Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյան. «Ես չեմ կարծում, որ պատերազմ կլինի»


Սասուն Միքայելյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, Երևան, 28-ը հունվարի, 2015թ․

Սասուն Միքայելյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, Երևան, 28-ը հունվարի, 2015թ․

«Սասուն» ջոկատի հրամանատարը «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ նաև Գյումրիի իրադարձություններին՝ ընդգծելով․ - «Գյումրեցիները մեր պետության դեմքը պահեցին»:

«Մեծ հարձակումներ են եղել ամբողջ ֆրոնտով, ամբողջ մարտական գծի ուղղությամբ, մեր բանակը կարողացավ դիմակայել և ոչ մի թիզ հող չզիջեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը՝ խոսելով վերջին շաբաթներին հայ - ադրբեջանական սահմանին ու ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Նա հավելեց, որ դա բանակի մարտունակությունն ու առավելությունն է, որով ինքը հպարտանում է։

Հարցին, թե Բաքվի այս ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյո՞ք Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, Միքայելյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ պատերազմ կլինի, որովհետև մենք Եղեռնի 100-ամյակի նախաշեմին ենք, ինձ թվում է՝ այստեղ հենց Թուրքիայի գործոնն էլ կա, որ զգոն պահեն, աշխարհին Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ «ես միշտ պատրաստ եմ հարձակվելու», մեսիջ է ուղարկում դրսին, որ հարցի լուծում տրվի ի օգուտ Ադրբեջանի»։

Միքայելյանի խոսքով՝ Ադրբեջանի այսօրվա պահվածքը ձեռնտու է նաև Ռուսաստանին։ «Լռում է Ռուսաստանը, չի խոսում, չգիտեմ ինչի համար, որ վերջիվերջո արդեն Մաքսային միությունում ենք և որ շատ մարդիկ գոռում, գոչում, ասում էին՝ Արցախի անվտանգության երաշխավորն է լինելու Ռուսաստանը, բայց այդ երաշխավորի դերակատարությունը մինչև այսօր չեմ տեսել, նաև Ադրբեջանի՝ ֆրոնտի ընդհանուր այս լայնածավալ հարձակման ժամանակ։ Ես չեմ ասում, որ Ռուսաստանը միջնորդի։ Գոնե մի կոչ, մի ինչ-որ բան չի ցուցադրում, որ ասի՝ դադարեցրեք, կամ չգիտեմ ինչ», - ասաց «Սասուն» ջոկատի հրամանատարը։

Անդրադառնալով Գյումրիի սպանդից հետո քաղաքում զարգացող իրադարձություններին՝ բողոքի ցույցեր, Պերմյակովին հանձնելու պահանջ, բախումներ ոստիկանների հետ, Միքայելյանը նշեց, որ այդ օրերին պետությունն իր տեղում չէր, և գյումրեցին էր պետության դեմքը պահողը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել գյումրեցիներին, որ մեր պետության դեմքը պահեցին, որովհետև, չեմ ուզում խորանամ, քաղաքականացնեմ, բայց մեր իշխանություններն իրենց տեղում չէին, դրա համար գյումրեցիք հելան ոտի։ Եթե իշխանությունը չարձագանքեց ու մինչև այսօր էլ չի արձագանքել՝ ձևական ինչ-որ երկու բան է ասել, գյումրեցին պահեց մեր պետության թասիբը։ Գյումրեցին աշխարհին ցույց տվեց, որ սա պետություն է և այս պետությունը մի քանի հոգու համար չէ, պետությունը հայ ազգի, հայ ժողովրդի պետությունն է, որ պետության տերը ժողովուրդն է, ոչ թե մի քանի անհատներ, որոնք նման ողբերգալի դեպքերին չարձագանքեցին էլ», - ասաց Միքայելյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG