Մատչելիության հղումներ

«Բուժհիմնարկները ծննդօգնության հավաստագրի տրամադրումը ուշացնելու իրավունք չունեն»


«Ազատության» զրուցակիցը 33 շաբաթական հղի է։ Ասում է՝ դեռ ծննդօգնության պետական հավաստագիրը չի ստացել, մտածում է՝ պատճառնն այն է, որ բուժհիմնարկը այդ կերպ փորձում է պարտադրել իրեն ծննդաբերել հենց իրենց մոտ, քանի որ արդեն հաշվառման վերցնելու պահից այդ պայմանը դրվել է։

«Երբ ես տանում էի իմ փաստաթղթերը, որպեսզի կոնսուլտացիայի համար գրանցվեի, ինձ ասացին՝ եթե ցանկանում եմ էս հիվանդանոցում ծննդալուծվել, այդ դեպքում միայն կարող են վերցնել ինձ հաշվառման։ Ասացին, որ իրենց վրա խոսակցություն է գալիս, եթե վերցնում են հաշվառման, բայց վերջում կինը չի ծննդալուծվում այդ նույն հիվանդանոցում»,- պատմեց հղի կինը։

Մեր զրուցակիցը ասում է, որ իր խոստման գերին է դարձել.- «Դու իրենց խոստանում ես, որ այդտեղ ես ծննդաբերելու ու կարծես ուզում ես քո խոսքը պահել, չես ուզում խաբած լինես։ Պատասխանատվություն եմ զգում, ի վերջո իմ գինեկոլոգը ինձ լավ է վերաբերվել, չեմ ուզում, որ հետո իր վրա խոսակցություն գա։ Կողքից լսում եմ, որ ուրիշ հիվանդանոցներում կան լավ գինեկոլոգներ, որոնք ծնունդը ընդունում են, որովհետև ես ծնունդ ընդունող լավ գինեկոլոգ չգիտեմ, ու հավանական է, որ եթե չլիներ այդ խնդիրը, ես փոխեի հիվանդանոցը»։

2008 թվականին Հայաստանում ներդրվեց ծննդօգնության պետական հավաստագիրը, որը պետք է տրվի կնոջը հղիության 22 շաբաթը լրանալուց հետո։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասաց, որ պետական հավաստագրի չտրամադրման դեպքեր անցած տարի գրանցվել են Վաղարշապատում, սակայն նոր դեպքերի մասին բողոքներ չունեն։

«Դրանք խախտումներ են, եթե հավաստագիրը չեն տալիս ու ասում են՝ կգաք, մեր ծննդատանը կծննդաբերեք։ Եթե նման փաստեր ունեք, մենք շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ տրամադրեք։ Մենք այս փաստերի հետքերով կգնանք, և խիստ նկատողություն կստանան այն հիմնարկների ղեկավարները, որոնք նման վարքագիծ են դրսևորում։ Շատ տարօրինակ է, բայց մեզ երբևիցե չեն զանգում, որ սա չի տվել, նա տվել է և այլն։ Կարող է տարվա մեջ եզակի դեպքեր լինեն։ Վաղարշապատում մի քանի անգամ չէին տվել, մենք հարցը կարգավորեցինք»,- ասաց Ավագյանը։

Բանն այն է, որ բուժաշխատողները ֆինանսական շահ ունեն այստեղ։ Որքան շատ ծնունդ, այնքան շատ աշխատավարձ։ Սա չեն թաքցնում նաև Առողջապահության նախարարությունում։ Այս մեխանիզմը, սակայն, առողջ մրցակցություն պետք է ապահովեր բուժհիմնարկների միջև։ Բայց հիվանդներին գրավելու համար փաստորեն որոշ հիվանդանոցներում գործում է ոչ թե որակը, այլ պարտադրանքը։

«Նման իրավունք չունեն։ Ճիշտ է, ես հասկանում եմ՝ իրենք ուզում են, որ ծնունդների թիվը իրենց մոտ մեծանա, բայց ոչ թե պարտադրանքով, այլ ծառայությունները բարելավելով։ Այս ճանապարհով պետք է գնալ»,- ասաց Գայանե Ավագյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG