Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մինչև տարեվերջ լքում է ԵԽԽՎ-ն


Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ի նստաշրջանում, Ստրասբուրգ, 27-ը հունվարի, 2015թ․

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ի նստաշրջանում, Ստրասբուրգ, 27-ը հունվարի, 2015թ․

Ռուսական պատվիրակությունը այդպես պատասխանեց մինչև ապրիլ իրեն ձայնի իրավունքից զրկելու Վեհաժողովի որոշմանը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշել է մինչև 2015 թվականի ապրիլը զրկել Ռուսաստանին հիմնական իրավասություններից՝ վկայակոչելով վերջին շրջանում այս երկրի վարած քաղաքականությունը։

ԵԽԽՎ-ն այս հարցին կանդրադառնա արդեն հունիսյան նստաշրջանին, եթե Ռուսաստանը մինչ այդ կատարի մի շարք պահանջներ, մասնավորապես՝ հրաժարվի Ղրիմի բռնակցումից, զորքը դուրս բերի Ուկրաինայի տարածքից, իրագործի Մինսկի համաձայնագիրը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման օգտին են քվեարկել 160, դեմ՝ 42 պատգամավորներ։ Ձեռնպահ քվեարկած 11 խորհրդարանականների շարքում են Հայաստանի պատվիրակության երեք անդամներ՝ պատվիրակության ղեկավար, հանրապետական Հերմինե Նաղդալյանը, հանրապետական Նաիրա Կարապետյանը և «Օրինաց երկիր»-ից Մհեր Շահգելդյանը։

Ի պատասխան ԵԽԽՎ-ի որոշման՝ Ռուսաստանը որոշում է կայացրել լքել Վեհաժողովը մինչև այս տարեվերջ։

Ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովն ասել է՝ ԵԽԽՎ-ին անդամակցության վերաբերյալ որոշում Ռուսաստանը կկայացնի 2015 ավարտին։

«Մինչև տարեվերջ մենք կմնանք որպես Եվրոպայի խորհրդի անդամ։ Մենք մնում ենք ԵԽԽՎ-ի անդամ Արտգործնախարարների կոմիտեի մակարդակում, այսինքն՝ համագործակցությունը այս կառույցին կառավարության մակարդակով կշարունակվի», - ասել է Պուշկովը։

Պաշտոնյան նշել է, որ տեղեկացրել են գործընկերներին, ԵԽԽՎ-ի ղեկավարությանը, որ եթե Ռուսաստանին զրկեն հիմնական իրավունքներից, իր երկրի պատվիրակությունը առնվազն կդադարեցնի մասնակցությունը։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Ռուսաստանի՝ մինչև տարեվերջ Վեհաժողովը լքելու որոշումից պարզ է դառնում, որ Ռուսաստանն իր հավակնություններից չի հրաժարվելու։

«Նույնիսկ պատրաստ են ավելի մեծ գին վճարել, որի պատճառով իրեն թույլ է տվել այդ շռայլությունը՝ դուրս դնելու իրեն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից։ Հետևաբար՝ մտահոգիչ է։ Պետք է սպասել ոչ այնքան Արևմուտք - Ռուսաստան առճակատման կամ լարվածության թուլացման, այլ ճիշտ հակառակը՝ ուժգնացման, որովհետև ԵԽԽՎ-ից, թեկուզև որոշակի շրջանակում, դուրս հայտնվելը հաստատապես այդ հակառակի ապացույցն է», - ասաց Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը փորձելու է այլ երկրներին նույնպես տրամադրել այդ կառույցների դեմ կամ հասնել նրան, որ այդ երկրները նույնպես լքեն այդ կառույցները։

«Միանշանակ, սա ավելի է վատացնելու Հայաստանի վիճակը միջազգային կառույցների հետ համագործակցելու կամ դա խորացնելու առումով, տվյալ պարագայում՝ առաջին հերթին Արևմուտքը ներկայացնող։ Հետևաբար, պետք է հասկանանք, որ ճնշումներ լինելու են այս առումով», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Եվ նաև հասկանանք, որ փաստացի որոշ երկրներ՝ մեր հարևան Ադրբեջանը նույնպես կարող է հետաքրքրված լինել հետևել Ռուսաստանի քայլին։ Ադրբեջանը մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով շատ լուջ խնդիրներ ունի, և, այո՛, վերջին տարվա ընթացքում բարեհաջող ձևով իրեն դիրքավորել է հակաարևմտյան դաշտում՝ ընդհանրություններ ունենալով Ռուսաստանի հետ, և փաստացի սա միջազգային պարտավորություններից հրաժարվելու, ետ կանգնելու մի հնարավորություն է»։

XS
SM
MD
LG