Մատչելիության հղումներ

Օլանդը խոստանում է ապրիլի 24-ին լինել Երևանում՝ «հանուն Ֆրանսիայի»


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան մասնակցեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթին և հանդես գալով բացառիկ ելույթով՝ հայտարարեց, որ «հանուն Ֆրանսիայի» այս տարվա ապրիլի 24-ին կլինի Երևանում:

«Ժամանակն է վերջ տալ տաբուներին: Թուրքիայի ջանքերը պետք է շարունակվեն և ես համոզված եմ, որ հարյուրամյակի այս տարին կբերի նոր քայլեր, կբացի նոր փուլեր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար», - իր ելույթում ասաց նախագահ Օլանդը՝ հիշեցնելով անցյալ ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունը: Վերջինս, հիշեցնենք, 1915 թվականի իրադարձությունները որակելով «ընդհանուր ցավ», Թուրքիայի պետության անունից ցավակցություն էր հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։ Ֆրանսուա Օլանդը նշեց, թե դա մի առաջին քայլ էր, սակայն այդտեղ չի կարելի կանգ առնել և դա չի կարող լինել բավարար, ինչի մասին ինքը ասել էր 2014 թվականի մայիս ամսին Երևան կատարած այցի ժամանակ:

Նախագահ Օլանդը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին, նշելով, թե Ֆրանսիայի պարտականությունն է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Անցնելով տնտեսական բնագավառին, Ֆրանսիայի նախագահը կոչ արեց ֆրանսահայերիններդրումներ կատարել Հայաստանում:

«Դուք համբերատար եք եղել, հավատարիմ եք եղել ինքներդ՝ ձեզ, բայց նաև Ֆրանսիային: Ձեր հպարտությունը մերն է», - ավելացրեց Ֆրանսուա Օլանդը:

Երեկոյի սկզբում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը արիության շքանշանով պարգևատրեց հանրահայտ շանսոնիե Շառլ Ազնավուրին:

«Սա իմ լավագույն շքանշանն է՝ Ակադեմիայի կողմից շնորհված շքանշանից հետո: Ես շատ հուզված եմ այս երեկո», - ասաց Ազնավուրը:

XS
SM
MD
LG