Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը պնդում է, թե «Հայաստանը պաշտպանել է դավաճանից»


Բոլորի համար անսպասելի նիստը նախագահող դատավորը խորհրդակցական սենյակ գնաց Շանթի ելույթի ու դահլիճում բարձրացված աղմուկի ներքո։

Վերաքննիչ դատարանում այսօր Շանթ Հարությունյանի միջնորդությունն անավարտ մնաց։ Բոլորի համար անսպասելի նիստը նախագահող դատավորը խորհրդակցական սենյակ գնաց Շանթի ելույթի ու դահլիճում բարձրացված աղմուկի ներքո։

Նախքան նիստն ավարտված հայտարարելը, դատավորները պարբերաբար ընդհատում էին Շանթ Հարութունյանին, կարգադրում նրան լռել և նստել։ Դատավորներին ընդիմացող Շանթը շարունակում էր պնդել, թե ինքը և իր ընկերները ճաղերի հետևում են հայտնվել իշխանության պատվերով․ - «Միջնորդում եմ, որ հոդվածը փոխեք, դնեք ինքնապաշտպանություն, որ ես Հայաստանը պաշտպանել եմ դավաճանից»:

Շանթի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց, գործում որպես վկա ներգրավել «անմեղության կանխավարկածը խախտած նախագահ Սերժ Սարգսյանին»՝ հիմք ընդունելով Կոլումբիայի համալսարանում նրա արած հայտարարությունը։ Ըստ փաստաբանի, Շանթին հանցագործ անվանելով՝ երկրի նախագահը բացահայտ հրահանգ է իջեցրել առաջին ատյանի դատարանին․ - «Ակնհայտ է, որ հենց երկրի նախագահի այդ կարծիքը, դիրքորոշումը դատարանի համար ունեցավ վճռական նշանակություն և հիմք, որպեսզի այս անմեղ անձինք դատապարտվեին իրենց մեղսագրված անհիմն հոդվածներով»:

Միջնորդությունը մերժվեց, Շանթի ու ընկերների ռեպլիկները չուշացան։ Երեք դատավորների հորդորներին զուգահեռ՝ 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը չընդհատելով իր խոսքը պնդում էր, որ իրենք խուլիգաններ չեն, նոյեմբերի 5-ին էլ պարզապես ինքնապաշտպանվել են։

Ամեն անգամ, երբ Շանթի շուրթերից հնչում էր Սերժ Սարգսյանի անունը դատավորներն միանգամից միջամտում ու փորձում էին ընդհատել նրա խոսքը՝ հորդորելով հարգանք ունենալ նախագահի, երկրի, դրոշի նկատմամբ:

Ավարտված հայտարարելով գործի քննությունը՝ Վերաքննիչ դատարանը հնարավորություն չտվեց իրենց միջնորդությունները ներկայացնել պաշտպանվող կողմի մյուս անդամներին։

«Դատավարական պրակտիկայում սա երբևէ չտեսնված ու չլսված դեպքերից է», - վստահեցնում է միջնորդության իրավունքից զրկված պաշտպան Արա Զաքարյանը։ - «Ես անձամբ ունեի միջնորդություններ, որը, ցավոք սրտի, չկարողացա անել: Այն դեպքում, երբ դատարանը լավ էլ տեսավ, լսեց և հասկացավ, որ ես որպես պաշտպան ունեմ միջնորդություն: Դրանով դատարանը թույլ տվեց նաև արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտում»:

Վերաքննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի առաջիկա երկուշաբթի օրը: Պաշտպանական կողմի փաստաբանները արդեն այսօր վստահ են, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կմնա անփոփոխ։

XS
SM
MD
LG