Մատչելիության հղումներ

Սրբադասման հռչակումը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Բաց խորանի ներքո Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդը կաթողիկոսական կոնդակով կհռչակի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համոզված է, որ այդ օրը արարողակարգին ժողովուրդը ներկա կգտնվի՝ «խոկումով, աղոթքով, վեհությամբ և հպարտությամբ»․ - «Նախ, որ պատմական իրադարձություն է տեղի ունենում չորս հարյուր տարվա ընդմիջումից հետո: Եվ երկրորդ՝ իրենց կյանքը խառնելու, մասնակցություն ունենալու այս սրբադասման հռչակմանը մեր սուրբերի հետ, մեր Ցեղասպանության մեծ նահատակների այդ սխրանքին և հերոսությանը, գիտակցված նահատակությանը»:

Վերջին անգամ մեր եկեղեցին սրբադասել է Մովսես Տաթևացի կաթողիկոսին 400 տարի առաջ: Թե ինչու այս ընթացքում սրբադասում տեղի չի ունեցել, Բագրատ եպիսկոպոսը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հավանաբար դրա համար տարբեր պատճառներ են եղել՝ պատմական, քաղաքական և այլն, և եկեղեցու հայրերը հնարավորություն չեն ունեցել բազմակողմանի քննություն կատարելու ու այս կամ այն անձը կամ անհատների խումբը սրբադասելու, սուրբ հռչակելու:

«Մեզ ընծայվել է այս հնարավորությունը այսօր: Դրա համար էլ ես միշտ ասում եմ, որ մենք երանելի սերունդ ենք, որ մեզ այդ հնարավորությունը տրվել է: 1960-ական թվականներին Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը ընդհանուր եպիսկոպոսաց ժողովով քննության են առել, զանազան քննարկումներ են տեղի ունեցել, բայց գործընթացը կիսատ է մնացել», - նշեց Գալստանյանը:

Սրբադասման հատուկ կարգ, ինչպիսին, օրինակ, կաթոլիկ եկեղեցունն է, Հայ առաքելական եկեղեցին չունի: Հավանաբար, ըստ Բագրատ եպիսկոպոսի, Հայ առաքելական սուրբ եկեղեցին սրբադասման համար առաջնորդվել է ժողովրդի ներսում տասնամյակների ընթացքում ձևավորված, ժողովրդի մեջ տարածում գտած պատկերացումներով այս կամ այն անհատի կամ անհատների խմբի մասին: Եվ եկեղեցին, այդ ամենը քննության առնելով, ի վերջո կաթողիկոսական կոնդակով հավաստագրել է՝ սուրբ կամ սրբեր է հռչակել:

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե, սրբադասելով Հայոց ցեղասպանության զոհերին, եկեղեցին Օսմանյան Թուրքիայում նրանց նահատակությունը գուցե ակամայից կապում է կրոնական շարժառիթներին: Բայց չէ՞ որ Ցեղասպանության պատճառները նախ և առաջ քաղաքական, տնտեսական, սոցիալական բնույթ են ունեցել: Նաև կրոնական շարժառիթ է, անշուշտ, եղել․ գաղտնիք չէ, որ շատերին են առաջարկել կրոնափոխ լինել: Ոմանք ընդունել են և փրկվել: Մեծամասնությունը, սակայն, գերադասել են քրիստոնյա նմալ ու նահատակվել:

«Ցեղասպանության մեր նահատակները իրենց գիտակցված նահատակությամբ վկայել են հավատքի ճշմարտության մասին, իրենց հավատարմության մասին թե՛ իրենց հավատքին, թե՛ իրենց հայրենիքին: Նաև ուսանելի օրինակ են դարձել մեզ համար, թե ինչպես կարող է մարդը իր կյանքի գնով, իր զոհաբերության խորհուրդով կյանքի շարունակականության նպաստել, ուսանելի դառնալ մեզ համար, թե ինչպես պետք է ապրել ընդհանրապես», - նշեց Բագրատ եպիսկոպոսը՝ հավելելով, առաջիկա սրբադասման և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել քրիստոնյա բոլոր եկեղեցիներին:

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացը սկսվել է դեռ 2005 թվականին․ հրավիրվել են մի քանի եկեղեցական բարձրագույն ժողովներ՝ քննության առնելով սրբադասման կարգը, ձևը և հռչակման օրը:

XS
SM
MD
LG