Մատչելիության հղումներ

Շրջանառության հարկի մասին նոր օրինագծի հիմքում «դրվելու է կամավորության սկզբունքը»


Շրջանառության հարկի մասին նոր օրինագծի հիմքում «դրվելու է կամավորության սկզբունքը»
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

«Շրջանառության հարկի մասին» վիճահարույց օրենքը քննարկելու համար արտահերթ նիստ այսօր չհրավիրվեց, թեև անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին։

Պատգամավորները առաջարկեցին արտահերթ նիստ հրավիրելուց առաջ հարցը քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ: Գալուստ Սահակյանը թեև նիստի ընթացքում ընդդիմանում էր, այնուամենայնիվ, ընդունեց պատգամավորների առաջարկը և վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրեց Ազգային ժողովքննարկման:

Վարչապետի հետ փակ քննարկումից հետո «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց՝ ընդհանուր լեզու գտել են: Իշխանության և ընդդիմության մոտեցումները որոշ հարցերում համընկնում են, հաջորդ քառօրյային այդ մոտեցումներն ամփոփող մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան:

Թե որոնք են այդ համընկնող մոտեցումները, Հակոբյանը չմանրամասնեց, ասաց միայն՝ նոր օրինագծի հիմքում դրվելու է կամավորության սկզբունքը:

«Կամավոր պետք է լինի փաստաթղթավորումը, ինչպես նաև եթե կլինեն գործարարներ, որոնք 1 տոկոսի դաշտում կմնան և փաստաթղթավորված կներկայանան, դա կհամադրվի»,- ասաց պատգամավորը։

Եթե այնուամենայնիվ փոխզիջում չստացվի, արտահերթ նիստ ոչ իշխանական ուժերը կհրավիրեն արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում, ասաց «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը։

Պարզվեց՝ Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում չի ընդգրկվել անցյալ տարվա հոկտեմբերին ոչ իշխանական 45 պատգամավորների ստորագրությամբ արտահերթ քննարկման դրված «Կառավարման ճգնաժամի մասին» Ազգային ժողովի հայտարարությունը: Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ) հիշեցրեց՝ հարցը նոյեմբերին չքննարկեցին փոխադարձ համաձայնությամբ, հայկական ուղղաթիռն էր խոցվել և ճգնաժամի մասին քննարկումները որոշեցին հետաձգել։ Սակայն այժմ երբ ճգնաժամը էլ ավելի է խորացել, ինչո՞ւ է Ազգային ժողովի խոսնակը խախտում կանոնակարգը, ընդդիմության իրավունքները և հարցը քննարկման չի դնում։

«Սա նշանակում է, որ դուք իրականում վախենում եք քննարկումներից և դրանով միայն մատնում եք, թե ինչքան ծանր ճգնաժամի մեջ է այսօր գտնվում Հայաստանը և նրան ղեկավարող իշխանությունը»,- ասաց Զուրաբյանը։

Գալուստ Սահակյանը պատասխանեց՝այժմ ավելի հրատապ հարցեր կան,կքննարկեն, հետո կանցնեն ընդդիմության ներկայացրած նախագծին: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց առաջնորդվել բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքով և «իմպերատիվ հարցը» դնել քննարկման։

Գալուստ Սահակյանը պատասխանեց.- «Ձեզ համար իմպերատիվ է, ինձ համար ընդամենը քննարկում է, որը ոչ մի տեղ չի տանում և որևէ արդյունավետություն չի կարող ներկայացնել»։

Շատ ուշագրավ ընթացք ստացավ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը: Գալուստ Սահակյանը առաջարկեց հաստատել անցած նստաշրջանում ընդունված կարգը, որի համաձայն հաշվիչ հանձնաժողովը պետք կազմված լինի 13 անդամներից, որոնցից 7-ը Հանրապետականից, 2-ը՝ ԲՀԿ-ից կլինեն, մյուս խմբակցություններն էլ կունենան մեկական ներկայացուցիչ:Հանրապետականի այսպիսի գերիշխանությանը հաշվիչ հանձնաժողովում մնացած 5խմբակցությունները դեմ էին և հայտարարեցին՝ եթե այս կարգն է գործելու իրենք կրկին կբոյկոտեն և որևէ անդամ չեն առաջարկի հանձնաժողվում: Նաիրա Զոհրաբյանը նկատեց.- «Եթե Հանրապետականը լինելու է դոմինանտ, իսկ մյուս քաղաքական ուժերին վերապահվելու է մասովկայի դերակատարությունը, այս անգամ ևս ԲՀԿ-ն ներկայացուցիչ չի առաջադրելու հաշվիչ հանձնաժողովում»։

«Ընտրակեղծիքների ավանդույթը թափանցել է նաև ԱԺ հաշվի հանձնաժովով»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Ոչ իշխանական խմբակցությունների միասնականությունը տվեց իր արդյունքը, Գալուստ Սահակյանի առաջարկը չընդունվեց:

Արծվիկ Մինասյանն (ՀՅԴ) առաջարկեց վերադառնալ նախկին կարգին, որի համաձայն հանձնաժողովը 11 անդամ ուներ, որից 5-ը՝Հանրապետականից, 2-ը՝ ԲՀԿ-ից, մյուս խմբակցությունները մեկական ներկայացուցիչ ունեին: Այս առաջարկը ևս չընդունվեց՝ հանրապետականների ջանքերով:

Գալուստ սահակյանը նկատեց.- «Կամ նորից վաղը այս խնդրով հանդես կգանք, կամ կորոշեմ միայն ես։ Ես կհաշվեմ, դուք կտխրեք»։

XS
SM
MD
LG