Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից


Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրային պատերազմներ չպետք է լինեն, շեշտում է Բելառուսի նախագահը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), եթե Ռուսաստանը շարունակի առևտրային պատերազմը Բելառուսի հետ:

Բանն այն է, որ Ռուսաստանը սահմանափակել է Բելառուսից ներկրումների ծավալները՝ կանխելու համար արևմտյան ապրանքների ներմուծումը: Ինչպես հայտնի է, Մոսկվան հակապատժամիջոցներ է կիրառում Արևմուտքի հանդեպ, արգելափակել է որոշ ապրանքների ներկրումը, բայց դրանք կարող են նախ ներկրվել Բելառուս, իսկ հետո արդեն Ռուսաստանի բարեկամ երկրից մտնել Ռուսաստան:

Բայց Բելառուսի նախագահը այդ սահմանափակումներն անընդունելի է համարում: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դրանք խախտում են Եվրասիական տնտեսական միության կանոնները:

Լուկաշենկոն այսօր տարեկան մամուլի ասուլիս է տվել ու անդրադարձել նաև այս հարցերին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի ղեկավարը ասել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրային պատերազմներ չպետք է լինեն: «Եթե համաձայնությունները չպահպանվեն, ապա Բելառուսը չի բացառում, որ դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից», - հայտարարել է նա:

«Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ հենց այս վերապահումով է Մինսկը ստորագրել Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի վերջին Լուկաշենկոն Մոսկվայում հայտարարել էր, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի մտցրած սահմանափակումները, որոնցով արգելվում է Բելառուսի տարածքով ապրանքների տարանցումը, ընդունվել են՝ շրջանցելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Նա նաև ենթադրել էր, որ սահմանափակումները մտցվել են առանց Ռուսաստանի նախագահի գիտության:

«Եզրակացությունն այն է, որ միասնական մաքսային տարածքի փոխգործակցության և վերահսկողության հստակ մեխանիզմներ դեռևս լիարժեքորեն չկան», - դեկտեմբերի վերջին Մոսկվայում հայտարարել էր Բելառուսի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG