Մատչելիության հղումներ

logo-print

Փոստանջյանը Գյումրիի դեպքերի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պնդելով, որ Գյումրիի սպանդից հետո օրենքի մի շարք խախտումներ են կատարվել, որոնց մեղավորները պետք է կանգնեն արդարադատության առջև։

Քրեական գործ հարուցելու հիմնավորման մեջ Փոստանջյանը գրում է, որ «Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրի համաձայն, ռուս սահմանապահները, բռնելով սահմանը ապօրինի հատելու փորձ կատարողին, անմիջապես պետք է տեղեկացնեին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանն ու իրավապահ մարմիններին, ինչից հետո հայ իրավապահները պետք է շտապեին ձերբակալել նրան, այնինչ ռուս սահմանապահները Պերմյակովին տեղափոխել են Ռուսաստանի 102-րդ ռազմաբազա:

«Երբ արդեն իսկ հայտնաբերել էին, որ այդ անձը, ով փորձում էր ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, հանդիսանում է Վալերի Պերմյակովը, փաստորեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կամ արդեն տեղեկացված են եղել, կամ էլ տեղյակ չեն եղել: Եվ նրանք փաստացի 17 կիլոմետր այդ տեղից՝ սահմանից, ճանապարհ են անցել, մինչդեռ այդ ճանապարհը վերահսկվում էր, ըստ պաշտոնական հայտարարության, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից», - ասում է Փոստանջյանը:

Պերմյակովին հայ-թուրքական սահմանից ռուսներն են տեղափոխել 102-րդ ռազմաբազա, ինչը ևս մեկ ապօրինություն է, նկատում է պատգամավորը՝ պնդելով, թե ռուսական կողմը առևանգել է Պերմյակովին, իսկ հայ իրավապահները ոչինչ չեն արել դա կանխելու համար։

«Պերմյակովին սահմանից տեղափոխել են դեպի ռազմաբազա: Այս ընթացքում դուք որտե՞ղ էիք», - հարցնում է Փոստաջյանը, - «Հետախուզման մեջ գտնվող անձին թույլ են տվել ապօրինի տեղափոխել»:

Տեղի ունեցածն, ըստ պատգամավորի, Հայաստանի քրեական օրենսգրքի, արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն է, որի համար պետք է պատժվեն Հայաստանի իրավապահ մարմինների, Ռուսաստանի սահմանապահ զորքերի ու 102-րդ ռազմաբազայի ղեկավարության ներկայացուցիչները։

Փաստաբան Վահագն Դալլաքյանը համաձայն է պատգամավորի հետ. միջազգային պայմանագրից հստակ կարելի է եզրակացնել, որ ապօրինի սահմանը հատելու փորձ կատարած անձին, ռուս սահմանապահները պետք է հանձնեին հայ իրավապահներին։ Փաստաբանը կարծում է, որ այս փաստը Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեն՝ հիմնավորելու Պերմյակովին Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու՝ գյումրեցիների պահանջը։

«Այստեղ ունենք միջազգային պայմանագրի խախտում, որը ունեցել է հստակ հետևանք: Այսինքն՝ կասկածյալը պետք է լիներ հայ իրավապահների մոտ, հիմա գտնվում է ռուսական ռազմաբազայում: Եթե նրանք չխախտեին, ապա այս հետևանքը չէր առաջանա», - ասում է Դալլաքյանը:

Այսօր հնարավոր չեղավ պարզել՝ դատախազությունը վարույթ ընդունե՞լ է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հաղորդումը, թե՞ ոչ։ Դատախազությունից ասացին, որ հարցին կարող է պատասխանել միայն մամուլի խոսնակը, ով առավոտից չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Ի դեպ, անցյալ շաբաթ պատգամավոր Փոստանջյանը նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել Գյումրիի սպանդին առնչվող հայտարարության նախագիծ, որը, ընդունվելու դեպքում, ենթադրում է, որ խորհրդարանը պետք է Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու պահանջ ներկայացնի Ռուսաստանին։ Իշխող Հանրապետական մեծամասնությունը, սակայն, դրական չի տրամադրված Փոստանջյանի այս նախագծին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն արձագանքում է. - «Իրավական ոլորտում գտնվող խնդիրները քաղաքականացնողները, որպես կանոն, չեն հետապնդում Հայաստանի Հանրապետության շահերը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG