Մատչելիության հղումներ

ԶԼՄ-ների և իշխանությունների հարաբերությունները 2014-ին լարված էին․ ԽԱՊԿ զեկույց


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընդգծում է, որ 2014-ին ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտման մեծ թվով դեպքեր են գրանցվել:

«Չորրորդ իշխանության» և իշխանության հարաբերությունները բավական լարված վիճակում են, և նախորդ տարի ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, նշում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները։ Ըստ կոմիտեի հրապարակած տարեկան զեկույցի, 2014-ին ֆիզիկական բռնությունների լրագրողները ենթարկվել են 9, իսկ տարատեսակ ճնշումների 43 անգամ։ Այս ընթացքում նաև տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման 13 դեպք է արձանագրվել։

«Այս թվերը կարող են բացարձակ ճշգրիտ չլինել, որովհետև բազմաթիվ են այն փաստերը, երբ լրագրողները ուղղակի չեն բարձրաձայնում իրենց վրա ճնշումների, խոչընդոտումների վերաբերյալ։ Փորձում են ինքնուրույն հաղթահարել կամ ուղղակի անտեսում են այդ ամենը։ Նույն ֆիզիկական բռնություններից հետո որոշ լրագրողներ համարում են, որ իրավապահ մարմինների հետ գլուխ դնել չարժե, որովհետև մեկ է անհետևանք է մնալու, այս դատական համակարգից որևէ սպասելիք հնարավոր չէ ունենալ և առհասարակ անիմաստ է որևէ դիմադրություն ցույց տալը», - նշում է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նա նաև հավելում է, որ արդեն արձանագրված դեպքերի համար դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Դատարաններում լրագրողների հետ կապված այժմ 22 գործ է քննվում, որոնց մեծ մասը տեղեկատվության աղբյուրի բացահայտմանն է վերաբերում։

«Այսպիսի տարի, ինչպիսի 2014 թվականն էր, չէր եղել, որ իրավապահ մարմինները այսքան անտեսեին ԶԼՄ օրենքի դրույթները, որտեղ ասվում է, որ ինֆորմացիայի աղբյուրը կարող է բացահայտվել դատարանի պահանջով, այն էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար։ Ոստիկանության տարբեր բաժիններ, Հատուկ քննչական ծառայությունը, այդ ամենը անտեսելով, տարբեր լրատվամիջոցներից համառորեն ինֆորմացիայի աղբյուր են պահանջում։ Դա սկսվեց Դատախազության հայտնի հաղորդագրությունից, երբ նախազգուշացվում էր փաստորեն լրատվամիջոցներին և լրագրողներին, որ նախաքննական գաղտնիքը առանց թույլտվության հրապարակելը քրեական պատասխանատվություն է ենթադրում», - ասում է Մելիքյանը։

Նախորդ տարիների ընթացքում «Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը մի քանի տասնյակ դատական գործերի մասնակից է դարձել։ Հարությունյանը դա բացատրում է տեղական իշխանությունների հանդեպ ունեցած իր ընդդիմադիր կեցվածքով։ Դատական գործերից վերջինը՝ քաղաքացի Գագիկ Աթասյանի և «Հրազդան հեռուստաընկերության» մասնակցությամբ քննվում է Վճռաբեկ դատարանում։

«Այս դատը տևում է արդեն 4 տարի։ Պարտվեց մյուս կողմը, նորից փոխում են վերնագիրը, գրեթե նույն բովանդակությամբ մեկ ուրիշ դատ է լինում։ Ընդհանուր առմամբ, մարզերում անհնազանդ լրատվամիջոցներին պատժելու շատ լավ ձևեր են գտել հիմա։ Ինչ-որ մեկին գտնում են, որը նամակ է ուղարկում դատախազին։ Անկախ նրանից, թե ինչ բովանդակություն է, ասենք, գրում է, որ հեռուստատեսությունում գովազդները չեն ձևակերպվում։ Եվ ահա դատախազը նամակն ուղարկում է ոստիկանություն և ոստիկանությունը սկսում է քննություն իրականացնել 10 օրվա փոխարեն 365 օր», - ասում է հեռուստաընկերության տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG