Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զեկույց


Ըստ «Ստրատֆոր»ի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:

Հետազոտական այս կենտրոնի փորձագետները հիշեցնում են, որ հունվարի 29-ի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից, եթե համաձայնությունները չպահպանվեն, բայց միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանի հետ ինտեգրումը խորն է ու ամուր: Իսկ Հայաստանը աճող դժվարությունների է հանդիպում Ադրբեջանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի:

«Ստրատֆոր»-ի վերլուծաբանները նշում են, որ երկու երկրներն էլ հավանաբար կպահպանեն Ռուսաստանի հանդեպ իրենց ռազմավարական կողմնորոշումը, բայց Բելառուսն ու Հայաստանը շարունակաբար կվերագնահատեն իրենց դիրքորոշումը, կապված այն բանի հետ, թե Մոսկվայի ու Արևմուտքի միջև պայքարը ինչի կհանգեցնի:

Զեկույցում առանձին անդրադարձ կա երկու երկրներից յուրաքանչյուրին: Նշված է, որ Հայաստանը երկար ժամանակ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվայի հանդեպ Հայաստանի կողմնորոշման հիմնական գործոնը Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ հակամարտությունն է: Այն բանից հետո, երբ վեցամյա պատերազմում Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, Ռուսաստանը դարձավ Հայաստանի անվտանգության դե ֆակտո երաշխավորը: Հաստանում տեղակայված ռուսական 5 հազարանոց զորախումբը զսպում է տարածքները վերադարձնելու Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունները, ինչպես նաև պաշտպանում է Կովկասին հարևան մեծ տերությունների՝ Թուրքիայի ու Իրանի հետ Հայաստանի սահմանները:

«Ստրատֆոր»-ի վերլուծաբանները նշում են, որ ամեն դեպքում Ուկրաինայի ճգնաժամը ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով աճել է լարվածությանը, հրադադարը խախտման բռնկումներ տեղի ունեցան 2014-ի օգոստոսին, իսկ նոյեմբերին ադրբեջանական զորքերը հայկական ուղղաթիռ խփեցին: Ադրբեջանը հակամարտությունում ավելի մանևրելու հնարավորություն է ձեռք բերել էներգետիկ ռեսուրսների հաշվին, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանի ուշադրությունը բևեռված է Ուկրաինայի իրադարձությունների վրա:

«Այս գործոններով պայմանավորված Հայաստանը հարցականի տակ է դնում Ռուսաստանի հանձնառություն որպես անվտանգության երաշխավորի, հատկապես, որ Մոսկվան թույլ արձագանքեց հայկական ուղղաթիռը խփելու միջադեպին: Հայաստանը պատասխան որևէ ուժեղ գրոհ չձեռնարկեց, իսկ հունվարի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ խփված ուղղաթիռը շեղվել էր կուրսից, ու նաև հայտնեց, որ միջադեպի պատճառով պաշտոնանկություններ են կատարվել»,- նշված է զեկույցում։

«Ստրատֆոր»-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ապշեցուցիչ ու արտառոց խոստովանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որից օգտվելու փորձեր կարող են անել Արևուտքը և Թուրքիան:

«Ամեն դեպքում Հայաստանը կզգուշանա շատ հեռու մնալ Ռուսաստանից: Չնայած վերջերս Գյումրիում ռուս զինվորը մի ընտանիք սպանեց, ինչի պատճառով Հայաստանում վիճաբանություն և ցույցեր տեղի ունեցան, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը կանգնեց Մոսկվայի կողքին: Օհանյանն ասաց, որ միջադեպը չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերություններում՝ նշելով, որ Հայաստանում ռուսական ռազմական առկայությունը տարածաշրջանային մեծ խնդիրներ է լուծում»։

Ռուսաստանի ռազմական աջակցությանը Հայաստանի համար ծայրահեղ կարևոր նշանակություն ունի, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումը կամ սրվելը, ինչպիսիք են ադրբեջանական զորքերի պնդումները, թե հունվարի 29-ին հայկական անօդաչու թռչող սարք են խփել, կարող է փորձաքար դառնալ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի դիրքորոշման համար, կարծում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները։

XS
SM
MD
LG