Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժան բացառել է ՀԱՊԿ-ի միջամտությունը Ղարաբաղի հակամարտությանը


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, այսօրվա ասուլիսում անդրադառնալով հայ - ադրբեջանական հակամարտության վերջին շրջանի լարվածությանը, բացառել է ՀԱՊԿ-ի կողմից որևէ ռազմական միջամտությունը:

Նա շեշտել է, որ դա կհակասի ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշմանը, այն է՝ Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: 1992 թվականին ստեղված ռազմական փոխգործակցության այս կազմակերպությունում ընդգրկված է ԱՊՀ-ի անդամ վեց երկիր: Հայաստանը հենց սկզբից անդամակցել է այս կառույցին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մամուլի ասուլիս է տվել «Ռոսիյա Սեգոդյա» գործակալության սրահում, որտեղից ուղիղ կապ էր հաստատվել նաև Աստանայի հետ:

Պատասխանելով հայ - ադրբեջանական հակամարտ գծում հունվար ամսին արձանագրված լարվածության և ՀԱՊԿ-ի կողմից հստակ դիրքորոշում չցուցաբերելու հարցին՝ Նիկոլայ Բորդյուժան նախ նշել է, որ ՀԱՊԿ-ը և՛ 2014-ին, և՛ նախկինում բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հստակ ներկայացնելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր դիրքորոշումը:

«Եթե դուք կարծում եք, որ մենք այնտեղ պետք է ինչ-որ ձևով ռազմական միջոցներով պատասխանենք, ապա դա հակասում է ՀԱՊԿ-ի հիմնական դիրքորոշմանը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնվելով առաջին հերթին Մինսկի խմբի վրա», - ասել է Բորդյուժան։

«Գալա»-ի թղթակիցը հարցրել է Գյումրիի միջադեպից, մասնավորապես, հետաքրքրվելով, թե ի՞նչ պատասխանատվության կենթարկվեն Գյումրիի ռուսական ռազմակայանի ղեկավարները, քանի որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանած զինվորը ռազմակայանը լքել է զենքը ձեռքին:

Բորդյուժան ասել է՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ այսպիսի հանցագործությունը թույլ տված բոլոր անձինք, այդ թվում նաև՝ զինծառայողների նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն չիրականացնողները, համապատասխան պատիժ կստանան, բայց դրա համար նախ պետք է սպասել քրեական գործի նախաքննության ավարտին:

«Ես հասկանում եմ, որ դա սարսափելի ողբերգություն է։ Շատ սարսափելի ողբերգություն է», - ասել է նա, - «Ցավոք, շատ այդպիսի դեպքեր եմ հիշում: 90-ական թվականներին նման դեպքերը զգալիորեն շատ էին ոչ միայն Ռուսաստանի բանակում, այլև մյուս երկրների զինված ուժերում: Դա է կյանքը, ես կարող եմ ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել հայկական կողմին»:

Նա հայտնել է, որ 2015 թվականին Հայաստանում մեծ զորավարժություններ են անցկացնելու ՀԱՊԿ-ի անդամ երկրների խաղաղապահ ուժերը: Նաև ասել է, որ Ռուսաստանի փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է կազմվել՝ ուսումնասիրելու համար, թե Ուկրաինայում նախկինում արտադրվող ռազմաարդյունաբերական ապրանքները որ երկրներում կարող են արտադրվել, ու տվել է նաև Հայաստանի անունը:

Ուկրաինայի դեպքերի ու գունավոր հեղափոխությունների մասին նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ներուժ ունի կանխելու գունավոր հեղափոխություններն ու ոչ սահմանադրական հեղաշրջումները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG