Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը քննադատում է փողոց դուրս եկած ազատամարտիկներին. Նրանք հակադարձում են


Մանվել Գրիգորյանը քննադատում է փողոց դուրս եկած ազատամարտիկներին. Նրանք հակադարձում են
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

Այն մարդը, ով փողոց է դուրս գալիս, ազատամարտիկ չէ, այսօր Եռաբլուրում հայտարարեց Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում մի խումբ ազատամարտիկների՝ իշխանափոխության պահանջներին։

«Էն մարդը, որ հայտարարություններ է անում, փողոց է դուրս գալիս, նա ազատամարտիկ չէ, ազատամարտիկը էսօր սահմանի վրա է, էն տղերքն են, որ զոհվել են, ով որ զենքը ձեռը ինձ, քեզ պաշտպանում ա, դու էլ տենց ազատ խոսում ես։ [Ռազմիկ Պետրոսյանը] ազատամարտիկ եղել է, իսկ եթե դուրս ա գալի փողոց, ինչ-որ հակառակ բաների, ո՛չ, ես էդ մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում»,- ասաց Գրիգորյանը։

Վերջին ամիսներին բողոքի ակցիաներ անցկացնող ու իշխանափոխության պահանջներ հնչեցնող ազտամարտիկները մինչդեռ վստահ են, որ իրենց տեղը հենց փողոցում է՝ ժողովրդի կողքին։

Իշխանափոխություն պահանջող վետերաններն այսօր պաշտոնյաներից հետո առանձին խմբով բարձրացան Եռաբլուր։ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ով անցած տարեվերջին բռնության ենթարկվեց փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ հանդիպումից հետո, կտրուկ արձագանքեց գեներալ Մանվելի խոսքերին։

«Ամեն մեկս ազատամարտիկը տարբեր կերպ ենք պատկերացնում։ Իհարկե, մարդ կա, որին իշխանականը ավելի հաճելի է, էնտեղ ավելի տաքուկ է, ապահով է, ավելի քիչ խնդիրներ կան։ Իհարկե, ժողովրդի կողքին, փողոցում ավելի շատ խնդիրներ կան, ու մեր տեղն այնտեղ է, որտեղ ժողովուրդն է։ Ժողովուրդն էսօր փողոցում է, ոչ թե իշխանական կերակրատաշտի կողքին։ Երբ ժողովուրդն իր մասին մտածող իշխանություն կունենա, իհարկե, ազատամարտիկի տեղն էլ այստեղ՝ փողոցում չի լինի»,- «Ազատությանը» ասաց Պետրոսյանը։

Մեկ այլ ազատամարտիկ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նույնպես հակադարձեց գեներալ Մանվելին, ասաց՝ իրենք պայքարելու իրավունք ունեն, իսկ «ազատամարտիկն» էլ կոչում չէ, որ մի օր ստանան, մի էլ կորցնեն։

«1915 թվականին Եղեռնից կոտորվեցին, էսօր երկիրն է դատարկվում, տարբերությունը ո՞րն է։ Մենք սրա դեմ ենք պայքարում։ Մենք էդ իրավունքը ունենք, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչո՞ւ է ազատամարտիկը խառնվում քաղաքականությանը կամ ինչո՞ւ է փողոց դուրս եկել»,- ասաց Գասպարյանը։

Ըստ Ազատամարտիկների դաշինքի՝ Հայաստանը պետք է դիմակայի ներքին լուրջ մարտահրավերների, ստեղծի հավասարության ու արդարության մթնոլորտ ու արժանապատիվ կյանքի պայմաններ։ Արդեն տարիներ շարունակ այս խնդիրները չլուծող իշխանություններին նրանք առաջարկում են պարզապես հեռանալ։

«Միակ ճանապարհն իշխանափոխությունն է, ես ուրիշ ձև չեմ տեսնում, որովհետև երբ ժողովրդի կտրված է իշխանությունը, դու չես կարող երկիր ունենալ։ Իշխանությունը պիտի ծառայի ժողովրդին»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

«Մեծն Տիգրան» ջոկատի անդամ Թաթուլ Մաթևոսյանն ուշադրություն հրավիրեց երկրի սոցիալական ծանր վիճակի վրա՝ ավելացնելով, որ չի խնդրում լուծել ազատամարտիկների սոցիալական խնդիրները, այլ պահանջում է բարելավել բոլոր հայաստանցիների կյանքի պայմանները։

«Ես օրինակ դուրս եմ գալիս, ամբողջ տարին մնում եմ Ռուսաստանում, որ էդ ընտանիքը հավաքեմ իրար վրա։ Իրենք չեն տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում, ոչ մի բան էլ չեն անում։ Ասենք՝ ինձ լավ նայեցին, ես սկսեցի լավ ապրել, ես դա չեմ ուզում, որ մի քանի հոգի լավ ապրեն, մնացածն էլ՝ ոնց կլինի, սոված կմնան՝ ոչինչ, էրեխեն շոր չի ունենա դպրոց գնալու՝ ոչինչ»,- ասաց Մաթևոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG