Մատչելիության հղումներ

Համածառայակցին սպանելու համար 4 զինվորներին մեղադրանք է առաջադրվել


Համածառայակցին սպանելու համար 4 զինվորներին մեղադրանք է առաջադրվել
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Չորսն էլ կալանավորված են։

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, այսօր աշխատանքից ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը։ Բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկությունը կապված է հինգ օր առաջ ինստիտուտում տեղի ունեցած սպանության հետ։

Հիշեցնենք, հունվարի 29-ին վաղ առավոտյան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր 1-ին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված։

Ի դեպ, սա ռազմական ինստիտուտում արձանագրված սպանության առաջին դեպքը չէ. մոտ երկու տարի առաջ էլ նույն ինստիտուտում կուրսանտը սպանել էր զինվոր Սիփան Մովսիսյանին։ Դեպքից հետո ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, ինչը, սակայն, ղեկավարությունը չէր ընդունել։

Օրեր առաջ տեղի ունեցած ​սպանության գործով այսօր մեղադրանք է առաջադրվել ​ձերբակալված 4 կուրսանտներին խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Ապացույցների համակցությամբ նախկինում հայտարարված 4 անձանց, ովքեր որ ձերբակալվել էին, մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար՝ այն է քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով։ 4 համածառայակիցների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, և միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման և բազմակողմանի հետազոտման ուղղությամբ», - ասաց Տռուզյանը։

Հարցին, թե գործով այլ անձինք ռազմական ինստիտուտից ներգրավված են, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ 4 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նախաքաննության ընթացքի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»։

«Ազատության» ճշտող հարցին, թե գործով հրամանատարական կազմից հարցաքննվել են, Տռուզյանը պատասխանեց, որ քրեական գործով կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները. - «Ներկայումս էլ շարունակվում եմ, ուղղակի, նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ հրապարակել չենք կարող»։

Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների, սպանության համար մեղադրվողներից մեկը ռազմական ինստիտուտի արդեն նախկին պետի տեղակալներից մեկի որդին է։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս դեպքում մտահոգությունն ավելի մեծ է, քանի որ միջադեպը տեղի է ունեցել ռազմական ուսումնական հաստատությունում, որը պետք է որակյալ կադրեր ապահովի Զինված ուժերի համար։

Հարությունյանը տեղին, արդարացի համարեց ու կիսեց նման միջադեպերի ժամանակ հանրության այն պահանջը, որ բացի հանցագործության անմիջական կատարողներից պատժվեն նաև վերին օղակների պատասխանատուները։

«Բայց, իրավական հարթության մեջ մենք ունենք խնդիր. այսինքն, եթե իսկապես քննությունը պարզի, և դրա համար ի հարկե պետք է դրսևորվի նաև համապատասխան կամք, որ իսկապես տվյալ անձինք իրենց հրամանատարական կոչումով, զբաղեցրած դիրքով, ավելի բարձր ծառայողական դիրք ունեցող անձինք իսկապես կիսում են որոշակի մեղավորություն՝ իրենց պարտականություններն ավելի թերի, ավելի անփույթ, իրենց պարտականություններն ամբողջությամբ չկատարելու համար, կարծում եմ, որ արդեն կունենանք իրավական հարթության մեջ նաև ճիշտ որակված արարք», - ասաց Հարությունյանը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ ռազմական ինստիտուտի պետի պաշտոնանկությանը կհետևեն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի այլ պաշտոնանկություններ ևս։

«Կարևորը հիմա նախաքննությունն է պրոցեսի, հստակ որևէ տեղեկություններ այդ մասին հաղորդել չեմ կարող, միայն կնշեմ, որ պաշտպանության նախարարը շաբաթ օրը կայացած խորհրդակցության ժամանակ հստակ հայտարարեց, որ արմատական փոփոխություններ է կատարելու ինստիտուտի ղեկավար կազմում, մնացածին սպասենք», - փոխանցեց Հովհաննիսյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է ինստիտուտի ղեկավար կազմը ամբողջությամբ պաշտոնանկ արվի, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ամեն ինչ հնարավոր է, սպասենք հետագա զարգացումներին»։

Հավելենք, որ դեպքից անմիջապես հետո ռազմական ինստիտուտում ծառայողական քննություն էր նշանակվել, որի արդյունքներն առայժմ հայտնի չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG