Մատչելիության հղումներ

Վերաքննիչն անփոփոխ թողեց Շանթի և ընկերների գործով դատավճիռը


Րաֆֆի Հովհաննիսյան. Հանուն Հայաստանի Հանրապետության չէ
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

«Հանուն Հայաստանի Հանրապետության չէ» - հայտարարեց դատավարությանը ներկա Րաֆֆի Հովհաննիսյանը և լքեց դատարանի դահլիճը:

Վերաքննիչ դատարանը այսօր որոշեց անփոփոխ թողնել Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին ատյանի դատարանի 2014-ի հոկտեմբերի 17-ի որոշումը:

Անփոփոխ մնաց նաև անչափահաս Շահեն Հարությունյանի դատավճիռը, ով դատապարտվել էր 4 տարվա պայմանական ազատազրկման:

Դատարանի որոշմանն առաջինը դեմ արտահայտվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» առաջնորդը նիստը մեկնարկելուն պես թիկունքով էր շրջվել դեպի դատարանը, իր վրդովմունքը բարձրաձայնեց հենց դատավորի ելույթի ընթացքում ու լքեց դահլիճը՝ ասելով․ - «Հանուն Հայաստանի Հանրապետության չէ»:

«Սա քաղաքական դատավճիռ է, որ չընտրված պաշտոնավարը, գործավարը Կոլումբիայի համալսարանում, խախտելով անմեղության կանխավարկածը, արդեն ասել էր, որ ինքը [Շանթը] հանցագործ է: Ով Շանթ Հարությունյանին դատապարտում է, ինքն է հանցագործ», - հավելեց Հովհաննիսյանը:

Դատարանում բարձրացած աղմուկի ու վիրավորական բացականչությունների ներքո դահլիճն անմիջապես լքեցին նաև դատավորները:

Դատապարտյալների հարազատներն իրենց զայրույթն արտահայտում էին նաև դատարանից դուրս․ - «Սաղ ծախված են: Սերժիկի մարդիկն են: Վախում են ճիշտ բան ասեն՝ գործից հանեն»:

Շանթ Հարությունյանն ու իր համախոհները ճաղերի հետևում հայտնվեցին 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիայից ու ոստիկանության հետ բախումներից հետո: Տուժող ճանաչված ոստիկանները դատարանում պնդում էին, որ ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել իրենց հրահանգներին, գործի էին դրել ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ինչի արդյունքում իրենց «աչքերն են մրմռացել», կոշիկներն են վնասվել:

Խուլիգանություն ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն որակելով կատարվածը՝ առաջին ատյանի դատարանը 1-7 տարվա ազատարկման դատապարտեց Շանթին ու ընկերներին:

«Մեր գխին սարքեցին: Մենք քաղաքական հայացքների համար դուրս եկանք փողոց, բայց որպես խուլիգաններ դատվեցինք․․․ Իսկ Վերաքննիչ դատարանը իրա ախպոր որոշումը չէր փոխելու», - դատավճռի հրապարակումից հետո ասաց Շանթի որդին՝ չորս տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը:

Պաշտպանական կողմի համար որոշումը որքան սպասելի էր, նույնքան էլ զավեշտալի: Փաստաբան Արա Զաքարյանի պնդմամբ՝ Վերաքննիչ ու ընդհանուր իրավասության դատարանների դատավճիռները վկայում են, որ արդարադատությունը կախված է վերին իշխանության հրահանգից․ - «Վերաքննիչ դատարանը վարվելու է տվյալ դեպքում նույն կերպ, ինչ վարվում է շատ դեպքերում: Բերում է, ըստ էության, առաջին ատյանի դատարանի հիմնավորումները, հետո մի քանի նախադասությամբ ասում է՝ այսպիսով առաջին ատյանի դատարանի դատավճիռը հիմնավորված է, օրինական է»:

Զաքարյանը վստահեցրեց, որ դիմելու են նաև Վճռաբեկ դատարան, իսկ հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո գործը հասցնելու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

XS
SM
MD
LG