Մատչելիության հղումներ

Բնակիչներն ընդդեմ կառուցապատողի. Քաղաքացիները պայքարում են կանաչ գոտու համար


Բնակիչներն ընդդեմ կառուցապատողի. Քաղաքացիները պայքարում են փոքրիկ կանաչ գոտու համար
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

Շաբաթ օրը Երևանի կենտրոնում՝ Կողբացի փողոցի մի քանի շենքերի բնակիչներ, իբրև բողոքի գործողություն, պոկեցին այգու տարածքում իրականացվող շինարարության պաստառը, լցրեցին հատված ծառերի տեղում շինարարի կողմից փորված փոսերը՝ հայտարարելով, թե թույլ չեն տա, որ առանց այն էլ կանաչ գոտուց զուրկ կենտրոնը վերածեն անապատի։

Օրեր առաջ Կողբացի փողոցի երկու շենքերի արանքում գտնվող փոքր այգին բնակիչները հայտնաբերել են «Բարեկարգ Երևան» պաստառով շրջապատված՝ «Կառուցվում է հասարակական նշանակության օբյեկտ» գրառմամբ։ Տեղեկությունները կառուցապատողի մասին բնակիչներին ոչինչ չեն հուշել։

«Մինիմում կանաչ գոտի էր, որով կարող էինք մխիթարվել։ Տասնյակ շենքերի շրջապատում մի հատ կանաչ գոտի չկա, հիմա նորից պատեր»,- ասում էր բնակիչներից մեկը։

Բնակիչներին զայրացրել է այն, որ մեկ գիշերվա ընթացքում առանց իրենց հետ քննարկելու կառուցապատողը այգին վերածել է շինհրապարակի, ծառերն արմատախիլ արել, քանդել տարածքը։ «Հյուսիսային պողոտա 6» համատիրության անդամ Վարուժան Մուրադյանը քաղաքապետարանից մանրամասներ է պահանջում՝ նշելով, որ «Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատման» մասին օրենքն արգելում է այդ հատվածում կանաչ գոտու հաշվին շինարարություն անել։

«Այնքան նորմեր է խախտվել այստեղ, կան կառավարության որոշումներ «Փոքր կենտրոնի կառավարման օրենք» և այլն, որոնք կոչված են անկառավարելի ուրբանիզացիայի դեմն առնելու համար։ Բացի իրավական կողմից, այստեղ կա մեր թթվածնի հարցը»,- ասաց Մուրադյանը։

«Ազատության» այցելության պահին շինարարության վայրում երկու երիտասարդներ զբաղված էին փորման աշխատանքներով։ Քիչ ավելի ուշ նրանք դադարեցրին աշխատանքը՝ իրենց տեղն ու գործիքները զիջելով բողոքի գործողություններին մասնակցող երեխաներին։

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով նույնպես բողոքող բնակիչների շարքում էր, ասաց, որ համապատասխան գրություններ է ուղարկել քաղաքապետարան՝ ստանալու մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես, ով և ինչպես է իրավունք ստացել կանաչապատ տարածքի հաշվին շինարարություն իրականացնելու։

«Վերջերս քաղաքաշինության նախարարը հայտարարեց, որ քաղաքի կենտրոնի կանաչապատում խնդիր է քաղաքի համար, քաղաքապետը նույնպես հայտարարում է դա։ Եթե այդ հայտարարությունները կան, ապա ինչպե՞ս բացատրել այս թույլտվությունը»,- հարցրեց ավագանու անդամը։

Բախշյանը նշում է, որ եթե անգամ կառուցապատողը ունի բոլոր իրավունքները այդ փոքր հողատարածքի նկատմամբ, դա ամենևին չի նշանակում, թե նա կարող է շինարարությունը շարունակել։ Մայրաքաղաքի իշխանություններն էլ իրավունք չունեին նման թույլտվություն տալու, ասում է նա։

«Տեսեք մայթը ոնց են քանդում։ Որքան ագահ պետք է լինի մարդը, որ բարոյական, մարդկային նորմ հաշվի չառնեն»,- զայրանում է Բախշյանը։

Այսօրվա բողոքի ակցիան եզրափակվեց բնակիչների՝ ստորագրահավաք կազմակերպելու որոշմամբ։

Ըստ ցուցատախտակի՝ պատվիրատուն ոմն Վահագն Դավթյան է կամ Վանթյան։ Ցուցատախտակի վրա ազգանունը ընթեռնելի չէ։ Իսկ կապալառուն՝ «Նորմա» ընկերությունն է։ Այս ընկերության մասին կառավարության էլեկտրոնային ռեգիստրում նշված է, որ այն գտնվում է լուծարման եզրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG