Մատչելիության հղումներ

Մոբիլիզացիա՝ Դոնբասում


Ուկրաինացի զինծառայողները Դոնբասի շրջանում, 2 փետրվարի, 2015թ.
Ուկրաինացի զինծառայողները Դոնբասի շրջանում, 2 փետրվարի, 2015թ.

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն այսօր հայտարարել է առաջիկա օրերին զորահավաք անցկացնելու և մինչև 100 հազար մարդ զորակոչելու մտադրության մասին:

«Մենք անհրաժեշտ թվով մարդկանց են զորակոչելու, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ռազմաճակատում, այն, ինչ անում է Ուկրաինան, ստիպում է մեզ զորակոչել նրանց, ովքեր ի զորու են զենք կրել, հիմա դա առավել քան հրատապ է դառնում, դա կլինի համընդհանուր զորակոչ»,- ասել է Զախարչենկոն։

Նրա խոսքերով, Ուկրաինայի ուժայինները հարավում` Դոնեցկի օդակայանի շրջանում և Պեսկի բնակավայրի մոտակայքում, ընդլայնում են իրենց ռազմական ներկայությունը, և Դոնբասը պետք է հավասարակշռություն ապահովի։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ադրի Լիսենկոն ասել է, որ Կիևը նախ պետք է ստուգի Դոնբասում զորակոչի մասին տեղեկությունը։

«Սա նշանակում է, որ ապստամբները մարդուժի խնդիր ունեն և չեն կարողանում լուծել ռազմավարական նշանակություն ունեցող Դեբալցևո ավանը գրավելու խնդիրը։ Դեբալցևոյում մեր ուժերը բավական են քաղաքը պահելու համար»,- ասել է նա։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ անցած 24 ժամում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունեցած բախումներում սպանվել է 5 ուկրաինացի զինծառայող։

Ռուս անջատականները, մեղադրելով ուկրաինացի ուժայիններին, ասել են, որ այդ նույն ժամանակաշրջանում 11 խաղաղ բնակիչ է զոհվել։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունվարի 31-ին անցկացված բանակցությունները ձախողվել են․ անջատականները պնդում են, որ դա տեղի է ունեցել Կիևի ապակառուցողական մոտեցման պատճառով։

Մինչդեռ, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն պնդում են, որ ռուս անջատականներն են հրաժարվել քննարկել անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Մինսկում կնքված հրադադարի պայմանագրի կատարման հարցը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ հարցը քննարկել են հեռախոսով։ Նրանք ափսոսանք են հայտնել Մինսկի հանդիպման ձախողման կապակցությամբ և հայտարարել, որ հակամարտության շրջանում անհապաղ անհրաժեշտ է հրադադար հաստատել։

Չինաստան այցելած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած ասուլիսում ասել է, որ Կիևը պարտավոր է անմիջական երկխոսություն հաստատել Դոնբասի ղեկավարության հետ։

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ` անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն։ Մենք ակտիվորեն կաշխատենք այդ ուղղությամբ, որպես Շփման խմբի անդամ, ԵԱՀԿ անդամ և Ուկրաինայի հարևան, որն էապես աջակցում է Ուկրաինայի տնտեսությանը»,- ասել է Լավրովը։

«Նյու Յորք Թայմս» օրաթերթը երեկ հաղորդել է, որ Միացյալ Նահանգներում նորից քննարկում են ուկրաինացիներին պաշտպանական նշանակության զենք մատակարարելու հնարավորությունը։ Ըստ պարբերականի, այդ մասին սկսել են հրապարակավ խոսել պետքարտուղար Ջոն Քերրին, Զինված ուժերի միավորված շտաբների պետ գեներալ Մարթին Դեմփսին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդհուպ մինչև վերջերս նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը միայն ոչ մարտական զինատեսակներ է տրամադրել Ուկրաինային։

Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Գերմանիայի ղեկավարները մերժում են Կիևին մարտական զենք տրամադրելու հնարավորությունը։

Կանցլեր Անգելա Մերկելն այսօր ասել է, որ ուկրաինական ճգնաժամը պետք է հաղթահարվի միայն դիվանագիտական եղանակով։ Անցյալ տարվա ապրիլից սկսված բախումների ընթացքում Ուկրաինայում զոհվել է ավելի քան 5100 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG