Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախկին պետքարտուղարները խորհուրդներ են տվել արտաքին քաղաքականության վերաբերյալ


ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջեր

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջեր

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ոլորտի ամենափորձառու մասնագետները՝ նախկին երեք պետքարտուղարներ Հենրի Քիսինջերը, Ջորջ Շուլցն ու Մադլեն Օլբրայթը ԱՄՆ օրենսդիրներին խորհուրդներ տվեցին արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման շուրջ։

Նախկին պետքարտուղարները հրավիրվել էին Սենատի Ռազմական Հարցերի հանձնաժողով, որտեղ քննարկվում էին առկա արտաքին մարտահրավերների դեմ պայքարի միջոցները:

Մադլեն Օլբրայթը, խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, նշեց, որ հակամարտության պատճառով Եվրոպայի ներսում իրավիճակը սրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չտեսնված աստիճանի:

«Ռուսաստանի շարունակական ագրեսիան Ուկրաինայի դեմ հիմնովին փոխել է անվտանգության հաշվարկները եվրոպական մայրցամաքում և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ նշանավորել ուժի միջոցով սահմանների փոփոխություն», - ասացՕլբրայթը:

Իսլամական խմբավորումների կողմից վտանգի մասին խոսելով՝ Հենրի Քիսինջերը կարծիք հայտնեց, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Մերձավոր Արևելքում պետությունների, էթնիկ և կրոնական խմբերի միջև շարունակվող հակամարտության արդյունքն է:

«Այսպիսով, եթե տարածքը շարունակի մնալ ահաբեկիչների վերահսկողության տակ, որոնք նպատակ ունեն տապալել գոյություն ունեցող բոլոր պետական հաստատությունները, դա անմիջական սպառնալիք է մեր անվտանգությանը»,- ընդգծեց Քիսինջերը:

Ջորջ Շուլցն էլ անդրադարձել էր ներգաղթի խնդրին՝ կոչ անելով ամերիկյան պաշտոնյաներին ավելի մեծ ուշադրություն դարձնել հարևաններին:

«Մենք պետք է որոշենք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, և ինչո՞ւ Էլ Սալվադորում, Գվատեմալայում ու Հոնդուրասում այնքան վատ պայմաններ են, որ ծնողներն ուղարկում են իրենց երեխաներին այնտեղ», - ասաց նա:

Քննարկումն ընդհատվեց մի ցուցարարի կողմից, որը բողոքում էր Հենրի Քիսինջերի՝ Վիետնամում վարած քաղաքականության դեմ: Ցուցարարին թույլ տվեցին արտահայտվել և դուրս հրավիրեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG