Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը արտարժութային նոր պարտատոմսեր կթողարկի՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար


Հայաստանի կառավարությունը մտադիր է արտարժութային նոր պարտատոմսեր թողարկել՝ այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար:

Այս մասին հայտնի դարձավ գործադիրի այսօրվա նիստում, երբ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց մի օրինագիծ, որից պարզ է դառնում, որ կառավարությունը նախատեսում է եվրապարտատոմսեր տեղաբաշխելու նպատակով առանց մրցույթի ընտրել միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխող ընկերություններ:

Գործադիրի ներկայացրած տեղեկանքում նշված է, որ միջազգային իրավախորհրդատուի ծառայությունը ձեռք է բերվելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերությունից, իսկ գլխավոր տեղաբաշխողի ընտրությունը պետք է կատարվի «Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերություններից: Պատճառն այն է, որ 2013-ին հենց այս ընկերությունների հետ համատեղ Հայաստանը «իրականացրեց պետական արտարժութային պարտատոմսերի անդրանիկ թողարկումը ու կատարված աշխատանքը բարձր գնահատվեց հատկապես միջազգային կառույցների և ներդրողների կողմից, [բացի այդ, այսպես] հնարավոր է էականորեն կրճատել տեղաբաշխման գործընթացում առաջացող ծախսերը և ժամկետները»:

Գործադիրի հրապարակած տեղեկանքում նշված է՝ եվրապարտատոմսերի տեղաբաշխման «ակնկալվող արդյունքն է 2015թ․ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը»:

«ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով: Միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորվել է բարենպաստ միջավայր արտարժույթով պարտատոմսերի տեղաբաշխման համար»,- կարդում ենք փաստաթղթում:

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որից անմիջապես հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուշագրավ հայտարարություն արեց.- «Հարգելի գործընկերներ, ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ, և մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի։ Եվ մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը ղեկավարում է փոխվարչապետը»,- ասաց վարչապետը։

«Աշխատանքային խումբը տարբեր միջոցառումներ է ներկայացնում կառավարությանը, որպեսզի մենք օրենքներ, կառավարության որոշումներ ընդունենք»,- հավելեց վարչապետը՝ խոսքը փոխանցելով փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:

«Մենք քննարկել ենք տարբեր միջոցառումներ՝ երկրի տնտեսության դիմադրողականությունը և պաշտպանվածությունը մեծացնելու համար։ Եվ այս առումով խիստ կարևոր է արտարժույթային հոսքերի ապահովումը։ Մասնավորապես, արտահանման խթանման օրինագիծն արդեն իսկ ուղարկվել է Ազգային ժողով և կքննարկվի առաջին քառօրյայում»,- ասաց Գաբրելյանը։

Գաբրիելյանը շարունակեց, թե Հայաստան արտարժույթի հոսք ապահովելու համար արտահանման խթանումից բացի, խիստ կարևոր է նաև եվրապարտատոմսերի թողարկումը: Այսօր ժամկետ չնշվեց, թե ե՞րբ և ի՞նչ չափով են մտադիր թողարկել Հայաստանի նոր եվրապարտատոմսերը։

2013թ. սեպտեմբերին Հայաստանն առաջին անգամ թողարկեց 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7 տարի մարման ժամկետով, տարեկան 6.25 տոկոս տոկոսադրույքով:

Այն, որ այժմ Հայաստանը սուր կերպով զգում է արտարժույթի կարիք, հավանաբար, հուշում է երկրի միջազգային պահուստների մասին տեղեկությունը: Եթե 2013թվականի դեկտեմբերին այդ պահուստները կազմում էին 2 միլիարդ 251 միլիոն դոլար, ապա 2014-ի դեկտեմբերին՝ 1 միլիարդ 489 միլիոն ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում, որի ժամանակ դրամը կտրուկ կերպով արժեզրկվեց, Հայաստանի միջազգային պահուստները նվազել են ավելի քան 33 տոկոսով։

Հարցին, թե միջազգային ֆինանսական շուկայից ավելի բարձր տոկոսադրույքով գումար ներգրավելու Հայաստանի կառավարության մտադրությունը արդյոք չի՞ նշանակում, որ մեր երկրի ավանդական վարկատուները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Ռուսաստանը, որոնք սովորաբար ավելի ցածր տոկոսադրույքով են գումար տրամադրում, մերժել են նոր վարկեր հատկացնել Երևանին, տնտեսագետ, «Arrow Global Ltd» ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյաննը պատասխանեց.- «Դա երևի թե ամենաթանկ գումարն է, որ կարող են ստանալ։ Դա կարող է նույնիսկ նախավերջին կամ վերջին քայլը լինել գումար բերելու, որ նվազագույն տոկոսադրույքներ տրամադրեն քեզ։ Չէի ասի, որ այսպիսի տոկոսադրույքները պետության համար լավ են կամ թանկ չեն նստի»։

Ավետյանը կարծիք հայտնեց՝ Moody's-ի կողմից Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշի իջեցումը, որը տեղի ունեցավ մոտը երկու շաբաթ առաջ, կհանգեցնի նրա, որ միջազգային ֆինանսական շուկայի մասնակիցները ավելի բարձր տոկոսադրույքով պարտք կտան Հայաստանին:

XS
SM
MD
LG