարարած Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարողացել է անցած տարի մոտ 2.5 անգամ պակաս հարկային աճ ապահովել, քան 2013-ին էր:

Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, եթե 2012-ին պետբյուջե հարկերի ու տուրքերի տեսքով մուտքագրվել է 876.6 միլիարդ դրամ, 2013-ին՝ 999.4, ապա 2014-ին՝ 1 տրիլիոն 58 միլիարդ: 2013-ին, նախորդ տարվա հետ համեմատ, աճը կազմել է 14 տոկոս, իսկ 2014-ին՝ 2013-ի հետ համեմատ, 5.9 տոկոս:

Սակայն սա ամբողջը չէ: Պարզվում է՝ Հայաստանի խոշորագույն հարկատուները անհամեմատ քիչ են ավելացրել իրենց հարկային վճարները, քան առաջին հազար խոշոր հարկատուներից դուրս գտնվողները, այսինքն միջին ու փոքր բիզնեսը:

Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, եթե առաջին քսան խոշոր հարկատուները 2014-ին՝ 2013-ի հետ համեմատ, վճարել են ընդամենը 0.6 տոկոսով ավելի հարկ ու տուրք (2014թ․՝ 239.7 միլիարդ դրամ, 2013-ին՝ 238.1 միլիարդ), ապա առաջին հազար խոշոր հարկատուներից ներքև գտնվող ընկերությունները անցած տարի՝ 2013-ի համեմատ, վճարել են 6.9 տոկոսով ավելի հարկ (2014թ․-ին վճարել են 357․5 միլիարդ դրամ, 2013թ․՝ 334.4 միլիարդ դրամ):

«Հարկային եկամուտների աճի տեմպի կտրուկ նվազումը 2014-ին կարելի է բնորոշել որպես ստվերի դեմ պայքարի տապալում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

«Ընդամենը մոտ 5-6 տոկոս է հարկային եկամուտների աճը, դա նշանակում է, որ ստվերից լրացուցիչ գումարներ պետական բյուջե չեն եկել, ինչն էլ հենց այդ տապալման ցուցիչն է»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

Անցած տարվա մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ստվերի դեմ պայքարի մեկնարկի մասին և անգամ մինչև 2014-ի հուլիսի 1-ը ժամանակ տվեց հայաստանյան խոշոր գործարարներին՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները:

Հայկ Գևորգյանի խոսքով, եթե ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալները դիտարկենք անցած տարի գրանցված 3 տոկոս գնաճի ֆոնին և հաշվի առնենք 2014-ի վերջին երեք ամիսներին տեղի ունեցած դրամի ավելի քան 16.5 տոկոսանոց արժեզրկումը, որոնք միայն նպաստել են, որ դրամով վճարվող հարկերի ծավալը աճի, ապա կստացվի, որ իրականում պետբյուջե գանձվող հարկերի ծավալը նվազել է:

«Դրամի արժեզրկումից հետո նույնպես հարկային եկամուտները էականորեն չաճեցին, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ պայքարը տապալվել է»,- ասաց Գևորգյանը։

Ֆինանսների նախարարությունից այսօր արձագանք վերցնել չհաջողվեց:

Երբ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանին խնդրեցինք մեկնաբանել հրապարակված թվերը, ասաց, որ կարծիք կհայտնի տվյալները վերլուծելուց հետո:

XS
SM
MD
LG