Մատչելիության հղումներ

Վերնիսաժի կրակոցների գործով վկաները դատարանում պատմեցին միջադեպի մասին


Չորս վկաներ այսօր դատարանում պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել անցած տարի մայիսի 17-ին Վերնիսաժի այգում, որտեղ կրակոցների պատճառով մի քանի մարդ հայտնվեց հիվանդանոցում:

Վկաներից երկուսը վաճառականներ էին, որոնք հիմնականում շատ բան չէին հիշում՝ պնդելով, թե այդ պահին իրենց առևտրով են զբաղված եղել: Թոշակառու Սեդրակ Գյուլումյանը ասաց, որ վախի մթնոլորտ էր, և այդ պահին փորձել են պարզապես ինքնապաշտպանվել:

Առավել ուշագրավ էին մյուս երկու ականատեսների վկայությունները։ Համաձայն նախաքննության ժամանակ տված ցուցմունքների՝ նրանք տեսել են, թե ինչպես է սկսել վիճաբանությունը ամբաստանյալներ Գոռ Առաքելյանի, Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի միջև:

Առաջադրված մեղադրանքի համաձայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը ավտոմեքենան կայանելու շուրջ վիճել են Գոռ Առաքելյանի հետ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք հայհոյել են Առաքելյանին, ինչպես նաև հարվածել նրան: Ամբաստանյալ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և դեպքի օրը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով այն գործի դնելու համար:

Վկաներից մեկը՝ շենքի անվտանգության աշխատակից Վարդան Զոհրաբյանն այսօր դատարանին պատմեց, որ արյունալի հետևանքներով միջադեպի պատճառ է դարձել սպիտակ BMW X6 մակնիշի ավտոմեքենան, որը փակել է Գոռ Առաքելյանի ճանապարհը, երբ վերջինս փորձել է դուրս գալ ավտոկայանատեղից:

Մեղադրող կողմի հարցերին պատասխանելիս՝ վկան պատմեց, որ մոտ կես ժամ BMW -ի վարորդին փնտրելուց հետո գործընկերն ու ավտոկայանատեղի պահակը գտել են Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին: Րոպեներ անց արդեն լսվել է աղմուկ, գոռգոռոց:

«Խոսակցությունից էդպես էի հասկանում, որ մեքենայի մեջ մարդ կա, որովհետև ասում էր՝ կնոջս ու երեխուս բարձրացներ վերև, գամ։ Երկու անգամ փորձեց նստել, էլի իրեն իջեցրին մեքենայից, ու վեճը շարունակվում էր։ Խփում էին իրար։ Հետո լավ չեմ հիշում, նստեց, դուրս եկավ ու զենքով կրակոց եղավ։ Զենքը Գոռ Առաքելյանի ձեռքն էր: Կրակեց նրանցից մեկի ուղղությամբ»,- պատմեց վկան։

Վկան լսել է 4-5 կրակոց և հետո տեսել, թե ինչպես է BMW ավտոմեքենայի տերը փախչում Վերնիսաժի ուղղությամբ: Ըստ ականատեսի՝ Գոռ Առաքելյանը այդ ժամանակ մտել է շենք, նրա ետևից էլ վազել է վիճաբանող երիտասարդներից մեկը: Հենց այդ ժամանակ էլ վկան ևս երկու կրակոց է լսել՝ արդեն շենքի ներսից: Պատասխանելով դատավորի հարցին՝ վկան նշեց, որ չի տեսել՝ արդյոք Գոռ Առաքելյանի կրակոցից են վիրավորվել վիճաբանողները:

Դատարանում կրքերը բորբոքվեցին, երբ հարցաքննվում էր ավտոկայանատեղի պահակ Էդվարդ Սեդրակյանը: Նա ճանաչեց վիճաբանողներին և դատարանին պատմեց, որ փորձել է միջամտել, երբ տեսել է, թե ինչպես է Վալերիկ Հովհաննիսյանը հարվածում Գոռ Առաքելյանին, իսկ Ներսես Մելքոնյանը Առաքելյանի հեռախոսահամարը պահանջում: Այս խոսքերը վրդովեցին Հովհանիսյանի մորը, ով վկային մեղադրեց ստախոսության մեջ: Դատավոր Գագիկ Պողոսյանը դուրս հրավիրեց նրան դահլիճից:

Դատավարության ընթացքում դեռ պետք է հարցաքննվեն ևս չորս վկաներ: Այսօր դատական նիստը հետաձգվեց վերջիններիս նիստին չներկայանալու պատճառվ:

XS
SM
MD
LG