Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում նկատվում է դեղորայքի թանկացում


Թեև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս Հայաստանը արտոնություններ է ստացել դեղերի ներկրման մասով, այդուամենայնիվ, մի շարք տեխնիկական խնդիրների ու դրամի փոխարժեքի անկման պատճառով դեղերը զգալիորեն թանկացել են:

«ԵՏՄ տարածքում դեղագործության ոլորտի շատ հարցեր դեռ համաձայնեցված չեն», - ասում է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: - «Բացթողումներ են եղել կոդերի տարբերության, սահմանային կոդերի կոդավորման հետ։ Տարբեր կոդերի տակ տարբեր հասկացողություններ են եղել, և հիմա որոշ հումքատեսակներ բավականին թանկ մաքսազերծվել են այս մի քանի օրը։ Դրանով էլ արդյունքում պարզվել է, որ մենք խնդիր ունենք»։

Ըստ Զաքարյանի, կա մեկ այլ կարևոր խնդիր ևս․ Հայաստանում արդեն գործում են եվրոպական չափանիշներին համապատասխանող JMP հավաստագրերը, մինչդեռ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը շարունակում են աշխատել ԳՈՍՏ-ով․ - «Հանձնաժողովներ են ստեղծվել չորս երկրներում, և չորս երկրի հանձնաժողովի անդամներ պետք է բանակցեն, թե ինչ ընդհանուր հայտարարի գան։ Այս դեպքում պետք է հասկանանք, որ եթե ստեղծվում է չորս երկրների JMP հավաստագրերի գործակալությունը, մենք պահպանո՞ւմ ենք եվրոպական JMP-ն, թե՞ չէ։ Մենք ուզում ենք պահպանել, որովհետև Հայաստանի համար արտահանումը ցանկացած բնագավառում կրիտիկական նշանակություն ունի»։

Թեև Հայաստանը պաշտոնապես արդեն անդամակցել է ԵՏՄ-ին, այս հարցրի շուրջ հանձնաժողովները դեռ նոր են սկսում աշխատել: Գառնիկ Սահակյանը, ով Վանաձորում դեղատուն ունի, արդեն մի քանի ամիս դեղեր չի ներկրում և հայտնվել է բիզնեսը կորցնելու վտանգի առջև։

«Ականջդ լսում ա, որ բարեփոխումներ և այլն, բայց աչքդ էլ տեսնում ա, որ ճիշտ հակառակն ա լինում։ Ո՞նց կարա խորը տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանը Հայաստանի համար փրկություն լինել։ Ներկրում մինչև անցյալ տարի արել եմ, բայց շուկայից ուղղակի դուրս մղվեցի։ Ես շատ հոռետեսորեն եմ վերաբերվում ԵՏՄ-ին, որովհետև կործանվող, խորտակվող նավից սովորաբար փախչում են, բայց էս ինշխանությունը իշխանությունը պահելու համար ամեն ինչ էլ պատրաստ է անել», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Մայաքաղաքի դեղատներում դեղերի թանկացման մասին հարցերին չէին ցանկանում պատասխանել կամ նշում էին, որ իրենց մոտ գներն ընդհանրապես չեն բարձրացել։ Դեղատներից միայն մեկում, չնկարահանվելու պայմանով, նշեցին, որ վերջին ամսվա ընթացքում թանկացել են հատկապես ամենօրյա օգտագործման դեղերը․ - «Հիմնականում թեկուզ ճնշման դեղերը, որ ավելի անհրաժեշտ ա մարդկանց, էդ դեղերը թանկացել են․․․ Ամեն ապրանք ստանալուց էդ թանկացումները նկատվում են։ Մեկնաբանություն չի եղել։ Ընդհանուր դեղերը ստանալուց ֆիրմաներից, թանկ գներով ենք ստանում»։

Փոխարենը դեղատներից դուրս եկողները թանկացումների շարքը բավական երկար էին թվարկում:

«Շաքարախտով հիվանդների դեղերը թանկացել են, և դժվար ա: էդ էն դեղն ա, որ ամեն օր պետք է գնվի։ Իսկ ինչի հետ ա կապված, բոլորն էլ գիտեն, որ ով ինչ գին ուզում ա, դնում ա։ Չենք կարա չնկատենք, բայց ինչ անենք, դեղն էն բանն ա, որը որ պետք է առնվի ու վերջ», - «Ազատության»-ն ասաց միջին տարիքի մի կին։

Դեղերի շուկայի անկայուն վիճակը ներմուծող ընկերությունները կապում են փոխարժեքի տատանումների հետ ու նշում, որ դեկտեմբերին բարձր գներով ներկրված դեղերը իրենց գները դեռ պահպանում են, սակայն մոտ ապագայում կայունացում կնկատվի։

«Վագաֆարմ» ընկերությունից նշում են, որ այժմ դոլարով ներկրված դեղերն են միայն մյուսներից ավելի բարձր գնով վաճառվում։

Դեղարտադրողներն ու ներմուծողները սպասում են ԵՏՄ ոլորտի կարգավորումներին։

«Երբ որ մեզ պնդում են, որ ԵՏՄ-ն կբացի նոր սահմաններ այդ երեք երկրներում, նոր առևտրի հնարավորություններ, դա այդպես չէ դեղագործության մասով։ Այսինքն մենք երբևէ չենք ունեցել խնդիր այդ երեք երկրներում գրանցելու կամ արտահանելու համար։ Հակառակ մենք կարող ենք նոր մարտահրավերների դեմ կանգել, երբ որ արդեն սահմաները բացվեն և այնտեղի կազմակերպությունները իրենց աշխատելաոճով, կամ արտադրատեսակներով փորձեն մտնել և արագ գրավել Հայաստանի նման փոքր շուկան», - ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG