Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան. «Հիմնադիր խորհրդարանի» անդամները պրովոկացիայի են ենթարկել ոստիկաններին»


Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Ղարաբաղցի պաշտոնյայի խոսքով՝ կատարվածը բացառիկ երևույթ է, սակայն ակցիան վաղուց բացասական արձագանք էր գտել ԼՂ-ում:

Ըստ ամենայնի, «Հիմնադիր խորհրդարանի» (նախկին «Նախախորհրդարան») անդամները պրովոկացիայի են ենթարկել ոստիկաններին, «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով շաբաթ օրը Բերձորի մոտ տեղի ունեցած իրադարձությունները:

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են, ծեծի ենթարկել Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոշարասյան մասնակիցներին, ջարդել մեքենաների ապակիները, պոկել դրոշները:

Բաբայանի խոսքով՝ այն, ինչ կատարվել է, բացառիկ ինչ-որ մի երևույթ է, սակայն «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնած ակցիան վաղուց բացասական արձագանք էր գտել ամբողջ Լեռնային Ղարաբաղում, և նրանց էլ հորդորել էին զերծ մնալ այդ նախաձեռնությունից, սակայն հորդորները որևէ արձագանք չեն գտել։

«Երբ որ այդ ավտոշարասյունը պիտի գար Արցախ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված, մի քանի հարյուր հոգի, եկել էին, որ թույլ չտան նրանց մուտքը Արցախ։ Այդ ժամանակ ոստիկանությունը, որը կանգած է եղել այդ մարդկանց միջև, մի կողմից չէր թողնում, որպեսզի այդ բազմահարյուրանոց խումբը և ավտոշարասյան մասնակիցները իրար հետ բախվեն, հեռու էր պահում այդ հարյուրավոր մարդկանց երևի մեկ կիլոմետր, և ոստիկանությունը փորձում էր նրանց հորդորել, որպեսզի վերադառնան», - փոխանցեց ղարաբաղցի պաշտոնյան՝ շարունակելով․ - «Արդյունքում «Նախախորհրդարանից» մի քանի հոգի, փաստորեն, հորդորները ոչ միայն չեն ընդունել, այլև քայլեր կատարեցին, որի ընթացքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Փաստորեն, ոստիկանությանը ստիպեցին, որ նա դիմի ինչ-որ քայլերի, ու դժբախտաբար կային տուժածներ, և, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Արձագանքելով «Հիմնադիր խորհրդարանի» տարածած տեսագրությանը, որտեղ ոստիկանական համազգեստով անձինք մահակներով ծեծում են անզեն մարդկանց, Բաբայանն ասաց, որ այդ տեսագրությունում ձայն չկա, միայն կադրեր են, իսկ ձայնը դրված չէ, որովհետև, ըստ ամենայնի, երթի մասնակիցները պրովոկացիաների են ենթարկել, հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին, դրա համար էլ իրավիճակը զարգացել է տվյալ ձևով։

«Կարծում եմ, որ հիմնական նպատակը եղել է հենց այդ՝ գան այստեղ և մի ակցիա կազմակերպեն, պրովոկացիա անեն», - ընդգծեց Բաբայանը։

«Ի՞նչ կապ ունի Արցախը Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական զարգացումների հետ, իշխանափոխության հետ։ Արցախը անկախ պետություն է, չի քվեարկել ո՛չ [Հայաստանի] նախագահի, ո՛չ խորհրդարանի և այլնի ձևավորման համար։ Եվ վերջապես՝ նման լոզունգները, որ Արցախը Հայաստանի մարզ է, և այլն, և այլն, այսպիսի երևույթները Արցախի հանրության կողմից շատ բացասական արձագանք են ստանում, որովհետև մենք ամեն վայրկյան զգում ենք թշնամու՝ Ադրբեջանի ազդեցությունը, ամեն վայրկյան», - «Ազատության» հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Հարցին, թե ընդունո՞ւմ է արդյոք, որ ոստիկաններն են մահակներով ծեծել երթի մասնակիցներին, Բաբայանն արձագանքեց, թե ոստիկաններն իրենք եղել են մահակներով, բայց դեպքը, որը տեղի է ունեցել, չի եղել նրանց նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ որոշ մարդիկ պրովոկացիայի են ենթարկել, ու «այդպիսի բան է ստացվել»։

Իսկ հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը չկարողացավ կանխել ծեծուջարդը, Բաբայանը պատասխանեց․ - «Չէ, ես չեմ կարծում, որ չէր ուզում, երևի ամենաշահագրգռված կողմը, որ այդպես չզարգանան այդ իրադարձությունները, եղել է հենց Արցախը։ Մեզ ինչի՞ էր պետք նման քայլերի դիմել»:

«Ոստիկանությունը կատարել է իր գործը, ճիշտ է, արդյունքում տեղի է ունեցել այդպիսի զարգացում։ Ասեմ, որ տհաճ բան է, իհարկե, բայց ամբողջ պատասխանատվությունը մի քանի հոգու վրա է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանությունը եթե չպահեր, ինչ կարող էր լինել մեկ կիլոմետր հեռու գտնվող այդ խմբի հետ, եթե բախվեին իրար», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Արձագանքելով դիտարկմանը, թե արդյոք այն, որ Լեռնային Ղարաբաղում թեկուզ մեծ մասը դեմ էր, որ «Հիմնադիր խորհրդարանը» մուտք գործեր Ղարաբաղ, և չէր կիսում նրանց տեսակետները, իրավո՞ւնք է տալիս նրանց փակել Հայաստան - Ղարաբաղ սահմանն ու թույլ չտալ մտնել ԼՂ, Բաբայանն ասաց, որ «ցանկացած հայ իրավունք ունի մտնել Արցախ»:

«Եթե այդ մարդիկ, օրինակ, ասեին, որ գալիս են սահմանները, զինվորներին հորդորելու, որ գալիս էին ինչ-որ շենք կառուցեն Արցախում, ինչ-որ միջոցառման մասնակցելու, որևէ մեկը խոչընդոտ չէր լինի։ Բայց այն գաղափարները, որ նրանք քարոզում են․․․ Այսինքն, մենք ոչ թե դեմ ենք, որ մեկը մուտք գործի Արցախ, ժողովուրդը դեմ է, որ նման նախաձեռնությունները և նման գաղափարներ օգտագործվեն Արցախում ու Արցախը ներգրավվի այս ներքաղաքական, ինչ-որ նեղ շահեր հետապնդող գործընթացներում», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG