Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը շարունակում է հարցաքննության հրավիրել գյումրեցիներին


Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած բախումների գործով ոստիկանությունը շարունակում է հարցաքննության հրավիրել գյումրեցիներին։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ կալանավորված կամ ձերբակալված անձիք այս պահին չկան: Թե մինչ այս պահը քանի վկա է հարցաքննվել, Քննչական կոմիտեից չկարողացան ստույգ ասել: Հարցաքննվում են նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Լրագրողներից մեկը, ում հարցաքննել էին, չցանկացավ ներկայանալ, փոխանցեց, որ հիմնականում փորձում էին իմանալ այդ օրվա հետ կապված դեպքերն ու մանրամասները` ինչպես է եղել, ովքեր էին կոչեր հնչեցնողներն ու կազմակերպիչները: Վերջինս պատասխանել է, որ չի հիշում: Նրա հարցաքննությունը տևել է շուրջ երկու ժամ, անցել է գրավոր ընթացակարգով:

Հարցաքննվողներից մեկն էլ Հայկ Բարսեղյանն է: Նրա հարցաքննությունը 2.5 ժամ է տևել:

«Պարզվեց՝ կանչել էին, որպեսզի իմանային ես եղել եմ դեպքի վայրում, թե ոչ, քար նետող մարդկանց տեսել եմ, թե չեմ տեսել, հայհոյանք տվող մարդկանց տեսել եմ, թե չեմ տեսել։ Վերջում պարզվեց՝ իրենք տեսել էին, որ ես այդ օրը լուսանկարներ եմ արել, և ինչքան հասկացա, ուզում էին վերցնել ինֆորմացիան՝ վիդեոն և ֆոտոները, որոնք, ըստ իրենց, ես արել էի։ Քանի որ հիշում եմ, որ այդ օրը ոստիկանը երկու անգամ գլխիս էր խփել, բացի դրանից այլ բան չկարողացա հիշել, իսկ լուսանկարների և վիդեոների հետ կապված նորից չեմ հիշում։ Կարող է արել եմ, բայց չեմ հիշում։ Գլխիս տվեցին, մոռացա»,- ասաց Բարսեղյանը։

Բարսեղյանը հարցնում է.- «Ինչպես է լինում, որ կանչում են՝ իմանան ով է քֆուր տվել կամ քար շպրտել, բայց չեն մտածում, թե որ ոստիկանը որ մարդուն է ծեծել։ Ես ունեցել եմ ընկեր, որի ամբողջ ձախ կողմը լուսաձայնային նռնակից վառվել է»։

Բարսեղյանն ասում է, որ էլի մի քանի հոգու տեսել է քննչականում.- «Կարծում եմ, այն վիճակն է, որ «եկեք ձեզ էնքան տանենք-բերենք, որ մյուս անգամ փողոց դուրս գալուց առաջ մտածեք՝ արժի արդյոք դուրս գալ, հետո ոստիկանություն գնալ»։ Վախի մթնոլորտ չեմ կարծում, որովհետև դժվար է վախեցնել մերոնց։ Երրորդ՝ հաշվետվություն պիտի ներկայացնեն Երևան»։

Ոստիկանությունից այս օրերին ծանուցագրեր են ստանում նաև երևանցի ակտիվիստները: Վիլեն Գաբրիելյանը ևս կանչվել է, բայց քանի որ ծանուցագիրն ուշ է հասել մայրաքաղաք, չի կարողացել ներկայանալ:

«Սա ոստիկանական ահաբեկում է, պետք է վախի մթնոլորտ սփռել, սփռում են, որ քաղաքացիները դուրս չգան բողոքով, պահանջով, դուրս չգան իրենց դեմ»,- ասում է Գաբրիելյանը։

Թե որքան կտևի հարուցված գործի քննությունը ու քանի անձի նկատմամբ քրեական գործ կհարուցվի խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ ընդդիմադրի շատ գործիչներ 2008-ի մարտի 1-ից հետո հենց այս հոդվածով էին դատապարտվել ազատազրկման։

XS
SM
MD
LG