Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանապետը հերքում է Պերմյակովին հանձնելու պահանջի մասին իր տեղակալի հայտարարությունը


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքում է, որ իր տեղակալ Հունան Պողոսյանը դիմել է ռուսական 102-րդ ռազմակայանին՝ Պերմյակովին հանձնելու պահանջով:

Այսօր Եռաբլուր պանթեոնում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի գեներալ-լեյտենանտ Պողոսյանի երկու օր առաջ արած հայտարարությանը, որ կասկածյալ Պերմյակովի ձերբակալությունից հետո ինքը ռուսական զորամասից պահանջել է նրան հանձնել հայկական կողմին, բայց հաջողության չի հասել, Վլադիմիր Գասպարյանն ասաց.- «Իմ տեղակալը տենց բան չի ասել։ Հիմա իրավաբանական կոնսուլտացիա եք ուզում, դրա ժամանակը չի, դրա մասին տասնյակ անգամ խոսել են և գլխավոր դատախազը, և քննչական կոմիտեն, և ես։ Եթե մենք էս պրոցեսի ժամանակ ենթադրություններով ենք խոսում, մենք ինքներս ինչ-որ բան մի խառնում ենք՝ չհասկանալով դա»։

Մինչդեռ Գյումրիում իրավապահների գործողությունները համակարգող Հունան Պողոսյանը դեպքից կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ ռուսական կողմը հակված էր Պերմյակովին հանձնել հայկական կողմին, իսկ երկու օր առաջ էլ նոր մանրամասներ հայտնեց.- «Պահանջել ենք, բայց դա իմ պահանջով բավարարվող հարց չէր, բոլորդ էլ գիտեք, որ իրավական հարթության մեջ, քրեադատավարական ընթացակարգերով լուծվող հարցեր են՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող պայմանագրերի, համաձայնագրերի շրջանում», - ասել էր Պողոսյանը։

Վլադիմիր Գասպարյանն այսօր լրագրողներին ասաց.- «Իսկ ո՞վ է ասել, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է ձեզ հաշվետու լինի»։

Անդրադառնալով գլխավոր դատախազի հայտարարությանը, որ ռուս սահմանապահները պետք է Պերմյակովին հանձնեին հայ իրավապահներին, Գասպարյանն ասաց.- «Իհարկե, կա այդպիսի բան, բայց այդպիսի բաները պետք է հիմնավորումներով լինեն։ Կա օրենքի պահանջ, թողեք զբաղվենք»։

Հարցին, թե ինչո՞ւ են Գյումրիի ցուցարարները կանչվում ոստիկանություն, Գասպարյանն արձագանքեց.- «Շատ ճիշտ է, որ Գյումրիի ցուցարարները կանչվում են ոստիկանություն։ Չի լինում էդպես, որ ինչ-որ մարդիկ կարող են տրամադրել մյուսներին նման երևույթների, և կազմակերպիչները անպատիժ մնան։ Կազմակերպիչները, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել և խառնել իրավիճակը, այդ պատասխանատուները պետք է գտնվեն և պատժվեն։ Եվ մենք կանչում ենք ընդամենը, որպեսզի կազմակերպիչներին ի հայտ բերենք։ Իսկ կազմակերպիչները քրեական պատաստխանատվության պետք է ենթարկվեն»։

«Լևոն Երանոսյանը, իհարկե, տեղավորվում է ոստիկանի համազգեստի մեջ»

Գյումրիի դեպքերից առաջ հանրության ուշադրության կենտրոնում էր ոստիկանապետի մեկ այլ տեղակալը՝ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ով դեկտեմբերին ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի ու Ռազմիկ Պետրոսյանի ծեծից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստացել էր Հանրապետության նախագահի հասցեին որևէ բան ասողի «ականջները կտրել շան թուլի պես»:

Այդ խոսքերի համար Վլադիմիր Գասպարյանը նկատողություն հայտարարեց նրան, սակայն նկատողությունից ընդամենը օրեր անց Լևոն Երանոսյանը էլ ավելի ցնցող հայտարարություն արեց։ «Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որևիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր նա։

Հարցին, թե փոխոստիկանապետ Երանոսյանը համապատասխանո՞ւմ է ոստիկանության չափանիշներին, նրա ղեկավար Վլադիմիր Գասպարյանը պնդեց.- «Իհարկե, տեղավորվում է»։

Վեհափառ․ «Մեր եկեղեցին իր առաքելությունն իրականացրել է Գյումրիում»

Այսօր Եռաբլուրում էր նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Վեհափառին խնդրեցինք արձագանքել եկեղեցու հասցեին հնչող քննադատությանը, թե ինչո՞ւ հոգևոր իշխանությունը ավելի քան մեկ շաբաթ լռեց Գյումրիի ողբերգությունից հետո։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցական խոսքն ուղղեց ողբերգությունից միայն ութ օր անց, երբ արդեն ցավակցել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր եկեղեցին իր առաքելությունը իրականացրել է այնտեղ, բայց ավելի մանրամասն զրույցի համար հաճեցեք դիմել մեր լրատվական ծառայությանը»,- հորդորեց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

XS
SM
MD
LG