Մատչելիության հղումներ

Freedom House. Հայաստանը մասամբ ազատ պետություն է


«Ազատությունն աշխարհում» քարտեզը ըստ Freedom House-ի 2015-ի զեկույցի

«Ազատությունն աշխարհում» քարտեզը ըստ Freedom House-ի 2015-ի զեկույցի

Ըստ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ մասամբ ազատ է նաև Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանն ու Ռուսաստանը ոչ ազատ պետությունների խմբում են:

Աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Freedom House-ը այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում կրկին արձանագրում է` «Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է մնալ մասամբ ազատ պետությունների խմբում»:

Freedom House-ի փորձագետները աշխարհի 195 պետություններում և 15 չճանաչված տարածքներում ազատությունների վիճակը գնահատել են 7-բալլանոց համակարգով. որքան ավելի բարձր է երկրի ստացած միավորը, այնքան իրադրությունն այդ պետությունում ավելի խնդրահարույց է: Հայաստանն այս առումով միջանկյալ միավորներ ունեցող պետությունների թվում է՝ քաղաքական համակարգի ազատությունը Freedom House-ը գնահատում է 5, իսկ քաղաքացիական ազատություններինը` 4 միավոր:

Freedom House-ը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ազատությունների վիճակին` չճանաչված հանրապետությունը ևս դասելով մասամբ ազատների շարքին: Այստեղ թե՛ քաղաքական համակարգի և թե՛ քաղաքացիական ազատությունների մակարդակը ամերիկացի իրավապաշտպանները գնահատել են 5-ական միավոր:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ միասին Freedom House-ի զեկույցի համաձայն մասամբ ազատ պետությունների խմբում են հայտնվել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ստորագրած Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, ինչպես նաև մայիսից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Ղրղըզստանը:

Ամերիկացի իրավապաշտպանների գնահատմամբ՝ տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարումների հետ կապված առավել մտահոգիչ իրադրությունը ստեղծվել է Ադրբեջանում, որը դասվել է ոչ ազատ պետությունների թվին:

«Քանի դեռ աշխարհի վատթարագույն մի քանի բռնապետությունները պարբերաբար հայտնվում են համաշխարհային մամուլի առաջին էջերում, մյուները կարծես որոշակիորեն անտեսված լինեն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվեց իր պաշտոնում՝ ջախջախիչ հաղթանակ արձանագրելով ձերբակալությունների ու տարատեսակ սահմանափակումների հետևանքով թուլացած ընդդիմության հանդեպ», - գրում են Freedom House-ի փորձագետները` նկատելով, որ պաշտոնական Բաքվին, այնուհանդերձ, հաջողվում է խուսափել միջազգային հանրության կոշտ արձագանքից․ - «Չնայած Ադրբեջանում թե՛ քաղաքական համակարգի և թե՛ քաղաքացիական ազատությունների մակարդակը տարեցտարի նվազում է, Ադրբեջանին հաջողվում է խուսափել ժողովրդավարական հանրության կողմից անագանքի սյունին գամվելու հեռանկարից»: Պատճառները, ըստ Freedom House-ի մասնագետների, շատ պարզ են՝ «երկրի էներգետիկ հարստությունն ու անվտանգության ոլորտում [Արևմուտքի հետ ծավալած] համագործակցությունը»:

Անդրադառնալով անցած տարի Ադրբեջանում արձանագրված զարգացումներին՝ զեկույցի հեղինակները գրում են․ - «2014-ին Ադրբեջանի կառավարությունը վերսկսեց ընդդիմախոսների դեմ ճնշումները` ֆիզիկական բռնությունների, կամայական ձերբակալությունների և քրեական հետապնդումների թիրախ դարձնելով թե՛ ավանդական լրատվամիջոցների և թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»:

Հայաստանի արևմտյան հարևանը` Թուրքիան, թեև դասվել է մասամբ ազատ պետությունների թվին, բայց և այնպես, Freedom House-ի կազմած զեկույցի հեղինակների համոզմամբ, 2014 թվականի գլխավոր հետնապահներից մեկն էր:

«Տարվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ամրապնդեց իր իշխանությունը` միաժամանակ նախահարձակ արշավ ծավալելով ժողովրդավարական բազմակարծության դրսևորումների դեմ: Նա բացահայտորեն պահանջում էր, որ լրատվամիջոցների սեփականատերերը սահմանափակեն իշխանությանը քննադատող նյութերի ծավալը կամ աշխատանքից հեռացնեն առավել քննադատաբար տրամադրված լրագրողներին», - գրում են Freedom House-ի մասնագետները` Էրդողանին նաև Թուրքիայի հիմնական օրենքի կոպիտ ոտնահարման մեղադրանքներ ուղղելով․ - «Վարչապետի պաշտոնից տեղափոխվելով նախագահի աթոռին` Էրդողանը ստվերային կառավարություն ձևավորեց, որը թույլ է տալիս նրան երկիրը ղեկավարել ուղղակիորեն նախագահի նստավայրից` շրջանցելով սահմանադրական նորմերը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Freedom House-ի մասնագետները կոշտ գնահատականների մի իսկական տարափ են ուղղում այդ երկրի ղեկավարներին` Ռուսաստանի Դաշնությունը դասելով ոչ ազատ պետությունների թվին: Freedom House-ի փորձագետների որդեգրած նման դիրքորոշման պատճառները երկուսն են` Ռուսաստանի ներսում այլախոհների դեմ չդադարող ճնշումները և պաշտոնական Մոսկվայի ուկրաինական քաղաքականությունը:

«Անցած տարի նախանշաններ ի հայտ եկան, որոնց համաձայն՝ ավտորիտար վարչակարգերը սկսել են հրաժարվել կեղծ ժողովրդավարության այն ծխածածկույթից, որ նրանց թույլ էր տալիս գոյատևել և բարգավաճել Սառը պատերազմի ավարտին հաջորդած ժամանակաշրջանում: Ամենավառ օրինակը Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա, որի պաշտոնական արդարացումների հիմքում էթնիկ ազգայնականությունն ու անջատական պահանջներն են: Այս ամենը հիշեցնում է Ստալինի և Հիտլերի կողմից ժամանակին իրականացված տարածքային նվաճումները, ինչը թույլ է տալիս Մոսկվային դիտարկել ոչ թե որպես հնարավոր ռազմավարական գործընկեր, այլ եվրոպական ժողովրդավարության և խաղաղության թշնամի», - նշում են զեկույցի հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG