Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը միջազգային ասպարեզում շարունակում է անկում ապրել: Սակայն երկրի ներսում գոյանում են նոր կազմակերպություններ, որոնք իրենց առջև դնում են Պուտինին փառաբանելու նպատակ:

Ռուսական «ՍԵՏ»-ը մեկն է այն կազմակերպություններից, որոնք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ինչ քայլի էլ Պուտինը դիմի, կստանա մեր աջակցությունը»,- ասում են կազմակերպության անդամները ու նշում, որ իրենք իրենց երկրի համար ամաչել դադարեցին այն պահից, երբ Պուտինն առաջին անգամ դարձավ նախագահ:

«ՍԵՏ»-ը ոչինչ չի բացահայտում ֆինանսական իր կարողությունների ու աղբյուրների մասին, սակայն այն Մոսկվա է հրավիրում ռուս տաղանդավոր երիտասարդների, ովքեր արվեստի իրենց գործերով պարտավորվում են փառաբանել Պուտինին ու դատապարտել ԱՄՆ-ին:

Չնայած Ռուսաստանի տնտեսության անկման ու ռուբլու արժեզրկման փաստին, մարդիկ այստեղ հաճույքով են գնում այս երիտասարդների պատրաստած ռուբլու պատկերով հագուստները: Նրանք համոզված են կամ փորձում են վստահեցնել ուրիշներին, որ Պուտինը մեծ հարգանք է վայելում նաև ամբողջ աշխարհում:

«ՍԵՏ»-ից բացի, Ռուսաստանում կան խմբեր, որոնք ավելի նախընտրում են բռնի գործողությունները: Օրինակ «Նաշի» կազմակերպությունը, որը հայտնի է ժողովրդավարության կոչերով ցույցերը ցրելու իր գործողություններով: Նման խմբերի շարքում է նաև «Անտիմայդան»-ը, որն իր առջև դրել է ուկրաինական ոճով և, իրենց խոսքերով, Ամերիկայի դրդմամբ հակակառավարական հեղափոխությունները կանխելու նպատակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG