Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի իշխանությունները՝ Human Rights Watch-ի քննադատության թիրախում


Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթ, արխիվ

Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթ, արխիվ

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը իր ամենամյա զեկույցում հիշատակում է միջամտությունները խաղաղ ցույցերին, ակտիվիստների ձերբակալությունները, Շանթի գործը:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որը փաստում է՝ աշխարհի բազմաթիվ կառավարություններ մի մեծ սխալ են թույլ տալիս` անվտանգության խնդիրների քողի տակ անտեսում են մարդու իրավունքները:

Իրավապաշտպան կազմակերպության 2015 թվականի զեկույցը նվիրված է ավելի քան 90 երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը 2013-ի վերջին ամիսներից մինչև 2014-ի նոյեմբեր ժամանակահատվածում: Տարին աչքի ընկավ առանձնահատուկ լարվածությամբ, ասվում է փաստաթղթում:

Հայաստանը, ինչպես և հարևան երկրները, իրավապաշտպան կազմակերպության քննադատության թիրախում է:

2014 թվականին Հայաստանի իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Ոստիկանությունը, համաձայն իրավապաշտպանների, անցած տարվա առաջին կիսամյակում խաղաղ ցույցերի ընթացքում առնվազն 70 ակտիվիստի է ձերբակալել, այդ թվում՝ Աֆրիկյանների շենքի քանդման դեմ բողոքող, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող ցուցարարների:

Զեկույցում անդրադարձ կա նաև Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցների հեռացման դեպքին:

Կազմակերպությունը չի շրջանցում Շանթ Հարությունյանի և նրա 13 աջակիցների ձերբակալությունը, Շանթի 15-ամյա որդուն կալանավորելու փորձերը:

Տեղացի իրավապաշտպանների կարծիքով՝ այս ամենի դրդապատճառները քաղաքական են, ասվում է զեկույցում:

Իրավապաշտպան կազմակերպությունը առանձնացրել է նաև կալանավորված անձանց նկատմամբ խոշտանգումների խնդիրները՝ հավելելով դրանց վերաբերյալ լրագրողական հետաքննությունների ձախողված փորձերը: Լրագրողները շարունակել են բախվել ճնշման և բռնության, ասվում է փաստաթղթում:

Զեկույցի հեղինակները մատնանշում են նաև բանակում շարունակվող լուրջ չարաշահումները, գենդերային խնդիրները:

Կազմակերպությունը հիշատակում է «Իրավունք» թերթի աղմկահարույց հրապարակումը՝ 60 հոգուց բաղկացած «սև ցուցակը»: Լրատվամիջոցների բազմակարծությունը շարունակում է սահմանափակ մնալ, ասվում է զեկույցում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը, անդրադառնալով նախկին խորհրդային երկրներին, ասել է՝ այդ երկրներում տպավորիչ տեղաշարժեր չեն արձանագրվել: «2012 թվականին Կրեմլի նախաձեռնած՝ խորհրդային տարիներից ի վեր ամենահուժկու հետապնդումները այլախոհների, անկախ լրագրողների և խաղաղ ցուցարարների նկատմամբ շարունակվել են», - հայտարարել է Ռոթը:

Նման չարաշահումների վերաբերյալ Արևմուտքի բավական սահմանափակ արձագանքը միանգամայն հնարավոր դարձրեց ուկրաինական ճգնաժամի խորացումը: Ռոթի կարծիքով՝ փակ տեղեկատվական համակարգը Կրեմլին թույլ տվեց ճնշել հասարակական դժգոհությունը, որն առաջացել էր Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով:

Human Rights Watch-ի գործադիր տնօրենը շեշտում է նաև, որ ցանկանալով Ուկրաինան ներկայացնել որպես ռուսական ագրեսիայի անմեղ զոհ, Արևմուտքը առանձնապես նախանձախնդիր չէ Ուկրաինայի ապօրինությունները ճանաչելու հարցում: Օրինակ՝ «կամավորական զորքերը, որոնք պարբերաբար կոշտ միջոցներ են կիրառում գերիների նկատմամբ, անխնա կրակոցների տակ են պահում բնակելի շրջանները»:

Ընդգծվում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության զգալի վատթարացման փաստը: Կառավարությունը ահավոր ճնշումների է ենթարկում քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը, երկրում առնվազն 33 իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ ու բլոգերներ ճաղերի ետևում են հայտնվել քաղաքական դրդապատճառներով, միևնույն ժամանակ՝ բազմաթիվ քաղաքացիական խմբեր ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը, ասված է զեկույցում:

«Այս չարաշահումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանը մայիսին ստանձնեց Եվրոպայի խորհրդի՝ մայրցամաքում գլխավոր իրավապաշտպան կազմակերպության Նախարարների կոմիտեի նախագահությունը», - շեշտում է Human Rights Watch-ը:

XS
SM
MD
LG