Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյանը փորձել է վերականգնել Պերմյակովի տեղաշարժերը


Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանը 5 զորամաս ունի: Թե կոնկրետ որ զորամասից է փախուստի դիմել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը, չի հրապարակվում:

Գյումրեցիները, մինչդեռ, առավել հավանական են համարում, որ դա եղել է Կարմիր բերդի զորամասը: Այդ զորամասից Ավետիսյանների տուն կարելի է հասնել տարբեր ճանապարհներով՝ անցնելով 3-5 կիլոմետր:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ուսումնասիրել է այդ տեղանքը, անձամբ անցել է երկար ու կարճ ճանապարհներով․ - «Ո՛չ մի ժամանցային տարածք է դա, ո՛չ կողքուբոլորը ռեստորան կա, կաֆե կա, ո՛չ գիշերային ակումբ կա, ո՛չ խանութներ են լցված իրար վրա: Զորամասերից մինչև այդտեղ բազմաթիվ տնակներ կային, որտեղ անհամեմատ մեծ վնասներ կարող էր տալ: Ոչ թե գնար մտներ սեփական բակում գտնվող տուն»:

Սպանդից հետո ցայսօր հարց է հնչում․ կարո՞ղ էր ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրի եկած զինծառայողը գիշերը կողմնորոշվել քաղաքում: Բարսեղյանի կարծիքով՝ եթե հստակ մոտիվ ունենար, մեկ-երկու օրն էլ բավարար է․ - «Մեկ անգամ ազատ ստանալ, դուրս գալ քաղաք, պտտվել զբոսանքի որպես ռուս զինվոր, լիարժեք կերպով բավարար է՝ հասկանալ քո թիրախի տեղը, մոտենալու լավագույն, հեշտ ճանապարհները և այլն»:

Ավետիսյանների տնից մինչև հայ-թուրքական սահմանի այն հատվածը, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է Պերմյակովը, հեռավորությունը մոտ 20 կիլոմետր է: Այս պահին հայտնի տվյալների համաձայն, նա առնվազն 13 ժամ է ունեցել այդ տարածությունն անցնելու համար: Բարսեղյանը հավանական է համարում, որ Պերմյակովը այդտեղ հասներ գնացքով կամ ոտքով:

Ուսումնասիրելով դեպի սահմանը տանող ճանապարհները՝ Բարսեղյանը նկատել է, որ պատահական զուգադիպությամբ կամ միտումնավոր Պերմյակովը մոտեցել է հայ-թուրքական սահմանի հենց այն հատվածին, որտեղ հսկողությունը համեմատաբար թույլ է․ այստեղ սահմանային փշալարը հատվում է Ախուրյան գետի հետ․ - «Կամրջի հետ խառը մի հատված է, որտեղ այնքան ուշադիր հսկողություն չկա, որքան մյուս տեղերում է: Մոտավորապես երեք կիլոմետր հեռու է բուն պետական հայ-թուրքական սահմանից: Իմ տպավորությունն այն է, որ այդտեղ ինչ-որ մի գործողություն եղել է․ կա՛մ իսկապես այդտեղ ձերբակալել են, ինչպես պատմվում է, կա՛մ բեմադրվել է ձերբակալություն: Գիտեն ռուս զինվորականները, ուրիշ ոչ ոք ճշգրիտ չի կարողանա ասել, թե իսկապե՞ս փորձ է եղել, տագնապը աշխատե՞լ է փշալարերը կտրելուց, և ռուս սահմանապահները եկել հասել այդտեղ, որսացել են»:

Լևոն Բարսեղյանն ուսումնասիրել է նաև սահմանի երկայնքով ձգվող փշալարը և հայտնաբերել մի հատված, որտեղ փշալարը «կտրած-կցված» է․ - «Մոտավորապես մի 150 մետր նայել եմ ես, և հակառակ կողմից էլ եմ նայել՝ Ախուրյանի հակառակ ափից, չկա որևէ տեղ, որ կտրած-կցված լինի: Եթե անցներ, այստեղով պիտի անցներ-գնար, երկու կիլոմետր պիտի քայլեր, հասներ թուրքական որևէ կողմին: Եթե այդ պատմությունը ճշմարիտ է, եթե չի բեմադրված․․․»

Նա ասաց, որ դեպքից հետո շատերի հետ է զրուցել ինչպես Երազգավորս, այնպես էլ հարևան Բայանդուր գյուղերում: Գյուղացիները մանրամասներ են պատմել Պերմյակովին ձերբակալելու վերաբերյալ: Իսկ այսօր նրանք, ըստ Բարսեղյանի, վախենում են խոսել այդ ամենի մասին:

XS
SM
MD
LG