Մատչելիության հղումներ

«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային նախագծի շրջանակներում փետրվարի 4-ից կսկսվեն Հայաստան ժամանած մի խումբ անվանի երաժիշտների հյուրախաղերը, որոնց կմասնակցի նաև «Արամ Խաչատրյան» տրիոն:

Համերգները կկայանան Երևանում, Էջմիածնում ու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

«Երաժշտություն հանուն խաղաղության» միջազգային երաժշտական նախագիծը 4 տարի առաջ ստեղծել են միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ դաշնակահարուհի Մարիա Նեմցովան և սաքսաֆոնահար Վիտալի Վատուլյան՝ նպատակ ունենալով աջակցել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց, տեղի շնորհալի երիտասարդ երաժիշտներին ընձեռել նախագծի շրջանակում այլ երկրներում հանդես գալու հնարավորություն:

«Արամ Խաչատրյան» տրիոյի հետ նախագծի հետ համագործակցում է 2012 թվականից, երբ Երևանում մասնացեցին նրանց առաջին հյուրախաղերին: Դրանց հետևեց հայ երաժիշտներ՝ դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանի և սաքսաֆոնահար Արթուր Քոչարյանի մասնակցությունը Մոսկվայում կայացած գալա համերգին:

Այս տարի ևս հայաստանյան համերգներին կմասնակցի «Արամ Խաչատրյան» տրիոն: Լրագրողների հետ հանդիպմանը Վիտալի Վատուլյան այսօր ասաց, որ մեծ սիրով ու հաճույքով են համագործակցում տրիոյի հետ, որի ջանքերի շնորհիվ կրկին ժամանել են Հայաստան:

«Այս անգամ այլ կազմով ենք եկել», - շարունակեց նա՝ շեշտելով, որ իրենց հետ համագործակցում են տարբեր երկրների ավելի քան 20 երաժիշտներ, որոնց հետ համատեղ հանդես են եկել տարբեր պատճառներով հակամարտության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի երկրներում:

«Ազատության» հարցին, թե տեղյակ են արդյոք, որ Լեռնային Ղարաբաղում համերգներից հետո, ինչպես աշխարհահռչակ շատ երաժիշտների դեպքում է եղել, իրենց ամենայն հավանականությամբ թույլ չեն տա մեկնել Ադրբեջան, Վատուլյան պատասխանեց, որ տեղյակ են: Իսկ «Արամ Խաչատրյան» տրիոյի ջութակահար Կարեն Շահգելդյանը հավելեց, որ դեռ նախորդ այցելության ժամանակ իրենք ազնվորեն զգուշացրել են այդ մասին, և նրանք մեծ սիրով համերգներ են ունեցել Ստեփանակերտում:

Վիտալի Վատուլյան նշեց, որ իրենց հետ Հայաստան են եկել Եվրոպայում լավագույն սաքսաֆոնահարների կոչման արժանացած երաժիշտներ: Կատարվելու են Կոմիտասի և Արամ Խաչատրյանի, Բախի, Բրամսի, Գրիգի, Չայկովսկու ստեղծագործությունները:

Մարիա Նեմցովան ասաց, որ այս հյուրախաղերից հետո էլ կընտրեն շնորհալի պատանի երաժիշտներին՝ մասնակցելու իրենց մյուս հյուրախաղերին ու Մոսկվայի գալա համերգին:

«Մեզ համար շատ կարևոր էր, որ անցյալ անգամ մեզ հետ Մոսկվա տարանք պատանի երաժիշտներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից, որոնք փայլուն հանդես եկան գալա համերգին: Նույնը հույս ունեք անել նաև այս անգամ», - նշեց նա:

XS
SM
MD
LG