Մատչելիության հղումներ

Բանկերի միության նախագահը դրանց խոշորացման մեջ ռիսկեր չի տեսնում


Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը միանշանակ արդարացված է համարում առևտրային բանկերի նվազագույն կապիտալի ավելացման մասին Կենտրոնական բանկի որոշումը։

Ճզմաչյանը վստան է, որ դրա անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել․ - «Հենց իսկ 5 միլիարդը ինքնին շատ հնացած թիվ էր, ընդամենը ֆորմալ բնույթ էր կրում այդ նորմատիվը, քանի որ հասնելու որևէ բանկ նպատակ չէր կարող դնել իր առջև, քանի որ արդեն իսկ բոլորը այդ նորմատիվը բավական երկար տարիներ արդեն իսկ անցած էին»:

Անցած տարեվերջին Կենտրոնական բանկը որոշեց, որ մինչև 2017 թվականը առևտրային բանկերը պետք է վեց անգամ մեծացնեն կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդից հասցնելով 30 միլիարդ դրամի։

Կենտրոնական բանկի որոշման համաձայն, կապիտալի ավելացման խնդիր այսօր ունեն հայաստանյան 21 բանկերից 8-ը։ Բանկերի միության նախագահը վստահ է, որ բանկերը այս կամ այն ձևով կգտնեն հարցի լուծումը, ընդհուպ՝ միաձուլման եղանակով․ - «Բոլոր տարբերակներում էլ ես միանշանակ չեմ տեսնում ռիսկ: Եվ առաջին հերթին՝ ռիսկ ավանդատուի համար: Բոլոր պարագաներում էլ միևնույն է բանկերը խոշորանալու են, մեծանալու են, հզորանալու են»:

Ճզմաչյանը մասամբ կիսում է որոշ տնտեսագետների այն մտահոգությունը, որ Կենտրոնական բանկի որոշումը կարող է հանգեցնել բանկերի մոնոպոլիզացիայի։ Նա կողմ է, որ բանկերի թիվը չպակասի․ - «Երևի թե մի տասնհինգ տարի է արդեն այս թիվը՝ քսանմեկ բանկեր, պահպանվում է, և, ամենայն հավանականությամբ, կյանքը բերել է մեզ նրան, որ ո՛չ պակասում են, ո՛չ բանկեր են փակվել, ճիշտն ասեմ՝ ո՛չ էլ բանկեր են ավելացել: Այդ տեսակետից այս թիվը բերում է մեզ մտածելու, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի տնտեսության համար Հայաստանի բանկային համակարգը լավ մակարդակի վրա վարելու համար հենց այս թիվը լրիվ համապատասխանում է նրան, թե ինչքան բանկեր կարող են լինել Հայաստանի բանկային համակարգում»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը, մինչդեռ, շոկային է համարում բանկերի նվազագույն կապիտալը ավելացնելու՝ Կենտրոնական բանկի որոշումը․ - «Փաստորեն, ստիպելով, որ բոլոր բանկերը խոշորանան, այսինքն ոչ միայն նրանք, որոնք դրա կարիքը ունեին, այլ բոլորը մեծանան, միաձուլվեն կամ մեծացնեն իրենց կապիտալը՝ Կենտրոնական բանկը ապագա հնարավոր ֆինանսական ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առավել կարևորում է, թե որքանով են այսօր բանկերը ծառայում տնտեսության զարգացմանը․ - «Որովհետև եթե ի սկզբանե հիմնական գործառույթները բանկի նախ և առաջ տնտեսությանը ֆինանսավորել, վարկավորել, նպաստել զարգացմանը․․․ եթե սա չի իրականացվում, ապա մնացածը զուտ ուղղակի ֆինանսական միջնորդի դեր է․․․ դառնում է ինքնանպատակ»:

Աշոտ Խուրշուդյանը կիսում է Մանասերյանի տեսակետը՝ հավելելով, որ Հայաստանում այսօր չկա արդյունավետ ֆինանսական շուկա․ - «Եթե Հայաստանում սպառման մակարդակը բարձրացվի, իսկ այսօր, ցավոք սրտի, երկու գործոն հակառակը տեղի ունեցավ․ այ, դրա մասին Կետրոնական բանկը պետք է մտածի: Մեկը՝ կենսաթոշակային բարեփոխման, որ չիրականացավ, որը երկարաժամկետ խնայողության մոդել է․․․ Մյուսը՝ այս վերջին դեպքերից հետո վստահությունը բանկային համակարգի նկատմամբ հաստատ կիջնի»:

Բանկերի նվազագույն կապիտալի ավելացման որոշման ընդունումից անմիջապես հետո դրան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հորդորելով Կենտրոնական բանկին չշտապել։

«Լավ, կմեծացնեն ընդհանուր կապիտալը, այս նեղ պահին էլ ավելի շատ միջոցներ կսառեցվեն, վարկերն էլ ավելի կթանկանան, տնտեսության աճի տեմպերը էլի կիջնեն, հետո՞։ Դա՞ ենք ուզում»,- հարց էր հնչեցրել նախկին վարչապետը՝ չբացառելով, որ իրականում խնդիր կա խոշորացնել բանկերն ու դրանք «վերահսկելի» դարձնել։

Ըստ բանկերի հրապարակած տեղեկատվության, 21 բանկերից միայն 5-ի կապիտալն է այսօր գերազանցում 30 միլիարդ դրամը։

XS
SM
MD
LG