Մատչելիության հղումներ

Նախկին դաշնակցականը հայտարարում է ճնշումների մասին


Դաշնակցությունը «զառանցանք» է որակում ճնշումների մասին պնդումները և հայտարարում, որ կուսակցությանը այս ամենում ներքաշելու՝ Հիմնադիր խորհրդարանի փորձերն անտեղի են։

Օրեր առաջ Դաշնակցության շարքերը լքած 24 լոռեցիներ ճնշումների են ենթարկվում «Հիմնադիր խորհրդարանին» միանալու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը՝ պնդելով, թե նախկին դաշնակցականներին են այցելում հանրապետական գյուղապետներ, ոստիկանության թաղայիններ և Ազգային անվտանգության ծառայողներ՝ հոգեբանական և այլ բնույթի ճնշումներ գործադրելով նրանց նկատմամբ:

Կուսակցության շարքերը լքած Արմեն Լամբարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրել ոստիկանության աշխատակիցները:

«Ես տանը չեմ եղել, որ ոստիկանները եկել են իմ տուն: Հետո հեռախոսով զանգահարել ու սկսել են հարցաքննել»,-պատմում է Լամբարյանը.- «Հիմնական հարց սա էր՝ ինչո՞ւ եք դուրս եկել, ինչո՞ւ եք միացել Հիմնադիր խորհրդարանին։ Ու որոշակի անկետային լրացումներ են արել՝ ընտանիքի կազմը, որտեղ եք աշխատել, ինչ եկամուտ ունենք և այլն։ Զանգահարողները թաղայիններն են եղել»։

Լամբարյանի խոսքով՝ իր արդեն նախկին կուսակից ընկերներին էլ գյուղապետերն են հարցաքննել, ոմանց՝ ոստիկանության, մյուսներին էլ՝ ԱԱԾ աշխատակիցները: Լամբարյանն անօրինական ինքնագործունեություն է որակում իրավապահ մարմինների ու հատկապես ՀՀԿ-ական գյուղապետերի այս գործունեությունը:

«Սա նման է հալածանքների։ Մարդը հանցագործ չէ, ընդամենը կուսակցությունից դուրս է եկել, բայց դա իրենց իրավասությունների շրջանակում չէ։ Գյուղապետը ինչի՞ համար է հետաքրքրվում... մարդու իրավունքն է, որտեղ կուզի՝ կմնա, որտեղից կուզի՝ դուրս կգա»,- ասում է Լամբարյանը։

Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը պնդում է, որ իրավապահ մարմինների ու գյուղապետերի հարցաքննություններն ու տվյալներ հավաքագրելու փորձերը այլ ենթատեքստ ունեն։ Ավետիսյանն ասում է՝ «փորձում են վախեցնել նրանց, որ չանցնեն մեր շարքերը»։

«Մարդկանց հարցեր են տալիս՝ ակնարկելով նրանց խոցելի տեղերը, որ կարող են երեխային կամ իրեն աշխատանքից ազատել, սեփականությունից զրկել,բիզնեսը խլել և այլն»,- ասում է Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը։

Ավետիսյանը վստահ է, որ այժմ իշխանության հետ համագործակցող Դաշնակցությունը քաջատեղյակ է՝ ինչ է կատարվում իր նախկին կուսակիցների հետ:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, զառանցանք համարելով այս պնդումը, նշում է որ կուսակցության շարքերը լքածներից միայն երկուսն են Դաշնակցության անդամ եղել:

«Ես չեմ ցանկանում որևէ հայտարարություն մեկաբանել»,- «Ազատությանը» փոխանցեց Վարդանյանը՝ հավելելով, թե Դաշնակցությանն այս ամենում ներքաշելու՝ Հիմնադիր խորհրդարանի փորձերն անտեղի են.- «Ես հասկանում են, թե նրանց վրա ինչպես են ազդել կոնկրետ մարդիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամները ինչ են արել... իմ խորհուրդը կլինի այդ մարդկանց, որոնք այլևս դաշնակցական չեն, կամավոր և հրապարակային հայտարարել են, որ դուրս են գալիս, թող վայելեն Հիմնադիր խորհրդարանի անդամակցությունը, և եթե կոնկրետ իրենց հանդեպ որևէ ճնշում կա, այդ մասին բարձրաձայնեն, անուններ նշեն և չփորձեն Դաշնակցությանը ներքաշել իրենց խաղերի մեջ։ Դաշնակցությունը դրա հետ որևէ կապ չունի»։

Դաշնակցության շարքերը լքած ու Հիմնադիր խորհրդարանին միացած Արմեն Լամբարյանը չի պատրաստվում ոստիկանություն դիմել՝ նշելով, որ իրեն անօրինական հարցաքննողները հենց ոստիկանության աշխատակիցներն են եղել:

Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն էլ պնդում է, որ իրենց հայտարարությունն արդեն հաղորդում է հանցագործության մասին.- «Թող ոստիկանությունը զբաղվի դրանով, թեպետ քիչ հավանական եմ համարում դա»,- «Ազատությանը» ասաց նա։

XS
SM
MD
LG