Մատչելիության հղումներ

«Մարիուպոլի հրթիռակոծությունը միջազգային օրենքի խախտում է»


Ուկրաինայի արևելյան շրջաններում մարտական գործողությունները շարունակվում են
please wait

No media source currently available

0:00 0:02:11 0:00

Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։

Ուկրաինայի արևելյան շրջաններում մարտական գործողությունները շարունակվում են, մինչդեռ միջազգային խոշոր կառույցները միանշանակ պնդում են, որ Մարիուպոլի հրթիռակոծության պատասխանատվությունը կրում են ռուս անջատականները:

Նախ ԵԱՀԿ-ի, ապա նաև ՄԱԿ-ի փորձագետները հայտնել են, որ հրթիռներն արձակվել են ռուս անջատականների կողմից հսկվող տարածքներից։ Հունվարի 24-ի այդ գրոհի հետևանքով զոհվել են 30 խաղաղ մարիուպոլցիներ, ևս 90 բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Հարցը մեկնաբանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը։

«Մարիուպոլը գտնվում է բուն հակամարտության գոտու սահմաններից դուրս, հետևաբար ավանի հրթիռակոծությունը նախաձեռնած ստորաբաժանումը գիտեր, որ թիրախը քաղաքացիական բնակչությունն է։ Ուստի սա միջազգային մարդասիրական օրենքի խախտում է: Մեր ուղերձը հստակ է` մեղավորներին հարկ է բացահայտել և պատասխանատվության կանչել», - երեկ ՄԱԿ-ում ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Այդ թեմային է անդրադարձել նաև ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը՝ ասելով․ - «Դժբախտաբար, մենք նորից ենք հավաքվել այստեղ, քանի որ Ռուսաստանը և անջատականները հերթական անգամ խախտել են իրենց պարտավորությունները։ Թիրախները նոր են, բայց նպատակը նույնն է` խլել ավելի շատ տարածք և Ուկրաինայում է՛լ ավելի առաջ տանել ռուս անջատականների հսկողության տակ գտնվող շրջանների սահմանը»։

Ուկրաինայի բանակի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովն այսօր հաղորդել է, որ անցած 24 ժամում սպանվել է ուկրաինացի 9-ը զինծառայող, ևս 29-ը տեղափոխվել է հոսպիտալներ։

Ինչպեսև երեկ, այսօր էլ առավել թեժ մարտեր են Դեբալցևո ավանի մոտակայքում: Բանն այն է, որ ավանն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ գտնվում է Դոնեցկը և Լուգանսկո կապող ճանապարհին։

Հինգշաբթի օրը Եվրամիության արտգործնախարարները քննարկելու են Ուկրաինայի հարցը։ Եվրոպական միության ղեկավարներն արդեն խնդրել են արտգործնախարարներին քննարկել Ռուսաստանի նկատմամբ նոր` ավելի խիստ պատժամիջոցների հնարավորությունը։

«Փաստերը վկայում են, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել անջատականներին, ինչն ընդգծում է Ռուսաստանի պատասխանատվությունը», - ասվում է Եվրամիության ղեկավարների տարածած համատեղ հատրարարությունում։

28 պետություններից կազմված Եվրամիությունը Մոսկվային կոչ է անում դատապարտել անջատականների գործողությունները և պահանջել, որ նրանք կատարեն անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Մինսկում ստանձնած պարտավորությունները։

Ռուսաստանը վիճակի վատթարացման համար ուկրաինացիներին է մեղադրում։ Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Կիևը «փորձում է ուժով հնազանդեցնել Դոնբասը»։

Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան, այսօր քվեարկությամբ ընդունել է հայտարարություն, որով Ռուսաստանը ճանաչվել է «ագրեսոր-պետություն», իսկ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները` «ահաբեկչական կազմակերպություններ»։

Ըստ փորձագետների, Գերագույն ռադայի հայտարարությունը հետագայում Կիևին կտա հարցը միջազգային դատարան հասցնելու հնարավորություն։ Ուկրաինայի խորհրդարանը նաև դիմել է միջազգային համայնքին` երկրի զինված ուժերին լրացուցիչ ոչ մարտական զինատեսակներով աջակցելու և Ռուսաստանի նկատմամբ նոր պատւժամիջոցներ սահմանելու կոչով։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գեորգի Կարասինը Գերագույն ռադայի հայտարարությունն անվանել է «անիմաստ և անպատասխանատու որոշում, որի նպատակն է խափանել հակամարտության կարգավորումը»։

Անցյալ տարվա ապրիլից սկսված ռուս-ուկրաինական մարտական բախումներում սպանվել է ավելի քան 5 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG