Մատչելիության հղումներ

Գեղամ Բաղդասարյան. Բերձորում տեղի ունեցածը փորձություն էր արցախյան ժողովրդավարության համար


Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 2-ը փետրվարի, 2015թ.
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 2-ը փետրվարի, 2015թ.

Նրա խոսքով, ղարաբաղյան կողմը պետք է միայն մեկ հետևություն անի` ներկայիս տեղեկատվական տեղխնոլոգիաների դարում հնարավոր չէ ունենալ փակ հասարակություն:

Բերձորում տեղի ունեցածը փորձություն էր արցախյան քաղաքական համակարգի, արցախյան ժողովրդավարության համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ փորձությանն արցախյան քաղաքական համակարգը չդիմացավ։

«Սրա պատճառն այն է, որ Արցախում 2007 թվականից ի վեր, մինչև այդ էլ դրա սերմերը կային, բայց 2007 թվականից այս կողմ միաբևեռ քաղաքական դաշտ է ստեղծվել, միաբևեռ հասարակություն, որտեղ բացակայում է բանավեճը, երկխոսությունը, և քաղաքական մշակույթն այս մակարդակով դժվար է արձագանքել քաղաքական մարտահրավերի, և նման պարագայում ծնվեց ուժի գաղափարը, մահակի գաղափարը», - ասաց Բաղդասարյանը։

Ըստ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահի, ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացին։

«Բայց բանակցային գործընթացում անընդհատ դավադրություններ, քննարկումներ, բանավեճեր։ Մտավոր մակարդակի այս փորձով ու այս տրամադրվածությամբ մասնակցել բանակցային գործընթացին ուղղակի աբսուրդ է ինձ համար, արցախյան կողմը պատրաստ չէ դրան», - ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով, տեղի ունեցածից ղարաբաղյան կողմը պետք է միայն մեկ հետևություն անի. - «Արցախյան հանրության առջև, արցախյան քաղաքական դաշտի առջև պիտի ծառանա հարցը՝ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, հնարավոր չէ մեր դարում՝ ներկայիս տեղեկատվական տեղխնոլոգիաների դարում ունենալ փակ հասարակություն»։

Հիշեցնենք, հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցների վրա Բերձորի մոտ ոստիկանական մեքենաներով անձինք էին հարձակվել, ծեծի ենթարկել նրանց, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները: Կատարվածի մասին հայտարարությամբ հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը «բացասական արձագանք է ստացել ԼՂ հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Ղարաբաղ»։

«Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասված էր ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG